Արհամարհված դատարանը կարո՞ղ է հակակշիռ լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրության վրա բարդելով Հայաստանում տեղի ունեցող գործընթացների ողջ մեղավորությունը՝ իշխանությունը հենց այս «հիմնավորումով» է արդարացնում իր գործողությունները: Այս քայլով իշխանությունը ոչ միայն մեղավորությունը գցում է վերացական երեւույթի վրա՝ ազատելով իրեն պատասխանատվությունից, այլեւ օգտագործում է առիթն իր վերարտադրությունն ապահովելու համար: Հենց այս տրամաբանության մեջ պետք է հասկանալ փոփոխությունների իրական նպատակը, ինչի առհավատչյան է նաեւ հրապարակված «Հայեցակարգում» ներառված հիմնավորումներից հերթականը, որ վերաբերում է դատական անկախության խնդրին:

Այսպես՝ սահմանադրական փոփոխությունների դրույթների համակարգային փաստաթղթի՝ «Հայեցակարգի» «Ներածություն» բաժնում սկսված գործընթացը հիմնավորող կետերից հերթականը հռչակում է. «Հանրային պատշաճ վստահություն ունեցող արդարադատական համակարգի ձեւավորման հետ մեկտեղ, իրավական պետության չափորոշիչներին համապատասխան սահմանադրորեն պետք է երաշխավորել դատական իշխանության հակակշռող դերի էական ամրապնդումն իշխանության այլ ճյուղերի առնչությամբ»: Թվում է՝ բավականին ադեկվատ ու օրինաչափ մոտեցում է, սակայն այստեղ ամենեւին նորություն չկա: Դեռ անտիկ շրջանից հանձինս աթենական դեմոկրատիայի ու հռոմեական հակակշիռների նախնական (տվյալ ժամանակի համար՝ խիստ առաջադեմ), ապա արդեն 18-րդ դարում համակարգային սահմանադրա-իրավական գործընթացների կենտրոնում իշխանության տարբեր ճյուղերի հակակշռի դերակատարությունն իմպերատիվի կարգավիճակ էր ստացել: Սահմանադրագիտության համաշխարհային մեծագույն գործիչներից սկսած՝ ժամանակակից ժողովրդավարական համակարգերի ամենապարզ բանաձեւերից մեկը հենց իշխանության ճյուղերի հակակշռության ապահովման անհրաժեշտությունն է:

Այդուհանդերձ, պետք է հասկանալ՝ արդյո՞ք հակակշռի մեխանիզմը վերապահված է զուտ սահմանադրությանը, թե՞ այն առավելապես քաղաքական հարթության խնդիր է: Թեպետ այս հարցում փոխադարձաբար աշխատում են վերջին երկու գործոնները, այսուհանդերձ, երկրորդի բացակայության պայմաններում սահմանադրականությունը բացառապես թղթի վրա մնալու «չարամիտ» հատկություն ունի: Եթե Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը 18-րդ դարի ավարտին Սահմանադրության հիմքում դրեցին իշխանության երեք ճյուղերի հավասարակշռության սկզբունքը, նրանք ոչ միայն խոսքով, այլեւ առաջին հերթին գործով ապացուցեցին, որ հարգում են դատարանն ու դրա դերակատարությունն իշխանության գործառույթի շրջանակներում: 19-րդ դարի սկզբներից սկսած՝ ԱՄՆ-ում դատական իշխանությունը՝ հանձին Գերագույն դատարանի, ձեռնամուխ եղավ իր իրավարար գործառույթի իրականացմանը Նախագահի ու Կոնգրեսի իրավահարաբերությունների հստակեցման ու կայացման ասպարեզում: Ավելին՝ Գերագույն դատարանը մասնակցում էր նահանգների եւ դաշնային իշխանության հարաբերությունների կարգավորմանը: Հատկանշական է, որ դատական իշխանության՝ նմանօրինակ նախաձեռնությունները թելադրված էին ոչ այնքան դատարանի կամքով, որքան բանավիճող կողմերի՝ այս ինստիտուտի հանդեպ հարգանք ու պատկառանք ունենալու հանգամանքով: Այս պետության մեջ քաղաքական կամքի՝ իրավական ինստիտուտը հարգելու եւ գործընթացները սահմանադրա-իրավական ուղղությամբ տանելու ցանկության հիման վրա էր, որ առաջին հերթին կառուցվեց իրավական պետությունը:

Արդ, դատական իշխանության հակակշռող դերակատարությունն արձանագրված է նաեւ ՀՀ գործող Սահմանադրությամբ, ուստի եւ հարկ է նախ՝ հարգել հենց այս դրույթը՝ դրանով իսկ կատարելագործելու հիմքեր գցելով: Իսկ ինչպե՞ս է մեզ մոտ տեղի ունեցել դատական իշխանության հանդեպ հարգանքի վերափոխումն արհամարհանքի ու ստորացման: Այս հարցում առաջին իրական «ձեռքբերումը» պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, երբ նա 1998թ. նախագահի պաշտոնում առաջադրվեց՝ ՀՀ Սահմանադրությունը կոպտագույնս խախտելու ճանապարհով: Նրա՝ Հայաստանում նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունքի հարցը պետք է քննվեր Սահմանադրական դատարանում եւ, ըստ էության, բացասական եզրակացության արժանանար՝ արգելելով Քոչարյանին հավակնել նախագահի պաշտոնին: Դա տեղի չունեցավ, եւ դատական իշխանության ամենաբարձր օղակի հրապարակային արհամարհումն օրինաչափությունների՝ ցայսօր ձգվող առիթ դարձավ: Սահմանադրական դատարանի հանդեպ Քոչարյանի երկրորդ ապտակը վստահության հանրաքվե անցկացնելու առաջարկի անտեսումն էր:

Եվ եթե ողջ ժողովրդի ու իշխանության բոլոր ճյուղերի առաջ ստորացվում էր գերագույն դատարանը, ինչո՞ւ պիտի դատական աստիճանակարգության ստորին օղակները մնային անկախ ու նվիրված սահմանադրության շնորհած հակակշռի գործառույթին: Այս առումով լիովին տրամաբանական պիտի լիներ, որ դատարանները դառնային իշխանության կամակատարը՝ քաղաքական հակառակորդներին ճնշելու նպատակով: Քոչարյանական այսօրինակ «պանծալի» ավանդույթները փոխանցվեցին նաեւ Սերժ Սարգսյանի վարչակազմին, երբ 2008թ. սկսած քաղաքական խայտառակ դատավարությունները տարիներ տեւեցին, իսկ արդարադատական մակարդակում տնտեսական հարստահարությունները նոր թափ ստացան՝ խոչընդոտելով ընդդիմադիր կամ իշխանության բացարձակ վերահսկողության տակ չգտնվող գործարարների գործունեությանը:

Այս ամենը հաշվի առնելով՝ մի՞թե արդարադատության համակարգի հանդեպ հասարակական պատշաճ վստահություն կարելի է ստանալ՝ Սահմանադրության մեջ այդ մասին հիշատակություն անելով: Թե՞ «Հայեցակարգի» հեղինակները վստահ են, որ եթե դատական իշխանության՝ հակակշռող գործառույթի հատվածը մուգ եւ մեծ տառերով գրեն, ապա խնդիրը կլուծվի: Վերջապես, ինչպե՞ս ենք պատրաստվում թղթի վրա դաջված պնդումների ազդեցությամբ բարձրացնել իշխանության այն ճյուղի հակակշռող դերակատարությունը գործադիրի ու օրենսդիրի նկատմամբ, որը վերջիններիս կողմից քանիցս քամահրվել ու ստորացվել է: Տասնյակներով կարելի է հաշվել անձամբ Սերժ Սարգսյանի միջամտությունները դատական իշխանության գործունեությանն ու օրենսդիրների բազմաթիվ ներկայացուցիչների՝ դատարանը սեփական շահերին ամեն գնով ծառայացնելու օրինակները:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս