Կարելի է անվճար էներգիա ստանալ. բաց նամակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահին և վարչապետին բաց նամակ է ուղղել մասնագիտությամբ ճարտարագետ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիական խորհրդատու, ՌԴ քաղաքացի Ռաֆիկ Մուրադյանը, ով այս կերպ փորձում է ՀՀ իշխանությունների ուշադրությունը հրավիրել իր գիտական աշխատանքի վրա.
“Մեծարգո պարոն նախագահ Սերժ Սարգսյան, պարոն վարչապետ Տիգրան Սարգսյան.
Ես` Ռաֆիկ Մուրադյանս, մասնագիտությամբ ճարտարագետ եմ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիական խորհրդատու: Մոտ 15 տարի զբաղվում եմ գիտական աշխատանքով: Վերջին հինգ տարիներին, զբաղվելով գիտահետազոտական աշխատանքով, կյանքի կոչեցի “Ջրապտույտի տեխնոլոգիա” համակարգի գաղափարը, որն իրենից ենթադրում է “ձրի էներգիայի” աղբյուրի տարբերակ:
Էությունը հետևյալն է՝ “Ջրապտույտի տեխնոլոգիա” համակարգում ջրի ինքնակազմակերպման հաշվին ստեղծվում է ծավալային դինամիկական մասսա, որը հիշեցնում է տորնադո եւ իրենից ներկայացնում է ջրապտույտ, որի էներգիան տասնյակ անգամ գերազանցում է գոյություն ունեցող տեխնոլոգիաներով ստացվող էներգիայից:
Լինելով ՌԴ քաղաքացի, գյուտը հայտավորեցինք Հայաստանում, փորձերը կազմակերպեցինք Գյումրիում, երկու տարի անընդմեջ թակեցինք դռներ` այս տեղեկությունը Ձեզ հասցնելու համար, մասնակցեցինք Գյումրիի տեխնոպարկի շրջանակներում էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպվող մրցույթներին և “պարտվեցինք”:
Կարծում եմ, որ այս գյուտը պատկանում է ոչ միայն մեր ընտանիքին, այլև մեր հող ու ջրին, մեր երկրին: Մենք հետևողական ենք եղել, կազմակերպել ենք շնորհանդեսներ, համապատասխան պետական կառույցներից և հիմնադրամներից եղան արձագանքներ, սակայն վերջնական արդյունքում չհավատացին, իսկ հավատացողները լծակներ չունեին, որ օգտակար լինեն:
Ավելին, Դիջիթեկ 2011-ի ժամանակ, պ-ն վարչապետ` Ձեր ուշադրությանը արժանացավ մեր մանրակերտը, մեծ ոգևորությամբ հետաքրքրվեցիք, նույնիսկ հարցադրում արեցիք, թե առաջին աշխատող սարքը որտեղ ենք տեղադրելու: Սակայն Ձեր շքախմբից ինչ-որ մեկը արձագանքեց, թե իբր անիմաստ բաներ ենք ասում, այն դեպքում, երբ այս գյուտի իրագործումը մեր հանրապետությունը կարող է դարձնել էներգետիկայի ոլորտի համաշխարհային շուկայի հիմնական դերակատարներից մեկը:
Այս ամենը ես նկարագրեցի առանց որևէ չափազանցության և ավելորդ զգացմունքայնության: Կարծում եմ, “Հավատանք, որ փոխենք” կարգախոսը բնորոշ է նաև հենց այս իրավիճակին: Ես, սկզբունքորեն հեռու լինելով քաղաքականությունից, միաժամանակ, այդ կարգախոսին վերաբերվել եմ լրջորեն և նույնը փոխադարձորեն ակնկալում եմ Ձեզանից: Խնդրում եմ հանձնարարել ոլորտի պատասխանատու Ձեր ենթականերին` լսել իմ առաջարկները և գործնական մոտեցում ցուցաբերել, քանզի լավ տեղյակ եմ, որ Դուք խրախուսում եք գիտական առաջադեմ մոտեցումներն ու նորարարությունները:
Ես ընտրել եմ նամակով դիմելու տարբերակը, քանի որ սա մեր աշխատանքի մասին Ձեզ իրազեկ պահելու վերջին միջոցն է:
Մենք ակնկալում ենք ունենալ պետության աջակցությունը հետևյալ հարցերում՝
– պետության ֆինանսական ներգրավվածությունը ստեղծված ընկերության      բաժնետոմսերի դիմաց.
– անհրաժեշտության դեպքում, անտոկոս երկարաժամկետ վարկերի տրամադրում.
– պետական աջակցություն միջազգային շուկա մուտք գործելու հարցումե,- գրում է գյուտարարը ՀՀ նախագահին և վարչապետին հասցեագրած իր նամակում:




Լրահոս