«Ռուսական կապիտալն իրեն Հայաստանում հարմարավետ է զգում»,-երեկ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը: Նա իհարկե իրավացի է, պարզապես հարմարավետ ասվածը շատ մեղմ է: Իրականում ռուսական կապիտալը ՀՀ-ում ոչ թե իրեն հարմարավետ, այլ ամենազոր ու ամենաթող է զգում: Նրա առջեւ ՀՀ-ում ամենուր կանաչ լույս է վառվում, եւ ռուսական ընկերությունների՝ երբեմն լկտիության հասնող պահվածքը ոչ միայն որեւէ կերպ չի չափավորվում ՀՀ-ի առայժմ գոնե ֆորմալ առումով ինքնիշխան համարվող պետական մարմինների կողմից, այլեւ դեռ մի բան էլ ՀՀ քաղաքացիների մուծած հարկերի հաշվին գործող եւ այդ նույն քաղաքացիների շահերի պաշտպանությանը կոչված կառույցների կողմից ներքին կարգով խրախուսվում է: Ասվածի լավագույն օրինակն է «Բիլայն»-ի գործունեությունը: Այս ընկերությունն արդեն սովորույթ է դարձրել իրեն հարմար պահին խափանել ողջ երկրի հեռահաղորդակցման համակարգը՝ հարյուր հազարավոր մարդկանց պատճառելով ճակատագրական անհանգստություն: Նորմալ երկրներում նման խափանումների համար տվյալ ընկերության նկատմամբ պատկան մարմինները խստագույն միջոցներ կկիրառեին` սկսած մեծ տուգանքներից, ավարտած արտոնագրից զրկելով: Մեզ մոտ, սակայն, նման բան չի կարող լինել, քանի որ, ինչպես արդեն նշվեց, ՀՀ նախագահի մակարդակով որոշված է, որ ռուսական կապիտալը Հայաստանում պետք է իրեն հարմարավետ զգա: Դե «Բիլայն»-ն էլ իրեն զգում է ինչպես իր տանը:
Ինչեւէ, երեկ տեղեկացանք, որ ՀՀ մի խումբ քաղաքացիներ որոշել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հիշեցնել, որ այդ հանձնաժողովը մեր` հայկական հանրության ծառայությունները կարգավորող մարմին է. նրանք բաց նամակով դիմել են ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին` պահանջելով «որպես պատկան մարմին՝ միջնորդել, որպեսզի վերոնշյալ ընկերությունը կա՛մ զրկվի իրեն տրված լիցենզիայից, կա՛մ կարճ ժամանակահատվածում կատարի համապատասխան տեխնիկական վերազինում եւ տրամադրի համարժեք փոխհատուցում»: Թվում էր, թե քաղաքացիների նամակին ՀԾԿՀ ղեկավարության արձագանքը պետք է լիներ շատ օպերատիվ, սակայն ինչպես երեկ տեղեկացավ «Ժողովուրդ»-ը, ՀՀ շարքային քաղաքացիների հարկերի հաշվին գոյատեւող այս ձեւական կառույցը ոչ միայն ինքը ձեռնամուխ չի եղել այս խնդրի պարզաբանմանը, այլեւ դեռ մի բան էլ պիտակավորում է ՀՀ քաղաքացիների արդար պահանջը: «Ժողովուրդ»-ին փոխանցած ՀԾԿՀ-ի հեռահաղորդակցության վարչության պետի տեղակալ Ա. Ծատուրյանի արձագանքը, մեղմ ասած, ապշեցուցիչ է. «Դուք նամակի համա՞ր եք զանգել, չափազանցված է, Դուք չեք կարող ասել, թե քանի անգամ է կապը խաթարվել»: Փաստորեն, այս պարոնը մինչ օրս չի հասկացել, թե որն է այդ հանձնաժողովի հիմնական գործառույթը: Փոխանակ ինքը հաշվեր, թե քանի անգամ է խաթարվել կապը, դեռ մի բան էլ մեզ վրա է «մուննաթ» գալիս: Մեկը հարցնի` բա ձեր բանուգործն ի՞նչ է: Եթե չեք հանդգնում, ՀՀ քաղաքացիների շահերից ելնելով, ռուսական ընկերությանը անհարմարություն պատճառել, գոնե բարի եղեք ձեզ մի քիչ ավելի համեստ պահել:
ԲԱՆՈՒԳՈՐԾՆ Ի՞ՆՉ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ