ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Գյումրիի “Մհեր Մկրտչյան” թանգարանի տնօրեն Շ. Մելքոնյանի կողմից 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2012թ. մայիսի 6-ին “ԳԱԼԱ” հեռուստաընկերությամբ տեսանյութ էր ցուցադրվել` Գյումրիի “Շարլ Ազնավուրի” անվան հրապարակում “Գազել” մակնիշի ավտոմեքենայից կաշառք բաժանելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազի` 2012թ. հուլիսի 21-ի որոշմամբ վերացվել էր հիշյալ հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը եւ հարուցվել քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Գյումրի քաղաքի ,Մհեր Մկրտչյանե թանգարանի տնօրեն, ՀՀԿ անդամ Շ. Մելքոնյանը ՀՀԿ օգտին քվեարկելու նպատակով Գյումրի քաղաքի մի քանի քաղաքացիների 5 հազարական դրամ ընտրակաշառք է տվել, որպեսզի նրանք 2012թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրություններին քվեարկեն ՀՀԿ օգտին` այդկերպ խոչընդոտելով ընտրողների կամքի ազատ իրականացմանը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Շ. Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ ընտրակաշառք ստացած քաղաքացիների մասով 2012թ. օգոստոսի 9-ին որոշում է կայացվել` քրեական հետապնդում չիրականացնելու մասին` գործուն զղջման հիմքով: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: