Վերջերս Կամերային թատրոնում կայացավ նոր ներկայացման պրեմիերա` “Սքոչ ենք վիսկի”: Արդյոք անվանումը ճիշտ է՝ հետաքրքրվեցինք ռեժիսոր ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ: Ռեժիսորի խոսքերով՝ սքոչը կապելու սքոչն է, դե վիսկին էլ խմիչք է, բայց այստեղ ավելի շատ բառախաղ է: Ներկայացման մեջ տեսնում ենք, թե թանկ բանը կորցնելու համար մարդիկ ոնց են պայքարում: Ամուսինն ուզում է հեռանալ կնոջից, բայց կինը վիսկիի շշով հարվածում է ամուսնու գլխին, վերջինս ուշաթափվում է: Կինն էլ որոշում է սքոչով կապել ու պահել ամուսնուն այնքան, մինչեւ նա կրկին կսիրի իրեն: Լավատեսական կատակերգություն է: Կարեւորը՝ վերջում հերոսուհին` Լուիզա Ներսիսյանը, հասնում է իր ուզածին:
-Դուք ներկայացման ռեժիսորն եք, այդ ինչպե՞ս պատահեց, որ Ձեզ գլխավոր դեր չտվեցիք:
-Ես արդեն հոգնել էի բեմադրել ու խաղալուց, այս անգամ ուզեցի հանգիստ բեմադրել ու վայելել այդ հաճույքը: Հեչ պարտադիր չէ, որ ես խաղամ, տաղանդավոր դերասաններ են խաղում:
-Շատ ռեժիսորներ չեն կարողանում իրականացնել իրենց մտահղացումները, քանի որ համապատասխան բեմ, հարթակ չունեն, այս պարագայում կարելի է ասել՝ Դուք դրա խնդիրը չունեք:
-Փառք Աստծո, ես միշտ էլ ռեալիզացվել եմ իմ ցանկացած նախաձեռնության մեջ, դա միայն թատրոնով պայմանավորված չէ՝ չնայած, որ Կամերայինն իմ հարազատ թատրոնն է: Ես այսքան տարի է՝ այդ թատրոնում եմ, բայց սա իմ առաջին ռեժիսորական աշխատանքն էր, մնացածը եղել են թատրոնից դուրս: Ոչ թե նրա համար, որ ինձ հարթակ չի տրվել, այլ աշխատանքի բերումով է այդպես ստացվել:
Ուրախ եմ, որ մեր թատրոնի կազմում շատ լավ մարդիկ են, կարծես մի ընտանիք լինի, բոլորը պատրաստ են իրար օգնելու, եւ այդ էներգիայով մենք դաստիարակվել ու լցվել ենք Երնջակյանից: Նա համախմբել է բոլորիս:
-Լսել եմ, որ պարոն Երնջակյանը, բացի նրանից, որ լավ ղեկավար է, նաեւ, համեմատած այլ թատրոնների, բարձր է վարձատրում իր դերասաններին: Այդպե՞ս է:
-Այդ ամենն իրական է, ուղղակի մեր թատրոնը փոքր է, եթե մեծ լիներ, մեր դերասանները շատ ավելի գումար կստանային: Չնայած մենք շաբաթական 5 ներկայացում ենք խաղում ու բոլորն էլ անշլագ են, լեփ-լեցուն դահլիճներով: Բայց դերասանները գոհ են ոչ միայն իրենց աշխատավարձից, որն այսօր մաքսիմումն է, այլեւ հոգեպես են գոհ, քանի որ մթնոլորտը շատ ընտանեկան է, իսկ ղեկավար-ռեժիսոր-դերասան փոխհարաբերություններն էլ ընկերական հողի վրա են դրված:
-Մի անգամ Ձեր կոլեգաներից մեկն ասաց, որ եթե ինքը թատրոնում ստանար 600.000 դրամ աշխատավարձ, իրեն շատ երջանիկ կզգար: Ո՞րն է Ձեզ համար իդեալական աշխատավարձի չափը:
-Ցավոք սրտի, կյանքն այսօր այնքան բարդություններ ունի, որ բոլորը կախված են ֆինանսներից: Ինչքան էլ գումար լիներ, հաստատ կգտնվեն տեղեր, որտեղ հնարավոր կլինի ծախսել: Կոնկրետ չափ ու սահման չեմ կարող ասել:
-Շատ փող ունենայիք, ի՞նչ կանեիք:
-Ես հիմա էլ զբաղվում եմ թատրոնով ու թատրոնին կից այլ բաներով, բայց կզբաղվեի միայն թատրոնով, ես այլ տեղ չեմ պատկերացնում ինձ:
-Որովհետեւ չե՞ք կարող, թե՞ չեք ուզում:
-Չեմ ուզում, բայց իմ կյանքում շատ տարբեր, բազմապրոֆիլ բաներ եմ արել, հիմա էլ եմ տարբեր գործեր անում, բայց կրկին թատրոնին մոտ:
-Դե Ձեր պարագայում թատերական մթնոլորտը շարունակվում է տանը, Ձեր կինը` Լուսինե Երնջակյանը, նույնպես ռեժիսոր է:
-Դա էլ շատ լավ է, մենք երկուսս էլ ուրիշ կերպ չենք պատկերացնում: Մեր կյանքը լի է ստեղծագործական փնտրտուքներով, վեճերով, ինչը շատ օգնում է երկուսիս էլ:
-Ասացիք՝ տարբեր բաներով եք զբաղվել, եղե՞լ է առաջարկ, օրինակ, թամադա աշխատելու:
-Այդ տիպի առաջարկները մեր կյանքում շատ են, ու երեւի լավ է, որ շատ են, քանի որ կան մարդիկ, ում ֆինանսական աղբյուրը հենց այդ տեսակ գործերն են: Ես չեմ զբաղվում երկու պատճառով: Վերջին ժամանակներս ես հեռուստատեսային ոլորտում էլ չեմ երեւում: Ինչ-որ գործ անելիս ես նվիրվում եմ մինչեւ վերջ, բայց թամադայության մեջ ո՞նց նվիրվեմ մինչեւ վերջ: Իսկ երբ ես պետք է անկեղծ չլինեմ, ավելի լավ է այդ գործով չզբաղվեմ: Նույնը վերաբերում է սերիալներին: Զգում եմ, որ կիսապրոֆեսիոնալ մթնոլորտ է այնտեղ, ու ոչ բոլորն են իրենց տեղերում ու մասնագիտական պրոֆեսիոնալիզմի վրա, դրա համար սերիալներից էլ եմ հրաժարվում:
-Դերասանները կյանքո՞ւմ էլ են դերասանություն անում:
-Ես կարող է օբյեկտիվ չպատասխանեմ, լավ ու վատ դերասանի հարց կա: Եթե դերասանն ինքնաբավ է իր մասնագիտության մեջ, ուրեմն կյանքում խաղալու խնդիր չունի: Երբ ինքը պարպվում է թատրոնում, կյանքում խաղալու ցանկությունը կորում է:
Բայց մեր կյանքի բարոյական նորմերի մեջ այնքան շինծու բաներ կան, որ շատ պարագաներում էլ բոլոր մասնագիտության տեր մարդիկ խաղում են:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ