Կոռուպցիայի դեմ պայքար նշանակում է չնայել ոչ մեկի հարազատի մռութին. Գուրգեն Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե Հայաստանում կստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ եւ փորձագիտական հանձնախումբ, որը կղեկավարեն ինքն ու ՀՀ ֆինասների նախարար Գագիկ Խաչատրյանը:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարել է, որ նախագծի շուրջ իրականացվել են հանրային քննարկումներ: Նախարարը նշել է նաեւ, որ վերջին տասնամյակում կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է ՀՀ Կառավարության գերակայություններից մեկը, իսկ հիմնախնդրի լուծման համար կարեւորագույն երաշխիքը հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ համակարգի ներդրումն է: Հ. Մանուկյանը հավելել է, որ խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը, ներգրաված են լինելու ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի խոսքով՝ պատգամավորներ ընդգրկելու համար Կառավարությունը պետք է դիմի ԱԺ-ին, ուստի նա առաջարկել է դիմել բոլոր ընդդիմադիր խմբակցություններին: Սակայն վարչապետը հորդորել է դիմել ԱԺ նախագահին. «Ես կարծում եմ, որ ճիշտ է՝ ԱԺ նախագահի միջոցով լինի դա, ե՛ւ կոռեկտ կլինի, ե՛ւ մեր մոտեցումը ճիշտ է: Եթե չեք պնդում»,-ասել է Աբրահամյանը: Ի պատասխան՝ Թովմասյանն արձագանքել է, թե տեքստի մեջ չի երեւում՝ ԱԺ նախագահը դիմելու է, թե ոչ:

Նշենք, որ դեռեւս 2012 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ գրեթե նույն բովանդակությամբ հայտարարություն էր արել ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը: «Հանրապետության նախագահի հետ ես զրույց եմ ունեցել կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ: Այն իրավիճակը, որը կոռուպցիայի ոլորտում ստեղծվել է Հայաստանում, մեզ չի բավարարում: Հանրապետության նախագահը վճռական գործողություններ է պահանջում, այդ թվում՝ վիրահատական մեթոդների կիրառում, որպեսզի այստեղ կարողանանք այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կլինեն շոշափելի եւ տեսանելի:

Դրա համար, հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ ձեզ Դավիթ Սարգսյանին առաջարկություններ ներկայացնել այն մասով, թե որ հասարակական կազմակերպությունների հետ եք դուք համագործակցում այս բնագավառում, որպեսզի նրանց նույնպես մասնակից դարձնենք այս քննարկումներին: Եվ երկրորդը, կարծում եմ, որ ճիշտ կլինի նաեւ հրավիրել ընդդիմադիր կուսակցություններին, որպեսզի նրանք մեզ հետ համագործակցեն եւ ներգրավված լինեն այս աշխատանքներում»,-նշել էր նախկին վարչապետը:

Սակայն մինչեւ օրս էլ այդ խորհուրդի կազմավորման եւ գործունեության մասին որեւէ բան հայտնի չդարձավ հանրությանը, այդպես էլ անհայտ մնաց, թե այդ «վիրահատական մեթոդները» ինչո՞ւ չկիրառվեցին կամ կիրառվելուց հետո ի՞նչ արդյուք ունեցան: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներից պարզել՝ արդյո՞ք պատրաստվում են ներգրավվել այդ խորհրդում: Սակայն պատգամավորները հայտարարում էին, թե իրենց համար դեռեւս որեւէ բան պարզ չէ, ու հարցը չի քննարկվել խմբակցություններում:

Կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանին:

-Պարո՛ն Եղիազարյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է իր ղեկավարությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ եւ փորձագիտական հանձնախումբ ստեղծել: Նշենք, որ նման խորհուրդներ արդեն իսկ նախկինում եղել են: Իսկ վերջին փորձը ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանն արեց, որը, սակայն, այդպես էլ կյանքի չկոչվեց: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ՀՀ իշխանություններին չի հաջողվում այդ ոլորտում առաջընթաց արձանագրել:

-Նախկին վարչապետը պայքարը սկսեց Կիպրոսում: Նրան հաջողվեց թալանել գործարար Փայլակ Հայրապետյանին: Կարեւորը նաեւ այն է, թե ով է սկսում այդ պայքարն ու ինչպես է ավարտում: Իսկ եթե ընդհանուր նայենք՝ կոռուպցիան վերացնել չի լինի, քանի որ այդ ամենն աշխարհով մեկ է, բայց, համենայնդեպս, վիճակը փոխել կլինի, եթե կամք ունենան ու իսկապես իրենք ուզենան ինչ-որ բան անել:

Ես կհավատամ կոռուպցիայի դեմ պայքարին, եթե այն սկսվի իշխանական բարձր օղակներից, կոռուպցիայի դեմ պայքար չի նշանակում բռնել հերթական տեղամասային տեսուչին, չի նշանակում բռնել միջին մի չինովնիկի: Կոռուպցիայի դեմ պայքար նշանակում է չնայել ոչ մեկի հարազատի մռութին, դեմքին եւ պատժել, եթե ինքը մտել է պետության եւ քաղաքացու գրպանը: Այ, սա կլինի պայքար, իսկ այդ թույլատվությունը, իմ կարծիքով, վարչապետը չի ստանա:

-Այդ դեպքում ինչո՞ւ են նորից ՀՀ իշխանությունները նման հայտարարությամբ հանդես գալիս:

-Քաղաքական պայքարը ՀՀ-ում չի մարել, այն ժամանակավոր դադար ունի, որպեսզի այս ամենը լավ քողարկվի, հարկավոր է նման հայտարարություն: Այդ հայտարարություններն անելուց հետո կնայենք, թե ինչ կատարվեց դրանից հետո, ես դեռ սեպտեմբերին եմ ասել՝ Հովիկ Աբրահամյանին թույլ չեն տա, որ նա աշխատի: Սա ձեւ է, որպեսզի մարդկանց ուշադրությունը քաղաքական դաշտից շեղվի:

Իսկ երկրորդն էլ՝ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, որ պետք է տարիներ առաջվա Գագիկ Ծառուկյանի գործունեությամբ հետաքրքրվեն, վեր հանեն, ստուգեն, պարզաբանեն բոլոր տեղեկությունները կոռուպցիայի հետ կապված, հարկերի չվարման եւ այլն, այս ամենն էլ լղոզելու մի ուղիղ դրվագ է՝ կոռուպցիայի դեմ հայտարարված անձի դեմ պայքար: Ես կհավատամ այս պայքարին, եթե այն սկսվի հանճարեղ Պյութագորասի թեորեմը եւ «Վարդանանք»-ը սերտած գործչի բնագավառից:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս