ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և գործընկերները նշում են Մայրենի լեզվի միջազգային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան, փետրվարի 20, 2015 թ. – Այսօր 43 դպրոցականներ մրցանակներ, նվերներ և հավաստագրեր ստացան ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՀՏՎ) երևանյան գրասենյակի և իր գործընկերների կողմից կազմակերպված ակնարկ-շարադրությունների առցանց մրցույթին մասնակցելու համար։ Մրցույթը կազմակերպվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված և ՄԱԿ-ի կողմից ամեն տարի նշվող Մայրենի լեզվի միջազգային օրվա ու հայաստանյան Գիրք նվիրելու օրվա շրջանակներում։

Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցած արարողության ընթացքում մրցութային հանձնաժողովը հայտարարեց ներկայացված 43 աշխատանքներից չորս լավագույնները, ևս երկու աշխատանքներ արժանացան խրախուսական գնահատականի։ Մրցույթը հայտարարվել էր փետրվարի սկզբին՝ «ՄԱԿ-ի բարեկամներ – Հայաստան» ֆեյսբուքյան խմբի շրջանակներում։ 8-ից մինչև 11-րդ դասարանների սովորողներին առաջարկվել էր շարադրել իրենց մտքերը ժամանակակից աշխարհում մայրենի լեզվի դերի վերաբերյալ։

«Միավորված ազգերի կազմակերպությունը Մայրենի լեզվի միջազգային օրը նշում է արդեն 15-րդ անգամ։ Այս տարի 70 տարեկան դարձող ՄԱԿ-ը մշտապես բարձր է գնահատել մայրենի լեզուների դերը՝ միևնույն ժամանակ խթանելով բազմալեզվությունն ու մշակութային բազմազանությունը»,- ասաց ՀՏՎ երևանյան գրասենյակի գործող ղեկավար Արմինե Հալաջյանը։ Նա նշեց, որ մայրենի լեզուն ցանկացած ժողովրդի մշակույթի ու ինքնության շատ կարևոր բաղադրիչն է, սակայն ընդգծեց նաև բազմալեզվության աճող դերը ժամանակակից գլոբալացող աշխարհում, որտեղ սահմանները թափանցիկ են, կիբեռտարածությունն՝ անսահման, իսկ առցանց հաղորդակցությունը՝ անչափելի։

Շնորհավորելով հաղթողներին՝ Տիկին Հալաջյանը շնորհակալություն հայտնեց այն համակարգողներին և ուսուցիչներին, որոնք օգնել էին երեխաներին ներգրավվելու միջոցառումներում։ Նա խրախուսեց մասնակիցներին հետագայում նույնպես մասնակցել համանման նախաձեռնություններին՝ նոր տեխնոլոգիաների և սոցիալական մեդիայի միջոցով։

Այս անգամ մրցույթի մասնակիցները գերազանցապես Երևանից էին, ի տարբերություն նախկինում կազմակերպված համանման երեք մրցույթների, որոնց մասնակիցները բացառապես Հայաստանի մարզերից էին։ Այնուամենայնիվ, այս մրցույթին նույնպես մարզերը ներկայացված էին՝ ի դեմս Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի և հեռավոր Սյունիքի մարզերից մրցույթին մասնակցած սովորողների։

Բացի հաղթողներից մրցույթի բոլոր մասնակիցներն ստացան մասնակցության հավաստագրեր և նվերներ, որոնք տրամադրել էին ՀՏՎ-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-յի ազգային հանձնաժողովը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Ազգային գրադարանը ու «Անտարես» հրատարակչությունը։

Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան՝ նշելով, որ մայրենի լեզվով կրթությունը կարևորագույն դեր ունի բոլորի համար ավելի հասանելի, որակյալ ու ներառական կրթության ապահովման հարցում, ինչն, իր հերթին, կնպաստի հանուն համաշխարհային քաղաքացիության և կայուն զարգացման կրթության խթանմանը։

Սա դպրոցականների մասնակցությամբ չորրորդ առցանց մրցույթն էր «ՄԱԿ-ի բարեկամներ – Հայաստան» ցանցի շրջանակներում, որոնք ՄԱԿ ՀՏՎ երևանյան գրասենյակը կազմակերպել է իր գործընկերների՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունների հետ։ 2014 թ. մարտին հիմնված ցանցի անդամներն ավելանում են ամեն օր։ Այս տարվա սկզբին ցանցին միացան նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցները։




Լրահոս