ԱՆԿԵՆՍԱԿԵՐՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին եզդիները դիմել են ՀՀ կառավարությանը` պահանջելով վերանայել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով ՀՀ-ում կանանց եւ տղամարդկանց ամուսնության նվազագույն տարիքը սահմանվում է 18 տարեկանը: Եզդիները պահանջել են աղջիկների համար այդ շեմն իջեցնել մինչեւ 16 տարեկան: Հիշեցնենք, որ ավելի վաղ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն ասել էր, թե եզդիների համար 18 տարեկան աղջիկը «պառավ է եւ համարվում է տունը մնացած»: Թամոյանի այդ պնդումն ավելի ուշ սրբագրել էին եզդի համայնքի այլ ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ, սակայն, չթաքցնելով, որ առանձնապես ոգեւորված չեն իրենց աղջիկներին այդքան «հասուն» տարիքում ամուսնացնելու հեռանկարից: Նշված նամակով եզդիները ՀՀ կառավարությունից պահանջել էին հարգել իրենց ազգային ավանդույթները՝ հակառակ դեպքում սպառնալով բողոքի ակցիաներ կազմակերպել: Եւ ահա երեկ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է վերանայել ամուսնության նվազագույն տարիքային շեմը 18 տարին սահմանելու մասին իր որոշումը: Մի կողմ թողնելով այն հարցը, թե որքանով է դա նպատակահարմար, անդրադառնանք վարչապետի բերած փաստարկներին: Նա բառացիորեն ասել է հետեւյալը. «Ինձ զեկուցեցին, որ Ռուսաստանում թույլատրվում է ամուսնանալ՝ սկսած 14 տարեկանից, եւ օրենսդրական սահմանափակումներ չկան»: Փաստորեն, մեր երկրում որեւէ օրինագծի վերանայման համար կարող է բավարար պայման համարվել այն, որ վարչապետի օգնականներն ուշացումով  իրենց վերադասին զեկուցում են որեւէ այլ երկրի բարքերի մասին: Հետաքրքիր է, իսկ մինչեւ խնդրո առարկա օրինագծին հավանություն տալը, հարգարժան վարչապետն ինչո՞ւ հարկ չէր համարել հետաքրքրվել ռուս դեռահասների սեռական հասունացման խնդիրներով: Դեռ լավ է, որ որպես օրինակ՝ վարչապետը դիտարկել է Ռուսաստանի, եւ ոչ թե, ասենք, Պակիստանի կամ Շրի Լանկայի ամուսնական ավանդույթները: Ամենատարակուսելին, սակայն, վարչապետի հատկապես վերջին փաստարկն է. «Հարկավոր է հարցը դիտարկել տարբեր տեսանկյուններից, քանի որ եթե այդ տարիքում ամուսնանում են, ուրեմն մենք խաթարում ենք այդ մարդկանց բնական կենսակերպը»: Հիմա Եգիպտոսում էլ որոշ կաստաների մոտ ընդունված է դիապղծությունը` երբ ամուսինը մեռած կնոջ հետ «հրաժեշտի սեքս» է ունենում: Այս սարսափելի սովորույթը վերջերս փորձ արվեց անգամ օրինականացնել: Ու հիմա եթե հետեւենք վարչապետի տրամաբանությանը, ստացվում է, որ թույլ չտալով դիապղծել սեփական կանանց, Եգիպտոսի իշխանությունները խաթարել են սեփական քաղաքացիների  «բնական կենսակերպը»: Կամ էլ` նույն ՌԴ-ում ոչ միայն ամուսնանում են, այլեւ ալկոհոլիզմով ու թմրամոլությամբ են զբաղվում դեռեւս մանուկ հասակից` միանգամայն «բնական կենսակերպի» շրջանակներում: Դուրս է գալիս` արգելելով ռուս դեռահասներին ալկոհոլի օգտագործումը՝ ռուսական իշխանությունները խաթարում են սեփական քաղաքացիների «բնական կենսակերպը»: Ինչպես միշտ, վարչապետի եզրահանգումներում տրամաբանության փնտրտուքը դժվար գործ է:




Լրահոս