Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների գյումրեցի վարորդները շարունակում են իրենց բողոքի ակցիաները: Ուժային կառույցներն իրենց հերթին են պայքարում, որպեսզի լռեցնեն վարորդներին: Նման դեպքեր արձանագրվել են ոչ միայն Գյումրիում, այլ նա Ախուրյանում: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը Ախուրյանում ականատես է եղել, որ 4 ոստիկանները փորձել են մեքենայից ուժով դուրս բերել վրացական պետհամարանիշով մեքենայի վարորդին` պատճառաբանելով, թե Վահրամ Ենգոյանը վարորդին կանչում է իր մոտ՝ առանձնազրույցի: Ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետ Արամ Տեր-Թովմասյանը, քաղաքային բաժնի պետ Արթուր Բիչախչյանը եւս իրենց մոտ են հրավիրել ակցիաներին մասնակցող ակտիվիստներին: «Վախեցրել են սկզբից, հետո ասել են` դուք չպիտի մասնակցեք երեւանյան երթին: Մենք դեռ չգիտենք էլ, թե Երեւանում երբ է երթ լինելու, իրենք ասում են` հանկարծ չգնաք, թե չէ պրոբլեմներ կունենաք»,- պատմել է վարորդ Սեյրան Առաքելյանը: Նկատենք, որ պետերը ուզում են խոսել հատկապես նրանց հետ, ովքեր ավելի ակտիվ են: Ի պաշտպանություն բոլոր նրանց, որոնց ոստիկանները ուժի զոռով բերման են ենթարկում բաժանմունքներ, կազմակերպվեց բողոքի ավտոերթ, որի երթուղին գիտեր միայն շարասյան դիմացից սլացող մեքենայի վարորդը: Դա մեկ նպատակ էր հետապնդում` որ ոստիկանները այլեւս չփորձեն խոչընդոտել, ճանապարհներ փակել: Շարասյունն ուղեւորվեց ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, քաղաքային բաժանմունք, Շիրակի մարզպետարան, դատախազություն, ապա` Ախուրյանի ոստիկանության բաժին: Ձայնային ազդանշանների աղմուկն ու «ամոթ» վանկարկումները թերեւս հասան հասցեատերերին: Ամենազավեշտալին Ախուրյանի շփոթված ոստիկանապետ Վահրամ Ենգոյանի պահվածքն էր: Նա սկսեց երկակի պատասխաններ տալ այն հարցին, թե ինչո՞ւ են բաժանմունք տարել վարորդներին: Հայտարարեց, որ վարորդների ծնողներին կանչել եւ ճշտել են անձնական ինչ-ինչ հարցեր. «Ում որ հրավիրել ենք, զրույց ենք ունեցել անձնական հարցով: Վրացական համարների հետ հարցը կապված չի եղել: Ծնողներին եմ հրավիրել անձնական հարցեր ճշտելու»: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ուժո՞վ են հրավիրում բաժիններ քաղաքացիներին, Ենգոյանը պատասխանեց, թե. «Դա շանտաժ է»: Ակցիաները լինելու են շարունակական: Առաջիկայում գյումրեցի վարորդները կմիանան Նոյեմբերյանում, Ստեփանավանում, Վանաձորում մեկնարկած բողոքի ակցիաներին: Եթե իշխանությունները զիջումների չգնան, գյումրեցի վարորդները հայտարարեցին, որ ստիպված կլինեն ընդունել Վրաստանի քաղաքացիություն: Նշենք, որ Վրաստանում այն աստիճանի է պարզեցվել քաղաքացիության տրամադրման գործընթացը, որ Հայաստանի քաղաքացին կես ժամում կարող է փոխել քաղաքացիությունը՝ դառնալով Վրաստանի քաղաքացի: ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի
ԾՆՈՂ ԵՆ ԿԱՆՉԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ