«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ինքնասպան եղած «Ամիրխանյան ՍՊԸ»-ի սեփականատեր Համլետ Ամիրխանյանն իրեն կրակելուց առաջ նամակ է գրել եւ հանձնել իր տան աշխատակիցներին` խնդրելով, որ այն անպայման փոխանցեն իր հարազատներին կամ փաստաբանին:
Ըստ պաշտոնական տեղեկության՝ փետրվարի 16-ին՝ ժամը 10:40-ին սահմաններում, «Նոր Հաճըն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքի Պարգեւաշեն թաղամասում, տանը՝ սենյակում, մահացած մարդ կա, զենքը՝ կողքին: Պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, 61-ամյա Համլետ Ամիխանյանը, ով «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրենն է, Նոր Հաճըն քաղաքի նշված հասցեում գտնվող իր առանձնատան ննջասենյակում ինքնասպանություն էր գործել ատրճանակից կրծքավանդակին կրակելու միջոցով:
Դիակի կողքին հայտնաբերվել էր «VIKING» մոդելի գործարանային համարի ատրճանակ՝ պահունակով, 3 հատ փամփուշտ, տուժածի հագուստների միջից՝ 9 մմ տրամաչափի 1 պարկուճ: Ավելին՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր նաեւ 1 հատ գնդակ:
Ինքնասպան եղածի գրությունը
Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ին գործարարի ինքնասպանությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Իրեն կրակելուց առաջ գործարարը մի նամակ է գրել եւ դրել ծարարի մեջ: Ավելի ուշ, մինչ իր ննջասենյակ բարձրանալը, ծրարը փոխանցել է իր տան աշխատակիցներին եւ խնդրել է, որ այն իր չլինելու դեպքում հանձնեն բարեկամներին կամ փաստաբանին:
Ըստ երեւույթին, գործարար Համլետ Ամիրխանյանի հարազատները չեն պատկերացրել, թե ինչ նամակի մասին է խոսքը կամ, առհասարակ, ինչ նկատի ուներ գործարարը՝ ասելով «իմ չլինելու դեպքում»: Այս ամենից հետո, ուշ երեկոյան, տանը հնչել է մեկ կրակոցի ձայն, որից հետո գործարարին գտել են ինքնասպան եղած:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ինքնասպան եղած Համլետ Ամիրխանյանը երգչուհի Սոնա Շահգելդյանի մորաքրոջ` Նաիրա Շահգելդյանի ամուսինն էր: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տիկին Նաիրան հուզվեց եւ չկարողացավ խոսել իր ամուսնու հետ կատարվածի մասին: Մեր այն հարցին, թե արդյո՞ք տեղյակ են, որ գործարարը նամակ է թողել, Նաիրա Շահգելդյանի մտերիմը պատասխանեց. «Այդ ծրարը ոչ մեկ չի տեսել ու անգամ բովանդակությունը չգիտենք, եթե նման ծրար կա, որի մեջ էլ նամակ է եղել, ուրեմն դա ոստիկանության մոտ է, իրենք են ամեն ինչ առգրավել»:
Մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ գործարարն իր թողած նամակում գրել է, թե ինչպես է սկսել իր գործունեությունը, ինչի արդյունքում է հայտնվել սնանկացման շեմին, ինչպես է ցանկացել իր բիզնեսը ծաղկեցնել, սակայն հայտնվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, քրեական տարրեր եւ արգելել են իրեն որեւէ գործողություն իրականացնել: Իսկ թե կոնկրետ ինչ բարձրաստիճան պաշտոնյաներ են գործարարի մահվան պատճառը դարձել, եւ կոնկրետ որ գործարարների անունն է տվել Համլետ Ամիրխանյանը, դեռեւս պարզ չէ:
Հնարավոր վարկածները
Տեղեկացնենք, որ Համլետ Ամիրխանյանը Երեւանի «ամենայուղոտ» հատվածներում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում: Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենցի, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց, շքեղ հյուրանոցային համալիրը եւ այլ շինություններ պատկանում էին նրան: Ուստի դժվար չէ պատկերացնել, թե Ամիրխանյանի կառուցած շենքերի գնորդները ովքեր են:
«Ժողովուրդ»-ը դեռեւս 2014թ. օգոստոսի 19-ին գրել էր, որ Սայաթ-Նովա 40 հասցեում բնակարաններ են գնել, օրինակ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը, Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, երգիչ Արման Հովհաննիսյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ ու պատգամավորներ:
Դեռ նախորդ տարվա օգոստոսին «Ժողովուրդ»-ը զրուցել էր Ամիրխանյանի հետ՝ պարզելու, թե երբ է պատրաստվում մարդկանց բնակարանները հանել արգելանքից, նա պատասխանել էր. «15 օրվա ընթացքում: Ժամանակավոր խնդիր է: Հեսա իրենց վկայականները տալիս ենք: Այդ հողը, որի վրա շինարարությունը սկսել ենք, բանկի տակ էր, պետք է հանենք»:
Սակայն ո՛չ հողը արգելանքից հանեց, ո՛չ էլ՝ մարդկանց բնակարանները: Ու այսօր շատ քաղաքացիներ կանգնած են իրենց տունը կորցնելու վտանգի առջեւ:
Վարկած 2
Բարձրաստիճան պաշտոնյաների բնակարանները գրավադնելուց բացի՝ գործարարը ունեցել է ահռելի թվով պարտքեր: Ըստ շրջանառվող լուրերի՝ ինքնասպան եղած Համլետ Ամիրխանյանը Ավանի աղի հանքի մոտ շքեղ հյուրանոց ունի, որի վրա հսկայական գումարներ է ծախսել: Ըստ խոսակցությունների՝ այդ հյուրանոցի փայատերերի հետ էլ հավանաբար ունեցել է խնդիրներ՝ հետագա ներդրումների կամ վաճառքի գնի հետ կապված: Ամիրխանյանը խոշոր պարտքեր է կուտակել նաեւ շինարարական ընկերություններին: Իսկ թե ինչ կապ ունեն այս մարդիկ կատարվածի հետ, թերեւս կպարզի քննությունը:
ՀՀ քննչական կոմիտեում Համլետ Ամիրխանյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը:
Քնար Մանուկյան