Մոտ երկու ամիս է, ինչ Հայաստանը հանդիսանում է ԵՏՄ անդամ երկիր: Սակայն մեր հասարակությունը գրեթե տեղեկացված չէ, թե մաքսային տարածքով հատկապես ո՞ր ապրանքներն են հնարավոր ներմուծել կամ արտահանել եւ որոնք՝ ոչ:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԵՏՄ անդամ երկրները մաքսային տարածքով կարող են մարդու օրգանները, հյուսվածքները, արյունը եւ դրա բաղադրամասերը սահմանափակ քանակությամբ ներկրել եւ արտահանել: Սակայն ՀՀ գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանի փոխանցմամբ՝ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությունից հետո ոչ թե արգելվում կամ սահմանափակվում է արյուն արտահանելը կամ ներմուծելը, այլ պահանջում է լիցենզավորում: «Դրա համար համապատասխան լիցենզիա է անհրաժեշտ, որը, իհարկե, անվտանգության տեսակետից ավելի նպատակահարմար է»,- լրացրեց արյունաբանը:
Տեղեկացնենք, որ արյան մասին ՀՀ օրենքով բաղադրամասերի արտահանումը Հայաստանից դուրս թույլատրվում է ՀՀ-ի կարիքների համար արյան պատրաստուկների ստացման կամ պատրաստուկների հետ փոխանակման նպատակով, արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով եւ այլն: Արյան բաղադրամասերի արտահանումը կարող է թույլատվել միայն ՀՀ կարիքների համար արյան բավարար քանակի առկայության դեպքում: Իսկ արյան եւ դրա բաղադրամասերի ներմուծումը ՀՀ իրականացվում է Կառավարության կողմից սահմանված կարգով եւ պայմաններով, լիազոր մարմնի թույլտվությամբ հետեւյալ դեպքերում` արտակարգ իրավիճակներում հանրապետության ներքին պաշարների անբավարարության դեպքում:
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի փոխանցմամբ՝ ԵՏՄ անդամ երկրների համար մաքսային այս ընթացքում օրենսդրություն է պատրաստվում. «Մեր համապատասխան օրենսդրությամբ մարդու օրգանների եւ հյուսվածքների մասին ՀՀ օրենքով օրգանների, հյուսվածքների ներկրումը թույլատրված է, իսկ արտահանումը՝ արգելված: Հիմա որքանո՞վ է մարդասիրական արտահանումն արգելելը:
Այսինքն՝ մենք ընդունող ենք, բայց արտահանել չենք կարող: Մարդկային առումով որքանո՞վ է ճիշտ արգելելը. ընդունենք մեկը իր երիկամը ցանկանում է նվիրաբերել ծանր վիճակում գտնվող իր ազգականին, ով ԱՄՆ-ում է, բայց, ենթադրենք, նվիրաբերող անձն ի վիճակի չէ մեկնել ԱՄՆ եւ այնտեղ իրականացնել դա: Ստացվում է, որ մեր օրենսդրությամբ արգելում ենք նման քայլ կատարելը»: Նրա խոսքով՝ այս խնդրին վերաբերող՝ ԵՏՄ անդամ երկրների համար նախատեսված համաձայնագրերը «լիբերալ-դեմոկրատական» են, որից վտանգ չկա: «Միայն մարդու օրգանների ներմուծումը եւ արտահանումը պետք է ընդգրել լիցենզավորման մասին օրենքում որպես լիցենզավորվող գործունեություն, որովհետեւ մեզ մոտ բացակայում է այդ պարբերությունը»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ