ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը գարեջրի մինի արտադրամաս է ստեղծել: Օբամայի այս նախաձեռնության մասին հայտնի է դարձել Այովա նահանգում նրա նախընտրական արշավի ժամանակ, երբ նա սեփական արտադրության գարեջուր է նվիրել տեղի մի սրճարանի տիրոջը:
Օբամայի քայլն այնքան մեծ արձագանք է գտել նրան ուղեկցող լրագրողների շրջանում, որ Սպիտակ տան մամուլի ծառայությունը ստիպված է եղել հատուկ հայտարարություն անել այդ առիթով: Ըստ Օբամայի մամուլի քարտուղար Ջեյ Քարնիի՝ նախագահի ընտանիքի թողարկած գարեջուրը կրում է White House Honey Ale անվանումը, արտադրվում է եւ բաց, եւ մուգ տարբերակներով: Խմիչքի պատրաստման համար օգտագործվում է Սպիտակ տան այգում առաջին տիկնոջ պահած մեղուների մեղրը: