Առևտրային հաշվեկշռի մշտական ավելցուկի, որով այդքան հպարտանում է Գերմանիան և որը թույլ է տալիս գերմանացի քաղաքական գործիչներին խոսել իրենց երկրի մասին որպես «աճի շոգեքարշ», հիմքում է ընկած Եվրամիության բոլոր խնդիրները և ամենալավը, ինչ կարող է անել Գերմանիան Եվրամիության համար միության կազմից դուրս գալն է, The Foreing Policy-ում հրապարակված հոդվածում գրում է պրոֆեսոր Պատրիկ Չովանեկը:
Գերմանիան ոչ միայն դրական ազդեցություն չի ունենում համաշխարհային տնտեսության վրա, այլ նաև թուլացնում է այն: Անցած տարի Գերմանիայի առևտրի դրական պրոֆիցիտը (եկամուտների գերազանցումը ծախսերի նկատմամբ) կազմել է 217 միլիարդ եվրո: Սովորաբար Գերմանիան հայտարարում է, որ նման պրոֆիցիտի պատճառը հանդիսանում է հզոր արդյունաբերությունն ու որակյալ ապրանքները: Սակայն երկիրը չի կարող առաջատար լինել արտադրության բոլոր ոլորտներում, տնտեսության բոլոր օրենքներով՝ ցանկացած պետություն պետք է ներկրի այն, ինչ այլ պետություններն ավելի լավ են արտադրում: Ոչ մի օրինաչափ պատճառ չկա, թե ինչու արտահանումից ստացված հսկայական միջոցները պետությունը չի ծախսում ներկրման վրա, նշում է փորձագետը:
Պարզվում է՝ պարտքային ճգնաժամը, որն ապրում է եվրագոտին, հանդիսանում է ոչ թե արտաքին, այլ ներքին գործոնների հարուցած խնդիր: Գերմանիայի առևտրային դրական պրոֆիցիտն ու եվրագոտու երկրների աճող պարտքերը մեկ մետաղադրամի երկու կողմերն են:
Գերմանիան միշտ շատ է կուտակել, իսկ եվրագոտում միասնական արժույթի անցնելը դրդել է Գերմանիային ոչ թե քիչ խնայել կամ այդ ռեսուրսները ներդնել երկրի ներսում, այլ պարտքով գումար տալ այլ պետությունների, որպեսզի նրանք գնեն գերմանական ապրանքները: