Պարզվում է, որ վերջին ամիսներին ռուբլու կտրուկ արժեզրկումը ծանր ընտրության առաջ է կանգնեցրել ոչ միայն հայ միգրանտներին, այլեւ Հայաստանում ապրող ռուսներին՝ մասնավորապես Գյումրիում պայմանագրային ծառայության անցած ռուս զինվորականներին, որոնք սկսել են լքել քաղաքը:
Գյումրեցի 48-ամյա Քնարիկ Բարսեղյանն աշխատում է քաղաքի դեղատներից մեկում, բայց դստեր՝ Գոհարիկի ուսման վարձը հոգում է՝ Կրուպսկայա փողոցում գտնվող իր սեփական բնակարանը ռուս սպաներին վարձով տալով:«Երկու օր է՝ չիդեմ, ինչ էնեմ, Սերգեն էկավ, ըսեց, որ կերթան, ապրելն էստեղ ձեռնտու չէ: Ամուսինս ժաժքին մեռավ, ես էլ տեղափոխվել եմ հերանցս տուն, որ գոնե իմ տունը վարձու տամ»,-պատմում է հուսահատ կինը՝ նշելով, որ հարմար գնով նոր տնվոր գտնելը շատ դժվար է:
Ռուս զինվորական Սերգեյը, ով վարձակալել է Քնարիկի բնակարանը, երկու տարուց ավել է՝ ընտանիքով Գյումրիում է՝ պայմանագրային զինծառայողի կարգավիճակով: Մեզ հետ զրույցում ռուս սպան պարզաբանեց մեկնելու պատճառները: Ասաց, որ ստանում է 130.000 ռուբլի աշխատավարձ, նախկինում այդ գումարը մեկ ու կես միլիոնը գերազանցում էր, հիմա 1 մլն. էլ չի անում: Աշխատավարձը, ըստ զինծառայողի, ցածր է, եւ ընտանիքի կարիքներին այլեւս չի բավարարում: Պատմեց, որ դիմել է աշխատավարձը բարձրացնելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել: «Ասում են, որ Ռուսաստանը նույնպես ժամանակավոր ճգնաժամի մեջ է, բայց այդուհանդերձ հայրենիք վերադարձս նպատակահարմար է: Այնտեղ կթողնեմ զինվորականի գործը եւ կզբաղվեմ որեւէ ուրիշ բանով»,-ընդգծեց նա:
Գյումրեցիներից ոմանց կարծիքով, սակայն, ռուս զինվորականները Գյումրին լքում են թաքնված վախի պատճառով, որը պայմանավորված է Վալերի Պերմյակովի կատարած ոճրագործությամբ: Մեր զրուցակից ռուս զինվորականը առարկում է՝ նշելով, որ իրեն ծանոթ մի քանի ռուս սպաներ նույնպես պատրաստվում են լքել աշխատանքն ու տուն վերադառնալ, սակայն դրա պատճառը բացառապես ռուսական ռուբլու արժեզրկումն է: Եվ, այնուամենայնիվ, հետագայում ռուբլու արժեւորման դեպքում էլ Սերգեյը այլեւս Հայաստանում աշխատելն արդյունավետ չի համարում, քանի որ աշխատավարձը ցածր է, ապրանքը՝ թանկ: Իսկ պերմյակովյան դեպքն էլ, ըստ մեր զրուցակցի, ոչ մի կերպ չի խաթարել իր եւ գյումրեցիների փոխհարաբերությունը.
«Ինձ ծանոթ բոլոր գյումրեցիներն էլ ինձ հետ նախկինի պես են, այդ առումով խնդիր չեմ տեսնում»,-ավելացրեց նա:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի