Մարգար Օհանյանը Գագիկ Ծառուկյանի պատճառով «քաշվածներից» է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ճանապարհային ոստիկանության նախկին պետ, 6 տարվա ազատազրկման դատապարտված եւ համաներմամբ ազատված Մարգար Օհանյանը վերջին ժամանակահատվածում ոչ ֆորմալ, բայց դե ֆակտո «համալրել էր» «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը: ԲՀԿ-ի ընդդիմադիր «դառնալուց» եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց հետո Օհանյանը հույս ուներ, որ շուտով իշխանությունը ԲՀԿ-ն կվերցնի, եւ ինքն էլ կկարողանա վերադարձնել իր կորցրած նախկին դիրքը:

Սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նահանջի քայլը հիասթափեցրել է նաեւ ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին, որին «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել:

-Պարո՛ն Օհանյան, մեր տեղեկությունների համաձայն՝ Դուք արդեն տեւական ժամանակ է, ինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «ճամբարում» եք: Գ. Ծառուկյանը Ձեզ ե՞ւս հիասթափեցրեց իր վերջին հայտարարությամբ, որը նշանակում էր, թե ինքը Սերժ Սարգսյանի դեմ պայքարի դուրս չի գալու:

-Դուք զբաղվեք Ձեր գործով, ես իմ ընտանիքի կողքին եմ, Դուք էլ զբաղվեք Ձեր գործով: Եթե ես որեւիցե տեղում լինեմ, բոլորն անմիջապես կտեսնեն: Ով որ ասել է, իրենց ասածներն էլ գրեք:

-Այսինքն՝ Դուք որեւէ առնչություն չունե՞ք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

-Ես որեւիցե մեկի հետ առնչություն չունեմ, ո՛չ մեկի հետ, ո՛չ մի կուսակցության հետ ես ոչ մի առնչություն չունեմ՝ ո՛չ մենշեւիկի, ո՛չ բոլշեւիկի, ո՛չ ՀՀԿ-ի, ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ մեկի հետ:

-Իսկ Գագիկ Ծառուկյանը Ձեր մտերիմ ընկերը չէ՞, ըստ մեր տեղեկությունների՝ Դուք վերջին ժամանակահատվածում շատ հաճախ եք հանդիպումներ ունենում նրա հետ:

-Էս հանրապետությունում, քաղաքում ինձ շատ մտերիմ ընկերներ ունեմ, այդ թվում նաեւ՝ պարոն Ծառուկյանը: Ես բազմաթիվ մոտիկ ընկերներ ունեմ ու ոչ մի ընկերոջ ես կուսակցական պատկանելիությամբ չեմ նայում, որովհետեւ ես 33 տարի աշխատել եմ, 57 տարի ապրել եմ ու սկսած մանկապարտեզից, բանակից, դպրոցից ընկերներ ունեմ ու նաեւ աշխատանքային ընկերներ, այնպես որ, ես ընդհանրապես քաղաքականության մեջ չկամ:

-Որպես ՀՀ քաղաքացի՝ Ձեզ անհանգստացնում է այն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում. Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի փոխհարաբերությունները լարվել են…

-Ես անտարբեր չեմ այդ ամենի նկատմամբ, ես ուզում եմ, որ խաղաղություն լինի, բարեկեցություն լինի, ի վերջո, 3 երեխա ունեմ, թոռնիկներ ունեմ, ոնց կարող է ինձ ոչ մի բան չհետաքրքրել; Ես ուզում եմ՝ խաղաղություն լինի, բարգավաճեն, էս ժողովրդի վիճակը լավանա, արտագաղթը չլինի, աշխատավարձերը բարձրանան, բանակում խաղաղություն լինի, ես ինձ չեմ հարգի, եթե դա չլինի: Ինչքան հնարավորություն ունեմ, իմ ընկերներով, բանով ես պատրաստ եմ անելու ամեն ինչ, որպեսզի երկրում խաղաղություն լինի, բարգավաճում լինի: Ու ամբողջ կյանքում ես քաղաքականության մեջ չեմ եղել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս