Ըստ ՀՀԿ-ականի` Սերժ Սարգսյանը ժամանակին միջամտեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե ՀՀԿ-ն այս փուլում «հաղթել» է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Ըստ պատգամավորի՝ մի փուլ էր հասունացել, երբ անհրաժետ էր Սերժ Սարգսյանի միջամտությունը, որն էլ եղավ ժամանակին:

-Պարո՛ն Հարությունյան, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «մենամարտում» կարելի է արձանագրել, որ հաղթող կողմը ՀՀԿ-ն է, ինչպե՞ս եք Ձեզ զգում հաղթողի կարգավիճակում: Ի վերջո, այս պայքարում հաղթանակ եղա՞վ, թե՞ ոչ:

-Ես Ձեր հարցի իմաստն ուղղակի չեմ հասկանում, այդ ի՞նչ պատերազմ էր, որ հաղթանակ տանենք կամ պարտվենք: Սովորական քաղաքական գործընթացներ են, ես այդտեղ պատերազմի նախանշաններ չեմ տեսնում, սովորական քաղաքական գործընթացներ են, որոնք մեր քաղաքական կյանքում միշտ էլ եղել են:

-Բայց նման սրացում երբեւէ չէր եղել Գ. Ծառուկյանի եւ Ս. Սարգսյանի միջեւ, չեք կարծո՞ւմ, որ դա իսկական «սառը» պատերազմի էր վերածվել:

-Իսկ ինչ պարտադիր է, որ քաղաքական զարգացումներն իրար նման լինեն, դրանք ընդհանրապես ունենում են իրենց առանձնահատկությունները:

-Ամեն դեպքում, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «բարիշելով»՝ ինչ-որ փոխզիջումների են գնացել, դա ակնհայտ դարձավ նաեւ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունից ու փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելուց:

Սրանք, ըստ էության, ԲՀԿ-ի զիջումներն են, իսկ ի՞նչ է զիջել Սերժ Սարգսյանը:

-Եթե ինչ-որ մեկը սխալ է լինում ու մի քայլ հետ է գնում, դա ո՛չ պարտություն է, ո՛չ էլ նահանջ է: Ուղղակի իրավիճակի սրացումից խուսափել է նշանակում, որը ո՛չ մեզ է պետք, ո՛չ ԲՀԿ-ին, ո՛չ էլ մեր երկրին ու ժողովրդին: Ես կարծում եմ, որ նախագահի միջամտությունը շատ դրական արդյունք ունեցավ, եւ միանգամայն տեղին, ժամանակին էր հանրապետության նախագահի միջամտությունը:

-Իսկ այդ դեպքում ինչպե՞ս են իրենց զգում այն ՀՀԿ-ականները, որոնք այս օրերի ընթացքում հիշել էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մականունը, արդյո՞ք Սերժ Սարգսյանը կրկին արգելել է նրան «Դոդի Գագո» ասել:

-Դուք նրանց էլ գիտեք, նրանց հեռախոսի համարներն էլ գիտեք, տեղն էլ գիտեք, ուղիղ դիմեք իրենց, թող իրենք էլ պատասխանեն, ես պարտավոր չեմ ուրիշների փոխարեն պատասխանել:

-Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի վերջին նիստի ժամանակ հայտարարել էր նաեւ, որ պետք է ստուգել Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր ընկերությունները` պարզելու վերջինիս` հարկերից խուսափլու մասին «օդում կախված» լուրերի իսկությունը: Մի՞թե այս հաշտեցումից հետո մոռացվելու է նաեւ այդ ամենը:

-Նախագահի հայտարարությունը բազմիցս քննարկվել է, դրան տրվել է համապատասխան բացատրություն, ես ավելացնելու ոչինչ չունեմ: Դա իմ իրավասությունից դուրս հարց է, ես ի՞նչ գիտեմ՝ ստուգումներ կլինեն, չեն լինի, ստուգումները միշտ էլ լինում են տնտեսվարող սուբյեկտներում:

-Պարո՛ն Հարությունյան, Սերժ Սարգսյանին հաջողվեց քաղաքական դաշտից «դուրս մղել» Գագիկ Ծառուկյանին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Կարելի է ասել, որ ՀՀԿ-ն հաջողությամբ «մաքրեց» իր ճանապարհն այդ խոչընդոտից: Հաջորդն ո՞վ է, ո՞ր ուժն է այսուհետ լինելու ՀՀԿ-ի համար հիմնական թիրախը:

-Ես պրովոկացիոն հարցերին չեմ պատասխանում: Դուք ասում եք ԱՅՆ, ԻՆՉԸ ՉԿԱ: Այսօր ԲՀԿ-ն կա, Գագիկ Ծառուկյանը կա, ոչ մեկը քաղաքական դաշտից իրեն չի հանել: Ոչ մեկն էլ հերթ չունի, քաղաքական ուժերը պետք է քաղաքական դաշտում ընդունեն խաղի այն կանոնները, որոնք ընդհանրապես քաղաքական կյանքի տրամաբանությունն է պահանջում, եթե այդ տրամաբանությունից դուրս են գալիս, ապա երկրի նախագահը, հաշվի առնելով դրա վտանգավորության չափը, իր միջամտությունն է անպայման անում:

Այսօր ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը կա, այսօր Գագիկ Ծառուկյանն այդ կուսակցության նախագահն է: Ես ասում եմ այն, ինչը կա, ես երեկվա քաղաքական գործիչը չեմ, որ ինձ նման պրովոկացիոն հարցեր եք տալիս: Ինքը չի ասել, որ ես դուրս եմ գալիս քաղաքականությունից, ես նրա հայտարարությունը կարդացել եմ ու նման նախադասության այնտեղ չեմ հանդիպել: Հետո էլ դա իր իրավունքն է՝ կուզի, կմնա, եթե չէ, դուրս կգա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս