«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, դեռ չձեւավորված, սկսել է պառակտվել. երեկ այս կուսակցությունը լքել է ԱԴԿ վարչության անդամ, Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը: Ընդ որում, նա կուսակցությունից դուրս է եկել իր թիմով, որի կազմում են՝ Դավիթ Առաքելյանը, Կարեն Կարապետյանը, Կարեն Սավզյանը, Հրաչ Հակոբյանը, Արմեն Բաղդասարյանը, Վալենտինա Միրզոյանը եւ Գառնիկ Գեւորգյանը: Հետաքրքիր զուգադիպությամբ ԱԴԿ-ն լքելու մասին հայտարարվեց երեկ՝ Ա. Զուրաբյանի ծննդյան օրը: Բայց սա միակ ուշագրավ հանգամանքը չէ կատարվածում: Բանն այն է, որ ԱԴԿ-ն լքած Գ. Գեւորգյանը կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանի սանիկն է: Ինչ վերաբերում է Ա. Զուրաբյանին, ապա նա իր թիմի հետ դեռ ԱԺ ընտրություններից առաջ էր փաստացի դադարեցրել այդ կուսակցության հետ շփումները (այս մասին «Ժողովուրդ»-ը բազմիցս գրել է), իսկ երեկ ընդամենը թղթի վրա պաշտոնապես արձանագրվել է նրանց որոշումը:
Ի դեպ, վերը նշված մարդիկ դադարեցրել էին շփումը ԱԴԿ-ի ու նրա ղեկավարի հետ այն բանից հետո, երբ դեռ ընտրություններից առաջ՝ համամասնական ցուցակի քննարկումների ժամանակ, անտեսվել էին: Ինչպես հայտնի է, Ա. Զուրաբյանը ՀՀՇ վարչության նախկին նախագահն է: ՀՀՇ վարչության նախկին անդամ են նաեւ Դ. Առաքելյանը, Կ. Կարապետյանն ու Հ. Հակոբյանը:
ԴԵՌ ՉՍՏԵՂԾՎԱԾ` ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ