ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքապետի ընտրությունների շուրջ աղմուկը դեռ չի դադարում: Ինչպես հայտնի է՝ առաջադրված գրանցված թեկնածուները վեցն են, որից չորսը՝ ՀՀԿ-ական, իսկ երկուսը՝ անկուսակցական:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին Արմավիրում ակտիվ քննարկումներ են ընթանում այն մասին, որ քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներից մեկին՝ ՀՀԿ-ական Նվեր Պետրոսյանին, աջակցելու է ոչ միայն մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, այլեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց հենց Նվեր Պետրոսյանի հետ:
-Պարո՛ն Պետրոսյան, նախընտրական ի՞նչ մթնոլորտ է հիմա քաղաքում:
-Լարվածություն չկա, ամեն ինչ կարգին է: Մենք թշնամիներ չենք, այլ մրցակիցներ ենք:
-Չնայած Ձեր պնդումներին՝ արմավիրցիները վստահ են, որ այս ընտրությունները թեժ են անցնելու: Չէ՞ որ թեկնածուների թվում է նաեւ Նահապետ Գեւորգյանի որդին՝ Արտակ Գեւորգյանը, ով հայտնի է քրեական անցյալով:
-Ես շատ հարգում եմ պարոն Գեւորգյանին, Արտակին նույնպես, մենք համակուսակիցներ ենք, միասին ճանապարհ ենք անցել: Ու գիտեմ, որ նա էլ իմ անձի հանդեպ նույն վերաբերմունքն ունի:
-Այս օրերին Արմավիրում ակտիվ քննարկվում է, որ Ձեզ, մարզպետից բացի, աջակցելու են նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Սա քաղաքային ընտրություններ են, բոլոր թեկնածուները ՀՀԿ-ականներ են: Ե՛ւ Շարմազանովը, ե՛ւ Կարեն Ավագյանը իմ կուսակից ընկերներն են, որովհետեւ ես երկար տարիներ եղել եմ Հանրապետական կուսակցության մարզային երիտթեւի նախագահ: Իսկ աջակցելու մասով կասեմ, որ ոչ մի նման բան չկա: Անկեղծ ասած՝ այս թեմայով նույնիսկ չեմ էլ խոսել իրենց հետ: Ես մարզպետի, Շարմազանովի ու Կարեն Ավագյանի մարդը չեմ:
-Ինչո՞ւ որոշեցիք Ձեր թեկնածությունն առաջադրել:
-Բացի մարզպետի օգնական լինելուց՝ ես նաեւ քաղաքի ավագանու անդամ եմ: Ահագին շատ ընտրողներ ունեմ, ահագին մեծ ձայներով անցել եմ ավագանի եւ իմ ընկերների հորդորով եւ այս իրավիճակը տեսնելով՝ ցանկություն առաջացավ առաջադրվել:
-Մարզպետն ինչպե՞ս ընդունեց Ձեր՝ քաղաքապետ դառնալու որոշումը:
-Հարցրեց՝ դու քո ուժերի վրա վստահ ես, ես էլ պատասխանեցի, թե՝ այո, պարո՛ն մարզպետ: Ես վստահ եմ, որ պարոն Ղահրամանյանն այս տարի նորմալ ընտրություններ կկազմակերպի:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը