Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
«Մենք` ներքոստորագրյալներս, երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, դիմում ենք հասարակությանը, իշխանությանն ու ընդդիմությանը:
Այլևս անհերքելի փաստ է, որ երկրում կուտակվել են համակարգային հիմնախնդիրներ, որոնց լուծումը պետք է վաղուց սկսված լիներ: Անհետաձգելի պահանջ է դարձել կառավարման այնպիսի համակարգի ձևավորումը, ուր ազգի ստեղծագործական ներուժը պահանջված կլինի սեփական հայրենիքում, ուր կբացառվեն օլիգարխական մենաշնորհային դրսևորումները, կոռուպցիան, ստվերը, սոցիալական բևեռացումը, հասարակության տարանջատումը յուրայինների և օտարների, իրավական համակարգի անարդարությունները և բազմաթիվ նման երևույթներ:
Հանրահայտ է, որ հասարակության դժգոհության ու վրդովմունքի հարուցողը երկրի տնտեսական և հոգևոր-գաղափարական զարգացման ռազմավարության բացակայությունն է, որով էլ պայմանավորված է արտագաղթի, աղքատության և համընդանուր հուսալքության աննախադեպ աճը և հիմնախնդիրների ևս մի ամբողջ շարք: Սակայն, ներկայիս աշխարհաքաղաքական վտանգավոր մարտահրավերների պայմաններում, երբ հայության ուշադրությունը կենտրոնացած պետք է լինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, երկրում զարգանում է ոչ քաղաքական գործընթաց, ինչը հասարակությանը հասցնում է անորոշության անդունդի եզրին, որտեղ առկա են միայն ազգային արժանապատվության ոտնահարում, ազգային դիմազրկում և այլ վտանգավոր երևույթներ:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ ավանդույթ ունի ներքին տարաձայնությունները լուծելու առանց հարևանների միջամտության՝ կարևորելով ընտանիքի ամբողջական և ոչ թե անհատական շահերը: Անկախ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից, մենք կողմ կլինեինք երկրի Նախագահի այն տեսակետին, որ անհրաժեշտ է մաքրել քաղաքական դաշտը ոչ քաղաքական գերաճուկներից՝ վերացնելով նաև օլիգարխական համակարգը, ինչին կնպաստեին սահմանադրական բարեփոխումները, եթե այդ պահանջը վերաբերվեր բոլոր կողմերին և հատկապես` իշխող թիմին:
Կարծում ենք՝ իշխանությունը չպետք է իրեն բավարարված զգա միայն ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մեղմացմամբ, քաղաքական դաշտից այս կամ այն գործչի հեռացմամբ կամ բարձրագույն պաշտոնների հավակնության կանխումով:
Մենք համոզված ենք, որ հասարակության բացարձակ մեծամասնությունը համակարծիք է, որ այս գործընթացը մեզ անհրաժեշտ է հանուն այն Հայաստանի կայացման, որի մասին երազում է ամեն մի հայ:
Հետևաբար, պահանջում և ակնկալում ենք ՀՀ նախագահի կողմից մատնանշված մոտեցումը միջանձնային հարաբերությունների դաշտից վերջապես տեղափոխել պետականաշինության ոլորտ և գործել առավել անաչառ և օբյեկտիվ: Միայն այն դեպքում, երբ այդ պահանջներին ենթարկվեն նաև բոլոր «յուրայինները», հասարակությունը կպաշտպանի հայտարարված գործընթացը, որը մեր կարծիքով պետք է գարնան հորդառատ հեղեղի պես մաքրի տարիներ շարունակ կուտակված աղբը ու ոչ մի դեպքում չդառնա մեկ գործողությամբ ներկայացում, որի վարագույրը դեռ չբացված կփակվի` վերջնականապես տապալելով տիրող կարգերի առողջացման բոլոր հույսերը:
Համոզված ենք նաև, որ այս հակամարտությունը ինչով էլ որ ավարտվի, կարթնացնի հասարակության այն կարող խավը, որն իր հավատով և կամքով այլևս չի նահանջի և ի զորու կլինի դառնալու իրական Հայաստանի կերտողն ու կառուցողը:
1. ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ (Բանասիրական գիտությունների թեկնածու)
2. ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ (Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
3. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ (Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
4. ՖԵՐԴԻՆԱՆԴ ԱՌԱՔԵԼՅԱՆ (Քանդակագործ)
5. ԲԵՆԻԱՄԻՆ ՄԻՐԶՈՅԱՆ (Պրոֆեսոր, Հայրենական Մեծ պատերազմի վետերան)
6. ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ (Պատմաբան-քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտ. ակադեմիայի անդամ, պրոֆեսոր)
7. ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆ (Լրագրող, հաղորդավար)
8. ՌՈՒԲԵՆ ԲԱՐԵՆՑ (Երևանի աշխարհաքաղաքական ակումբ)
9. ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆ (Երևանի աշխարհաքաղաքական ակումբ)
10. ՋՈՒԼԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ («Ավանգարդ-մեդիա» ՀԿ)
11. ԺԱՍՄԻՆԱ ՂԵՎՈՆԴՅԱՆ («Ներուժ» ՀԿ նախագահ)
12. ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ (Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Քաղաքակրթությունների երկխոսություն» ազգային կենտրոն ՀԿ ղեկավար)
Նախաձեռնող խմբի հանձնարարությամբ՝ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայություն
Երևան, 19.02.2015թ.»: