ԿԱՇԱՌԱԿԵՐԸ ԳՆԱՑ
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Սերգեյ Չալյանին Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարի պաշտոնից ազատելու մասին: Տեսնենք՝ ով կփոխարինի Չալյանին (միայն ոչ Գարիկ Գաբրիելյանը՝ Գելը):
ՊԱՀԱՆՋ
«Հարսնաքար»-ում դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկների եւ ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններին դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննության շուրջ հազարէջանոց նյութերին ծանոթանալու համար քննիչները տվել են ընդամենը մեկ օր ժամանակ: Երեկ՝ 17:30-ի սահմաններում, ոստիկանության քննչական գլխավոր վարչության դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա` քրգործի նյութերին ծանոթանալու համար փաստաբաններին մեկամսյա ժամկետ տրամադրելու պահանջով: Ըստ ակցիայի մասնակիցների՝ քննիչների սահմանած ժամկետը ողջամիտ չէ՝ ծանոթանալու եւ միջնորդություններ ներկայացնելու համար:
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության կազմակերպած ակցիային մասնակցում էին իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սէֆիլյանը, ՀԱԿ ակտիվիստներ, ՀՀ քաղաքացիներ: Ակցիան անցավ առանց միջադեպերի:
ԹԵԺ ՊԱՅՔԱՐ
Սեպտեմբերի 9-ին կայանալիք Կապանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու համար առայժմ առաջադրվել են՝ «Հայփոստ» ՊՓԲԸ Կապանի փոստային մասնաճյուղի տնօրեն, ՀՀԿ-ական 41-ամյա Աշոտ Հայրապետյանը, ՀՅԴ անդամ, գործող քաղաքապետ 48-ամյա Արթուր Աթայանը եւ Կապանի առաջին քաղաքապետ, անկուսակցական Գագիկ Աթաջանյանը: Վերջինիս փեսան՝ Գարիկ Միրզոյանը, ՕԵԿ Կապանի կառույցի ղեկավարն է, սակայն ինքնաառաջադրվել է:
Ենթադրվում է, որ եթե անգամ այլ թեկնածուներ առաջադրվեն, ապա պայքարը հիմնականում ընթանալու է դաշնակցական եւ հանրապետական թեկնածուների միջեւ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մոտ հաստատել է տվել մարզպետի մտերմուհիներից մեկը: Կապանում շրջանառվող լուրերի համաձայն՝ ինչքան էլ Աշոտ Հայրապետյանը «լավ տղա» լինի, նրանք չեն ուզում, որ քաղաքը ղեկավարի մի կին:
Ի դեպ, կապանցի հանրապետականների մի մասն էլ է դեմ Աշոտ Հայրապետյանի թեկնածությանը: Նրանց կարծիքով՝ Աշոտը թույլ թեկնածու է, սակայն չեն կարողացել «ծպտուն» հանել ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանի մոտ եւ հակառակվել նրան:
10 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
1996թ. Ատլանտայի օլիմպիական խաղերում Հայաստանի ոսկե մեդալակիր Արմեն Նազարյանն իր հարցազրույցում հայտարարել էր, որ եթե 1996թ. մարզիկի համար լինեին այսօրվա պայմանները, ինքը չէր գնա Բուլղարիա: «Ինձ նույնիսկ իմ հասանելիք 100 դոլարը չտվեցին, երբ դարձա աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն»,-ասել է նա: Անդրադառնալով Նազարյանի խոսքերին՝ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Արմեն Նազարյանը հրաշալի մարզիկ է: Ցավոք սրտի, նա անկախության մեր տարիների շրջանի միակ օլիմպիական չեմպիոնն է… Անձամբ ես նրան 1996-ին տվել եմ կառավարության որոշմամբ 10 հազար դոլար: Այն ժամանակ դա շատ մեծ փող էր: Կարելի էր Երեւանում լավ բնակարան գնել: Արմենը, այդուհանդերձ, լքել է Հայաստանը: Չգիտեմ երբ, բայց քանի դեռ վարչապետ էի, ուշադիր եմ եղել նրա նկատմամբ: Ճիշտն ասած, նա ինձ չի դիմել: Գուցե նա պրոբլեմներ է ունեցել հետո: Չգիտեմ»: