
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պյեր Անդրիեն (Ֆրանսիա) ու Իգոր Պոպովը (Ռուսաստան) կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հետևել զինադադարի ռեժիմին:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկն այցով տարածաշրջանում է եղել փետրվարի 16-ից 19-ը:
«Համանախագահների հանդիպումների ժամանակ կողմերը հաստատել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց նվիրվածությունը: Պետությունների ղեկավարները նաև համաձայնել են համանախագահների՝ զինադադարի ռեժիմին հետևելուն ուղղված քայլերի ուժեղացման առաջարկի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ միջնորդները նաև քննարկել են նախագահների ու ԱԳՆ ղեկավարների հետագա քայլերը, ինչպես նաև այս տարի կայանալիք Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը: