Կայացել է հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար ավտոբուսները վերելակներով կահավորելու ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցել են ոլորտի մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ: Հատուկ կարիքներ ունեցող անձանց համար Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում 2014 թվականին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր վերելակներով կահավորել քաղաքային հասարակական տրանսպորտի թվով 10 ավտոբուս: Պատվիրված հատուկ վերելակներն արդեն տարեվերջին ներկրվեցին Երևան: 2015 թվականի սկզբին սկսվեցին դրանց տեղադրման աշխատանքները «Հայգեր» մակնիշի նոր ավտոբուսների վրա:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը նշել է, որ վերելակներով կահավորված ավտոբուսների շահագործումից առաջ հաշվի են առնվել հատուկ կարիքներ ունեցող անձանց կարծիքներն ու առաջարկությունները: Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանն էլ ընդգծել է, որ այս նախաձեռնությունը դիտարկվում է նաև «Ավելի մատչելի Երևան » ծրագրի մի մաս, և համոզմունք է հայտնել, որ երևանցիները հնարավորին կօժանդակեն ավտոբուսներով տեղաշարժվող հատուկ կարիքներով քաղաքացիներին, թեև վերելակները ընձեռում են ավտոբուսում ինքնուրույն հայտնվելու հնարավորությունը: Ընտրված առայժմ թվով 5 երթուղիները, ինչպես նաև սպասարկման ժամային գոտիները, համաձայնեցվել են հասարակական կազմակերպությունների հետ:
Սկզբունքն այն է, որ գրեթե բոլոր վարչական շրջաններից հատուկ կարիքներով անձինք քաղաքի կենտրոն տեղափոխվելու և հակառակ ուղղությամբ վերադառնալու հնարավորություն ունենան: Ըստ այդմ, համար 13 երթուղին կգործի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Կենտրոն ուղղությամբ, համար 20 երթուղին Ավան վարչական շրջանից կհասնի Կենտրոն վարչական շրջան, համար 22 երթուղին Նոր Նորքից Կենտրոն վարչական շրջանով կհասնի Էրեբունի, համար 28 երթուղին Քանաքեռ-Զեյթունից Նոր Նորքով կձգվի Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններ, այնուհետ նաև «Գրացիա » Հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն և համար 35 երթուղին Նոր Նորքից կուղևորվի Կենտրոն, այնուհետ նաև Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ: Ծրագրի շնորհանդեսի ընթացքում վերելակների աշխատանքն ու ընձեռած հնարավորությունները փորձարկած շահառուները նշել են, որ դրանք իսկապես հարմարավետ են և շնորհակալություն են հայտնել իրենց նկատմամբ ցուցաբերած մշտական ուշադրության և հոգածության համար: Ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ, ինչպես նաև ծանուցման կարգով փակցված են տվյալ երթուղիների դիսպետչերական ծառայության 010-67-44-28 հեռախոսահամարով: Նպատակն այն է, որ շահառուն կարողանա զանգի միջոցով տեղեկություն ստանալ տվյալ երթուղու ավտոբուսի այս կամ այն կանգառ հասնելու մոտավոր ժամի մասին:
Ծրագիրը կշարունակվի նաև 2015 թվականին: Այդ նպատակով դարձյալ համայնքային բյուջեից միջոցներ կտրամադրվեն, ինչի արդյունքում կավելանա նաև հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված երթուղիների քանակը: