ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Երեկ կալանավորվել է Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը: Նրա նկատմամբ դեռեւս 2011-ի դեկտեմբերի 28-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը: Հիմա դրան ավելացել է եւս մեկ մեղադրանք ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով՝ պաշտոնական դիրքն օգտագործելով խոշոր չափերի յուրացում կամ վատնում: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ գյուղապետն օգոստոսի 3-ից գտնվել է հետախուզման մեջ, բայց մեկ օր անց հայտնաբերվել ու կալանավորվել է:
Ի՞նչ է տեղի ունեցել գյուղապետի հետ: Այս հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով դիմեցինք Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին (Լոնդիկ), որը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանեց, թե տեղյակ չէ իր մարզում կատարվածից: «Ես չգիտեմ, ծանոթ չեմ: Դուք այդ հարցը տվե՛ք իրավապահ մարմիններին, ինչո՞ւ եք ինձ տալիս, զարմանում եմ: Տեղյակ չեմ իր գործունեությունից: Չեմ հետաքրքրվում»,-ասաց նախկին ոստիկան, գեներալ մարզպետը:

ՇԱՏ ԵՆ ՈՒ ՔԻՉ ՉԵՆ
Օգոստոսի 8-ի ժամը 18:00-ի տվյալներով՝ Վանաձոր համայնքի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը, վերջերս Լոռու փոխմարզպետի պաշտոնից ազատված ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանն ու անկուսակցական փաստաբան Կարեն Թումանյանը: ԲՀԿ թեկնածուի առաջադրման հետ կապված՝ երեկ մեր թղթակիցը փորձել է զրուցել Է. Կարախանյանի հետ: Վերջինս հրաժարվել է զրույցից՝ պատճառաբանելով, որ վատառողջ է, իսկ նրա ներկայացուցիչն ասել է, որ ընտրական գործընթացի այս փուլում մամուլի հետ շփում չի լինելու:
Երկու օր առաջ թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանի աշխատասենյակ է մտել  քաղաքապետի հավանական թեկնածու Սեյրան Հարությունյանը (Կոմսի Սեյրան), որը կես ժամից ավել տեւած զրույցից հետո բարկացած դուրս է եկել՝ չցանկանալով խոսել մեր թղթակցի հետ: Նա ընդամենն ասել է, որ փաստաթղթային խնդիրներ կան, իսկ մնացած հարցերին կպատասխանի առաջադրվելուց հետո: Ինչ վերաբերում է ավագանու անդամների առաջադրմանը, այստեղ թեկնածուները «շատ են ու քիչ չեն». թեեւ Վանաձորի՝ նոր ձեւավորվելիք ավագանին ունենալու է 21 անդամ, արդեն առաջադրվել են 35 թեկնածուներ:

ԱՎԱՐՏՎԵԼ Է
Երեկ ավարտվել է «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած արյունալի միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Սակայն այդ միջադեպի արդյունքում սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն առայժմ չի կարող գնահատական տալ այդ գործին: «Նախաքննության ավարտը նոր է հայտարարվել, դեռ չենք ստացել նյութերը: Ավելի ուշ, երբ ծանոթանանք նյութերին, պարզաբանումներ կտանք: Առայժմ կատարված գործողությունների ողջ պատկերը չունենք»,-պարզաբանեց նա: Նշենք, որ «Հարսնաքար»-ում տեղի ունեցած միջադեպի մայր գործում մնացել է չպարզված անձանց մասը, որով նախաքննությունը դեռ շարունակվում է:




Լրահոս