Սևանից բաց թողնվող ջրի ծավալների մասին քննարկումները միշտ էլ սուր են եղել, իսկ հանրությունն ու պետական մարմիններն անընդհատ գտնվել են հակադիր բևեռներում։ Լճի էկոլոգիական վիճակով անհանգստացողները մշտապես դեմ են եղել օրենսդրորեն նախատեսված տարեկան 170 մլն խմ-ից ավել ջրառ իրականացնելուն, իսկ պետական մարմիններն ամեն կերպ փորձել են հիմնավորել դրա անհրաժեշտությունը և վերջին վեց տարում 3 անգամ իրականացրել լրացուցիչ ջրառ։
Սակայն այս քննարկումները նոր ուղղություն ստացան ինժեներ-մեխանիկ Սերգեյ Հաջինյանի երկու հրապարակումներից հետո (հոդված 1, հոդված 2), որոնցում հեղինակը սեփական հաշվարկների արդյունքում գալիս է այն եզրահանգման, որ Սևանից տարեկան բաց է թողնվում ոչ թե 170, այլ 350-400 մլն խմ ջուր, իսկ վերջին 12 տարվա ընթացքում լճից «անհետ» կորել է 2 մլրդ խմ ջուր։
Այս պնդումներին պատասխանել է ՀՀ ՏԿԱԻՆ Հայհիդրոմետ ծառայությունը, որում մասնավորապես ասվում է, որ ներկայացված տվյալները հիմնավորված չեն, հաշվարկված են անհասկանալի մեթոդաբանություններով և օգտագործված տվյալների մեծ մասն աղավաղված են, և շրջված հեղինակների ցանկալի ուղղությամբ, արդյունքում ներկայացված նյութերն իրականության հետ ընդհանրապես կապ չունեն: Այնուհետև ծառայության կողմից ներկայացվել են սեփական հաշվարկներն ու պնդումներն առ այն, որ հաշվառվում և գրանցվում են Սևանա լիճ ջրի մուտքի և ելքի բոլոր քանակություններն ու բաղադրիչները, այնպես որ անիմաստ է խոսել ջրի անօրինական, ոչ մի տեղ չգրանցված քանակների մասին (տես այստեղ)։
Չմտնելով այս քննարկումների դաշտ՝ ամեն դեպքում ցանկանում ենք ներկայացնել մի շատ զարմանալի փաստ, որն անմիջական կապ ունի այս խնդրի հետ։
Բոլորիս հայտնի է, որ Սևանա լճից բաց թողնվող ջուրն օգտագործվում է նաև Սևան-Հրազդան կասկադում էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով։ «Սևան-Հրազդան Կասկադ» ՓԲԸ-ն՝ իր յոթ ՀԷԿ-երով, 2003թ. հուլիսի 17-ին, որպես սեփականություն փոխանցվել է «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ-ին, որն 2005 թվականին հրատարակել է տեղեկատվական գրքույկ՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Այդ գրքույկի առաջին էջում բառացի գրված է հետևյալը՝ «․․․առանց Սևանա լճին վնասելու թույլ են տալիս իրականացնել տարեկան ամենաքիչը 350-440 մլն խմ ծավալի ջրի բաց թողումներ՝ ոռոգման և էներգետիկ նպատակներով․․․»։
Այս տողերից ակնհայտ է դառնում, որ կասկադը 2003 թվականին ռուսական կողմին փոխանցողներն ինչ-որ ձևով երաշխավորել են նրանց ամենաքիչն այսպիսի քանակությամբ ջրի ծավալների բացթողումները Սևանա լճից, հակառակ դեպքում այս թվերը չէին հայտնվի Միջազգային Էներգետիկ
Կորպորացիայի պաշտոնական գրքույկում։ Իսկ քանի որ խոստացել են այդ քանակությամբ ջուր, ապա պարտավոր են ցանկացած միջոցներով կատարել իրենց խոստումը։
Հաշվի առնելով այս փաստը, և այն, որ վերջին տարներին Արփա-Սևան թունելով շատ ավելի քիչ ջուր է տեղափոխվում Սևան, քան 2002-2010թթ․, իսկ Որոտան-Արփա թունելը գործարկման օրվանից առ այսօր ընդհանրապես չի գործել, ապա պարզ է դառնում, թե ինչու է 2010 թվականից հետո գրեթե դադարել լճի մակարդակի բարձրացման գործընթացը։
Փաստ է, որ վերջին տարիներին պետական համակարգը բոլոր հնարավոր և անհնար եղանակներով կասեցնում է Սևանա լճի մակարդակի բարձրացման բնականոն ընթացքը: Հանրությունն ունի լուրջ կասկածներ, որոնք կփարատվեն միայն այն դեպքում, եթե կատարվեն հետևյալ գործողությունները․
1. Շտապ գործարկել Սևանա լճից բաց թողնվող և Որոտան-Արփա-Սևան թունելով մուտք գործող ջրի ծավալների շուջօրյա վերահսկման ավտոմատ համակարգ, որպեսզի ցանկացած ՀՀ քաղաքացի հնարավորություն ունենա առցանց հետևել այդ գործընթացին։
2. Հստակ և հասկանալի բացատրություն ներկայացնել հանրությանը, թե ինչու ընդհանրապես չի գործում Որոտան-Արփա թունելը, և ինչու են այսքան երկարաձգվում ու երբ են ավարտվելու Արփա-Սևան թունելի վերանորոգման աշխատանքները։
3. ՀՀ ՏԿԱԻՆ Հայհիդրոմետ ծառայության և բնապահպանության նախարարության պաշտոնական կայքերում տեղադրել ամենօրյա տեղեկատվություն Սևանա լճի ջրի մակարդակի, մուտք և ելք եղած ջրի քանակների մասին։ Ամենօրյա տեղեկատվություն տեղադրել նաև ՀՀ գլխավոր ջրամբարների լցվածության մասին։
Այս առաջնահերթ քայլերն իրականացնելու դեպքում միայն հանրությունը կարող է քիչ թե շատ վստահություն ունենալ պետական մարմինների ներկայացրած պաշտոնական թվերի և պարզաբանումների նկատմամբ։
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)