ԼԱՎ Է ԼԻՆԵԼ ՄԿԱՆ ԳԼՈՒԽ, ՔԱՆ ՓՂԻ ՊՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարի ՀՀ կառավարության կողմից ներդրվեց քաղծառայողների սոցիալական ապահովության փաթեթների համակարգը: Փաթեթը յուրաքանչյուր աշխատակցի համար անկանխիկ գումար է, եւ քաղծառայողը կարող է չորս ուղղություններով ծախսել այն: Չորրորդ ուղղությունը ենթադրում է քաղծառայողի հանգիստը Հայաստանում եւ Արցախում:
Մինչ նոր ուսումնական տարվա սկիզբը լավ հանգստանալու ակնկալիքով Լոռու մարզի Արջուտ համայնքի մանկավարժական կոլեկտիվի անդամները որոշել էին մեկնել Աղավնաձոր: Բայց հանգիստը նախատեսվածից կարճ է տեւել: Իրենց զուգընկերների հետ հանգստի մեկնած 14 մանկավարժներից շատերը դժգոհ են մնացել, քանի որ գումարը վճարել են շատ, բայց հանգիստը վայելել կարճ: 
Լոռու մարզի Արջուտ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անդրանիկ Սողոմոնյանն ասում է, որ կոնկրետ իր հանգստի համար իր սոցփաթեթից հատկացվել է 80 հազար դրամ. ,Ես հաշիվ-ապրանքագիր եմ բերել, որ Աղավնաձորի “Մուշ” կազմակերպությունն ինձ վրա ծախսել է 30 հազար քսան դրամ, մինչդեռ ես փոխանցել եմ 80 հազարե: Թե ուր է կորել տնօրենի 50 հազար դրամը, հայտնի չէ. “Տուրիստական կազմակերպությունը խճճվեց, հիմա պատճառաբանում է, թե կներեք, մենք պետք է անհատական հաշվարկ անեինք, կոլեկտիվ հաշվարկ ենք արել”: 
Փորձեցինք կապ հաստատել մանկավարժների հանգիստը կազմակերպած “”ՌՈՒՄԷԱ” գայթակղիչ ճամփորդությունների ակումբե ՍՊԸ-ի հետ, որը պաշտոնապես հաշվառված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում որպես ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի N 1923-Ն որոշմամբ նախատեսված սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցող զբոսաշրջային օպերատոր: Նախ մեզ հետ զրուցեց աշխատակցուհիներից մեկը, որը տեղյակ էր խնդրից ու տվեց հետեւյալ պարզաբանումը. “Իրենք նախ 29 հոգի էին ի սկզբանե մեզ ասել, բայց գնացել էին 28 հոգով: Ընդհանուր գումարը, որ ունեցել է դպրոցը, բաժանվել է այդ 29-ի միջեւ, ու անհատական գումար է բաշխվել յուրաքանչյուրին, ու իրենք բոլորով մնացել են երկու օր, ոչ թե անհատապես: Ի սկզբանե ես չեմ կարող Ձեզ պատասխան տալ՝ դա թյուրիմացաբար ա եղել, որ մարդիկ չեն հասկացել, որ իրենք կոլեկտիվային են գնում…”:
Աշխատակցուհին ասաց, որ միայն կոլեկտիվ հայտերի դեպքում է հանգստանալու մեկնողներին տրանսպորտ տրվում, ինչն էլ արվել է այս դեպքում: Քիչ անց աղջիկը մեզ խորհուրդ տվեց միանալ զբոսաշրջային կազմակերպության աշխատակից Սամվել Թադեւոսյանին, որպեսզի նա մեզ հաղորդի խնդրի հետ կապված մանրամասները: Վերջինս չցանկացավ նշել իր պաշտոնը՝ ասելով. “Կգաս, իմ վիզիտկեն կտամ, կիմանասե: Ինչեւէ, Ս. Թադեւոսյանն ասաց, որ իրենց կազմակերպության հետ դպրոցի մանկավարժները պայմանագրեր են կնքել, եւ ամեն ինչ օրինական է ու ճիշտ. “Պայմանագրեր ունենք: Թե ով ինչ ա խոսում, ճիշտն ասած, մեզ չի վերաբերում: Մենք ոչ մի խնդիր չունենք”: 
Նա շեշտեց, որ իրենց կազմակերպությունը Հայաստանում հանգիստ կազմակերպող խոշորագույն ընկերություններից մեկն է, եւ մինչ օրս որեւէ մեկի կողմից որեւէ դժգոհություն չի եղել: Ինչ վերաբերում է Արջուտի մանկավարժական կոլեկտիվի դժգոհությանը, ապա նշեց. “Կարող է ինչ-որ բան էնպես չեն հասկացել: Դե, ինքնե՛րդ հասկացեք, համայնքներում մանկավարժների հետ աշխատելը պրոբլեմատիկ է: Մարդիկ հիսուն տարի չեն գնացել հանգստանալու, մեկ էլ հանկարծ հիմա գնում են, ու իրենք էլ չեն հասկանում՝ ոնց ա, ինչ ա…”: 
Մինչդեռ դպրոցի տնօրեն Ա. Սողոմոնյանն ասում է, որ կոլեկտիվի անդամներն առանձին-առանձին անհատական պայմանագրեր են կնքել կազմակերպության հետ: Ս. Թադեւոսյանի՝ համայնքների մանկավարժներին վերաբերող տեսակետի առնչությամբ էլ տնօրենն ունի իր կարծիքը.”Գյուղացի ենք, բայց գեղցի չենք: Ավելի լավ է գյուղում մկան գլուխ լինել, քան քաղաքում՝ փղի պոչ”:
ՄԵԼԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ 
Վանաձոր




Լրահոս