Հայաստանից արտահոսած գումարի չափը նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանն անցած՝ 2014 թվականին շարունակել է աղքատանալ: 2014 թվականի ամփոփ տվյալներով Հայաստան է ներմուծվել 4 միլիարդ 440 միլիոն 73 հազար դոլարի ապրանք, իսկ արտահանվել է մեկ միլիարդ 507 միլիոն 108 հազար դոլարի ապրանք: Ըստ այդմ, ներկրման եւ արտահանման բացասական տարբերությունը կազմել է 2 միլիարդ 932 միլիոն 965 հազար դոլար: Այսինքն՝ նշված գումարի չափով Հայաստանն անցած տարում աղքատացել է:

Սակայն այդ թիվը ճշգրիտ չէ, քանի որ Հայաստանը «եկամուտ» է ստանում նաեւ խոպանչիների եւ արտերկրում ապրող մեր հայրենակիցների կողմից իրենց հարազատներին ուղարկած տրանսֆերտների տեսքով: Ըստ այդմ, 2014 թվականին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է մեկ միլիարդ 220 միլիոն 737 հազար դոլար: Այս թիվը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ Հայաստանից դուրս եկած եւ չվերադարձած գումարը 2014-ին կազմել է մեկ միլիարդ 712 միլիոն 228 հազար դոլար: Նախորդ՝ 2013 թվականին այդ ցուցանիշը եղել է մեկ միլիարդ 559 միլիոն 836 հազար դոլար:

Ի դեպ, միայն ներմուծման եւ արտահանման թվերով Հայաստանից արտահոսած գումարի չափը նվազել է, քանի որ 2013-ին արտահանման եւ ներմուծման բացասական տարբերությունը կազմել է 3 միլիարդ 10 միլիոն 16 հազար դոլար: 2013-ին արտահանման ծավալը մի փոքր պակաս է եղել` մեկ միլիարդ 478 միլիոն 736 հազար դոլար, ինչպես նաեւ ներմուծումն է 2014-ի համեմատ ավելի շատ եղել` 4 միլիարդ 488 միլիոն 752 հազար դոլար: Այսինքն՝ 2014-ին ներմուծումը 48 միլիոն դոլարի չափով նվազել է, իսկ արտահանումը՝ 29 միլիոն դոլարի չափով ավելացել: Սակայն տրանսֆերտների անկման արդյունքում Հայաստանի արտաքին ապրանքադրամաշրջանառության բացասական տարբերությունը շուրջ 150 միլիոն դոլարով աճել է:

2014 թվականին, ինչպես եւ նախորդ տարիներին, առավել շատ արտահանվել է հանքաքար եւ խտահանք պղինձ` 185 հազար 89 տոննա, որի արժեքը կազմել է 235 միլիոն 872 հազար 300 դոլար: Նախորդ` 2013-ին արտահանվել էր 173 հազար 207 տոննա, որի արժեքը կազմել էր 279 միլիոն 914 հազար 400 դոլար: Այսինքն՝ 2014-ին ավելի շատ է արտահանվել, բայց դիմացը ստացված գումարը նախորդից քիչ է եղել, ինչը բացատրվում է միջազգային շուկայում պղնձի խտանյութի գնի անկմամբ: Երկրորդ ամենաշատ արտահանված ապրանքը եղել Էթիլային սպիրտը՝ չբնափոխած` 164 միլիոն 915 հազար 300 դոլար արժողությամբ:

Նախորդ՝ 2013 թվականի համեմատ էթիլային սպիրտի արտահանումն ավելի քան 23 միլիոն դոլարով նվազել է: Պետք է արձանագրենք, որ Հայաստանից արտահանված տասը անուն ապրանքների ընդհանուր գումարը կազմել է մեկ միլիարդ 93 միլիոն 276 հազար դոլար: Այսինքն՝ ընդհանուր արտահանումների ավելի քան 70 տոկոսը կազմել են տասը անուն ապրանքներ:

Անցած տարվա արտահանման աճը հիմնականում ապահովել է մեկ ապրանքատեսակի` սիգարետի արտահանման ծավալների շեշտակի ավելացումը: 2014-ին Հայաստանից արտահանվել է 116 միլիոն 551 հազար դոլարի սիգարետ՝ նախորդ տարվա 68 միլիոն 44 հազար դոլարի դիմաց:

Ի դեպ, 2014-ին Հայաստանից արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների շարքում նոր անուն է ի հայտ եկել` թանկարժեք մետաղի հանքաքար եւ խտահանք: Նախկինում այս ապրանքատեսակից կա՛մ չի արտահանվել, կա՛մ էլ արտահանվել է չնչին ծավալներով: Իսկ անցած տարի Հայաստանից թանկարժեք մետաղի 5 հազար 802 տոննա հանքաքար է արտահանվել, որի մաքսային արժեքը կազմել է 32 միլիոն 718 հազար դոլար:

Այս փաստն ինքնին ուշագրավ է, քանի որ նախկինում Հայաստանում շահագործվող թանկարժեք մետաղների հանքաքարերը տեղում էին մշակվում, ըստ այդմ, պետական իրավասու մարմինները հստակ իմանում էին, թե որքան թանկարժեք մետաղ է արդյունահանվել այս կամ այն հանքից: Իսկ խտանյութ արտահանելով՝ մենք փաստացի այլեւս հնարավորություն չենք ունենում իմանալ, թե տվյալ հանքից որքան թանկարժեք մետաղ է արդյունահանվել: Տվյալ դեպքում պատկան մարմինները պետք է առաջնորդվեն միջինացված ինչ-որ թվով, որը ենթադրյալ ցուցանիշ է եւ հիմնվում է տվյալ հանքի՝ մինչեւ շահագործում իրականացված հետազոտությունների արդյունքների վրա:

Վահագն Հովակիմյան




Լրահոս