Ilur.am-ը ներկայացրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը.
«Ժամանակին հայ թատրոնի ամենահանճարեղ դերասան Վահրամ Փափազյանը մի հրաշալի գրքույկ հրատարակեց՝ «Սրտիս պարտքը» վերնագրով։ Հոդվածիս համար ավելի հարմար վերնագիր չգտնելով, ես որոշեցի օգտվել նրա գեղեցիկ մտահղացումից։
Հասկանալու համար, թե ինչ կատարվեց Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, պետք է վերհիշել վերջին տարիների ընթացքում նրա անցած ճանապարհը։
Կուսակցությունը, որը 2007 թվականից սկսած, հինգ տարի շարունակ կառավարական կոալիցիայի մաս էր, 2012-ին դուրս եկավ իշխանական համակարգից։
2012-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցեց ոչ թե Հանրապետական կուսակցության հետ ընդհանուր, այլ առանձին ցուցակով, թեեւ շատերը հակառակն էին գուշակում։
Խորհրդարանական ընտրություններից հետո մերժեց կրկին մաս կազմել իշխանական կոալիցիային։
2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ չպաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
Նույն թվականին ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը դաշինք կնքեց խորհրդարանական երեք այլ խմբակցությունների՝ Հայ Ազգային Կոնգրեսի, Ժառանգության եւ Հայ հեղափոխական դաշնակցության հետ, բուռն քաղաքական գործունեություն ծավալելով Ազգային Ժողովի ներսում եւ ընդդիմադիր դիրքերից հանդես գալով բազմաթիվ համատեղ օրենսդրական նախաձեռնություններով ու սկզբունքային հայտարարություններով։
Գաղտնիք չէ, իհարկե, որ այս ամենը ոչ այնքան Բարգավաճ Հայաստան կուսակցության, որքան նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դիրքորոշման աստիճանական փոփոխության արտահայտությունն էր։ Հարկ է պարզաբանել, սակայն, թե իրականում ինչ է ցույց տալիս բոլորի համար ապշեցուցիչ այս էվոլյուցիան։
Ընդամենը մեկ բան. Ծառուկյանը եւ նրա ղեկավարած կուսակցությունը կամովին հրաժարվեցին իշխանական համակարգում եւ գործարար դաշտում զբաղեցրած առավել քան հարմարավետ ու անվտանգ դիրքից եւ ընտրեցին ընդդիմադիր քաղաքական պայքարի ճանապարհը՝ դա բացատրելով Հայաստանի իշխող վարչախմբի արատավորության հետ այլեւս չհաշտվելու եւ բացառապես ժողովրդի շահերով առաջնորդվելու նպատակադրությամբ։ Շատերը չհավատացին Ծառուկյանի անկեղծությանը, ոմանք էլ փորձեցին Ծառուկյանի վարքագծի փոփոխությունը վերագրել նրա անհամաչափ քաղաքական ամբիցիաներին՝ պնդումներ, որոնք երկուսն էլ միանգամայն անհիմն են ու կասկածելի։
Նախ՝ անկեղծության մասին. եթե Ծառուկյանն անկեղծ չէր, ապա ինչո՞ւ պիտի հրաժարվեր իր փափուկ կյանքից եւ ընտրեր մեր իրականության պարագայում վտանգներով հղի ընդդիմադիր գործունեության բնագավառը։ Միթե՞ նա ծանոթ չէր Խաչատուր Սուքիասյանին բաժին ընկած փորձություններին ու զրկանքներին, որոնք վերջինս կրեց նույնպես իր «անդարդ» կյանքն ու ծաղկուն բիզնեսը վտանգի ենթարկելու, 2007-ին խիզախաբար ընդդիմությանը միանալու եւ վերջինիս կենտրոնական դեմքերից մեկը դառնալու պատճառով։ Իսկ այժմ՝ Ծառուկյանի քաղաքական ամբիցիաների մասին։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է ամբիցիայի առկայությունն անընդունելի համարվում քաղաքական գործչի պարագայում։ Ամբիցիա կամ իր գաղափարներն ու ծրագրերն իրականացնելու հավակնություն չունեցող մարդն ի՞նչ գործ ունի քաղաքականության հետ։ Իսկ երբ ասում են, թե այդ ճշմարտությանը դեմ չեն, բայց քաղաքական գործչի ամբիցիաները պետք է հիմնավորված լինեն, այսինքն համապատասխանեն իր ինտելեկտուալ մակարդակին ու անձնական որակներին, ապա դա էլ ոչ թե ինչ-որ մեկի, այլ ժողովրդի որոշելիքն է, ինչը ժողովրդավարական երկրներում իրագործվում է ազնիվ ընտրությունների միջոցով»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում