Առաջիկա օրերին տեղի կունենան իրադարձություններ, որոնք կապացուցեն, որ խոշոր բիզնեսը պետք է հեռու լինի քաղաքականությունից։ Այս մասին ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Լրագրողների այն հարցին, թե ինչ փուլում է ԲՀԿ առաջնորդին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացը, Հերմինե Նաղդալյանը պատասխանել է, որ երկուշաբթի կլինի ԱԺ նիստ և այնտեղ ամեն ինչ պարզ կլինի։
«Հանրապետականն իր կարծիքները չի փոխում երբեք։ Մեր հիմնական սկզբունքն այն է, որ խոշոր բիզնեսը պետք է քաղաքականությունից հեռու լինի։ Մոտ օրերի իրադարձությունները ցույց կտան, թե ինչպիսի գործողություններ տեղի կունենան։ Այդ քայլերը կտեսնեք, որոնցից կկարողանաք եզրակացություններ անել»,- նշեց նա:
Հերմինե Նաղդալյանը հաստատեց, որ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև «եղել են մի քանի հանդիպումներ, եղել են համապատասխան պայմանավորվածությունների վերաբերյալ հայտարարություններ»։