Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ մեր երկրում սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն հնարավոր չէ իրականացնել: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն ու փետրվարի 20-ի հանրահավաքը հետաձգելուն՝ այս մասին նշեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: Նրա խոսքով, մեր երկիրը գտնվում է մի խումբ ավազակների, հանցագործների ձեռքում:
«Իրենք պատրաստ են իշխանական ապօրինի մեքենան օգտագործել այն մարդու դեմ, ում ժամանակին ասում էին՝ մեր թագավորն ես, հիմա հանկարծ էսօր ասեցին, որ նա անգրագետ է: Սա ևս մեկ անգամ ահազանգ է, որ մեր երկրի ղեկավարությունը բացարձակ հանցախումբ է», – ընդգծեց նա:
Ս. Սարգսյանը նշեց, թե չի ցանկանում և չի էլ պատրաստվում մեղադրել Գագիկ Ծառուկյանին, քանի որ ամեն մարդ ինքը գիտի իր անելիքը: «Մի բան կարող եմ ասել` թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ մյուս քաղաքական կուսակցությունները, ովքեր այս պահին ընդդիմություն են ներկայացնում, պարտավոր են հայտարարել, որ Հայաստանում սահմանադրական ճանապարհը տարել է փակուղի, չկա: Հայաստանի իշխանությունը հանցախմբի ձեռքում է: Հայտարարեն բարձրաձայն`ի լուր աշխարհի: Էն կուսկացությունը, որն այսօր կասի՝ գիտեք` հնարավոր է ինչ-որ բան անել, նա պարզապես խաբում է ժողովրդին», – նշեց նա:
Ազատամարտիկի խոսքով, իշխանությունները շարժվում են` «մերն ես` լավն ես, մեր ախպերն ես, մերը չես` տգետ ես, չես լսում` հանցագործ ես, կարանք բռնենք, կարանք տունդ գանք» սկզբունքով: Մեր այն դիտարկմանը, թե ժողովուրդն այս ամենի պատճառով ևս մեկ անգամ հիասթափություն ապրեց, ազատամարտիկը հայտարարեց, թե ժողովուրդը չի հիասթափվում:
«Չեմ կարծում, որ ժողովուրդը հիասթափվեց, սպասում է, թե երբ ենք մենք մեզնից վեր բարձրանալու: Ժողովուրդը չի հիասթափվում: Իհարկե, մեծ ցավ է, որ Գագիկ Ծառուկյանը որպես կուսակցության ղեկավար գնաց մեղմ ճանապարհով: Մեղմ ճանապարհով հնարավոր չէ Հայաստանում իշխանություն փոխել և ժողովրդի վիճակը բարելավել», – հավելեց նա:
Նշենք, որ շատերը Համաժողովրդական շարժման առաջնորդ համարում էին հենց Գագիկ Ծառուկյանին, սակայն Սուրեն Սարգսյանը նշեց, որ «Եռյակ»-ի առաջնորդներից ոչ մեկն էլ ընդհանուր հաշվով առաջնորդ չէ: «Ո՞վ ասեց, որ համարվում էր շարժման առաջնորդը: Համենայնդեպս, ինձ համար Գագիկ Ծառուկյանը դա եռյակի անդամներից մեկն էր, և նրանցից ոչ մեկ ընդհանուր հաշվով առաջնորդ չէ: Նրանք բոլորն էլ կուսակցության ղեկավարներ են: Ի՞նչ առաջնորդ, առաջնորդին կընտրեր ժողովուրդը»:
Մեր այն հարցին, թե այժմ ինչպես է պատկերացնում հետագա պայքարն առանց ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի, Սուրեն Սարգսյանը նշեց.«88-ին մենք ո՛չ Ծառուկյան ունեինք, ո՛չ ԲՀԿ, կար գաղափար, որ մեր երկիրը վտանգված է, և մենք այդ վտանգից փրկեցինք: Էականն անձերը չեն: Լավ կլինի, որ լինեն ազնիվ, շիտակ ու կարողանան մինչև վերջ գնալ, բայց երբ գործ ունես հանցագործների հետ, նրանց հետ չի կարելի խոսել օրենսդրությամբ»: