Ով կներկայացնի Հունաստանը Հայաստանում ապրիլի 24-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ եւ հույն ժողովուրդներին կապում է դարավոր փոխգործակցության պատմությունը: Հայկական եւ հունական երկու հին քաղաքակրթությունները մշտապես պայքարել են իրենց ազատությունն ու անկախությունը պահպանելու համար: Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները զարգացել են 1990-ականների սկզբից եւ երկկողմ տնտեսական ու քաղաքական հարաբերությունների խորացման ուղղությամբ վերջին 20 տարում կնքվել է մոտ 40 համաձայնագիր:

Հայ-հունական բարեկամական հարաբերությունների կայացման գործում մեծ է նաեւ Հունաստանում հայկական համայնքի դերակատարությունը: Հայկական համայնքի թվաքանակը տարբեր հաշվարկներով կազմում է 20-35 հազար:

Հունաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռ 1996-ին: Ապրիլի 24-ն այդ երկրում Հիշատակի օր է, որի ընթացքում ամեն տարի կառավարության կողմից 3 խոշոր քաղաքներում հիշատակի միջոցառումներ են կազմակերպվում: Նշենք, որ հայ եւ հույն ժողովուրդներին կապում է նաեւ ընդհանուր ցավը՝ Պոնտոսի հույների ցեղասպանությունը, որը իրականցվել է գրեթե նույն ժամանակահատվածում, միեւնույն թշնամու կողմից: 1916-1923 թթ. Պոնտոսի ցեղասպանության զոհ են դարձել, ըստ տարբեր աղբյուրների, 353.000-ից մինչեւ 1.200.000 հույներ: Սա արձանագրվել է պատմության մեջ իբրեւ քսաներորդ դարի երկրորդ եղեռն:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանաս Տաիսի հետ:

-Մեծարգո՛ պարոն դեսպան, ինչպես գիտենք՝ հույները հայերի եւ ասորիների հետ դարձել են Օսմանյան Թուրքիայի վայրագությունների զոհը: Դուք հանդիսանում եք Հայաստանում Ձեր երկրի ներկայացուցիչը, խնդրում ենք նշեք, թե ի՞նչ գիտեք Հայոց ցեղասպանության մասին եւ, ընդհանրապես, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը պատմական այդ արյունալի իրադարձության վերաբերյալ:

-Հունաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1996թ., իսկ վերջերս նաեւ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք է ընդունել:

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սերժ Սարգսյանը շուրջ 100 երկրների նախագահների հրավիրել է Հայաստան՝ հայ ժողովրդի հետ կիսելու դարավոր վիշտը: Ի՞նչ մակարդակով է Հունաստանը ներկայացված լինելու ապրիլի 24-ին Հայաստանում:

-Հունաստանի խորհրդարանը դեռեւս չի ընտրել երկրի հաջորդ նախագահին, այդ պատճառով էլ դեռեւս որոշված չէ, թե ով կներկայացնի Հունաստանը Հայաստանում ապրիլի 24-ին:

-Որպես Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկիր՝ Ձեր կողմից Հայոց ցեղասպանությանը նվիրված որեւէ անդրադարձ լինելո՞ւ է՝ միջոցառման կամ հիշատակման այլ ձեւով:

-Հունաստանում քայլեր են ձեռնարկում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները պաշտոնական մակարդակով անցկացնելու համար:

-Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի կողմից ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը նշելու որոշումը եւ այդ նպատակով շուրջ 102 պետությունների նախագահներին Թուրքիա հրավիրելու քայլը: Այն դեպքում, երբ Գալիպոլիի մարտերը սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին եւ շարունակվել մինչեւ 1916 թվականի հունվարի վերջը: Արդյո՞ք այդպիսով Թուրքիայի կողմից փորձ չի արվում շեղել հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից:

-Իմ իրավասության շրջանակներում չէ մեկնաբանել երրորդ երկրի կողմից կազմակերպվող միջոցառումները:

-Արդյո՞ք Հունաստանը կընդունի Գալիպոլիի մարտերին նվիրված միջոցառմանը մասնակցելու Թուրքիայի նախագահի հրավերը, եւ եթե այո, ապա ի՞նչ մակարդակով եք մասնակցելու:

-Ինչպես արդեն նշեցի՝ դեռեւս Հունաստանի հաջորդ նախագահ չի ընտրվել, բնականաբար չեմ կարող պատասխանել այս հարցին:

ԹԱՄԱՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ




Լրահոս