Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Սրտի խոսքն» է հրապարակավ ներկայացրել, որում անդրադառնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ տեղի ունեցածին և ներկայացնում իր եզրահանգումները:
Տեքստում հատկապես հետաքրքրական են ՀՀ առաջին նախագահի խոսքերը` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սխալների և ԲՀԿ-ում առկա խառնակիչների մասին: Մատնանշելով ԲՀԿ պարտության պատճառները` Տեր-Պետրոսյանը նշել է կուսակցության ներսում գործող խառնակիչների փոքր խմբակի մասին, որն, ըստ ՀԱԿ առաջնորդի, ուղղորդվում է բոլորովին մեկ այլ կենտրոնից և հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի։
«Ծառուկյանն այս ընթացքում սխալներ թույլ չի՞ տվել: Իհարկե, թույլ է տվել, որոնց մասին Հայ Ազգային Կոնգրեսը բարձրաձայնել է հրապարակայնորեն։ Մենք սխալ ենք համարել 2014թ. ապրիլի 28-ին նշանակված հանրահավաքի չկայացումը, անցյալ հոկտեմբերի հուժկու հանրահավաքների շղթայի դադարեցումը, ակտիվ գործողությունների փոխարինումը քաղաքական պայքարի իմիտացիայով (Համաժողովրդական շարժման շտաբների անժամանակ ձևավորում, փետրվարի 5-ի համաժողովի գումարում) և այլն։ Այդ սխալների մի մասը գալիս է Ծառուկյանի քաղաքական փորձառության պակասից, իսկ մեծագույն մասը՝ ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակից, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից և հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի։ Թե՛ Ծառուկյանին, թե՛ Բարգավաճ Հայաստանին, և թե՛ Համաժողովրդական շարժմանը ոչ ոք այնքան վնաս չի տվել, որքան այդ խմբակի՝ մեծ վերլուծաբանների հավակնություն ունեցող մի քանի անդամները։ Ես անուններ չեմ տալիս, որովհետև խառնակչությունը շարունակելու պարագայում այդ մարդիկ իրենք իրենց կմատնեն և բոլորը կկռահեն, թե ում մասին է խոսքը»,- գրել է Լ. Տեր Պետրոսյանը:
Իսկ ովքեր են ԲՀԿ վերլուծաբանները: Հասարակական-քաղաքական շրջանակներին հայտնի են, որ ԲՀԿ-ի համար վերլուծություններ են գրում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը… (գուցե էլի ինչ որ մարդիկ): Թե նրանցից ո՞ւմ նկատի ունի առաջին նախագահը, չի գաղտնազերծել: Թե կոնկրետ որ կենտրոնից են ղեկավարվել նրանք ու գործունեություն ծավալել, դարձյալ չի մանրամասնել: Միայն փաստել է, որ այս ամբողջ ընթացքում վերլուծաբանները «խառնակչություն» են արել, և հիմա հենց նրանց են վերագրվում Ծառուկյանի քաղաքական սխալներն ու պարտությունը:
Այս իրավիճակում ուշագրավն այն է, որ ՀԱԿ անդամները մինչ վերջերս ամեն կերպ ժխտում էին ԲՀԿ-ի ներսում «այլ ուժերի» ներկայության ու ազդեցության մասին պարբերաբար պտտվող լուրերը: Ու հիմա պարզվում է՝ ԲՀԿ-ն ներսից քանդողներ է ունեցել և առավել իմաստուն վերլուծաբանները իմանալով հանդերձ տարիներ շարունակ ոչինչ չեն արել: Իսկ մենք էլ կարծում էինք՝ ԲՀԿ-ին «ոչնչացրեց» ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Հուսանք՝ առաջին նախագահի այս ուղղակի մեղադրանքին արձագանքողներ կլինեն՝ այդկերպ և մատնելով իրենք իրենց, և միաժամանակ բացելով որոշ փակագծեր: Իսկապես հետաքրքիր ժամանակներ ենք ապրում:
Նաիրա Հովհաննիսյան