Ալյուրն էժանանում է, իսկ հացը՝ թանկանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել հացի շուկայում. մի կողմից անընդմեջ հացի քաշը նվազում է, իսկ գինը՝ բարձրանում, մյուս կողմից՝ պարզվում է, որ իրականում հացի գլխավոր հումքը՝ ալյուրը, էժանացել է: Սակայն այս մասին զարմանալիորեն լռում են հաց արտադրողները, իսկ սպառողը պարզապես տեղյակ չէ:

«Մանանա գրեյն» ընկերության սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարվա հունվարի սկզբից ռուբլու արժեզրկման արդյունքում զգալիորեն նվազել է ալյուրի գինը: Ի դեպ, այս ընկերությունը զբաղվում է Ռուսաստանի Դաշնությունից ցորենի ներկրմամբ եւ ալյուրի արտադրությամբ: Հետեւաբար ցորենը ձեռք են բերում ռուբլիով, իսկ այստեղ՝ Հայաստանում, այն արդեն վերածում են ալյուրի եւ դրամով վաճառում: «Օրինակ՝ մեր արտադրանքը մոտավորապես 1800-1900 դրամով էժանացել է: Բարձր կարգի ալյուրի մեկ կիլոգրամն արժի 234.5 դրամ, իսկ ամենաժանը՝ 202.5 դրամ է»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը` հավելելով, որ այս պահին ընկերությունը դեռ ցորեն չի ներկրում, քանի որ հաստատված չէ համապատասխան կանոնակարգը:

Տրամաբանորեն այս պայմաններում հացի գինը պետք է նույնիսկ հարյուր դրամից էլ ցածր լիներ, մինչդեռ այսօր հարյուր դրամանոց հաց ո՛չ երեւանյան եւ ո՛չ էլ ՀՀ մարզերի սուպերմարկետներում ու խանութներում գոյություն չունի: Եվ սա լուրջ ահազանգ է՝ ուղղված ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովին` հացամթերքի շուկայում ուսումնասիրություններ իրականացնելու համար: Քանի որ առիթից օգտվելով՝ հացամթերքի արտադրությամբ զբաղվող բազմաթիվ տնտեսվարողներ այս ընթացքում սրտաճմլիկ ներկայացնում են, թե դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով է, որ ալյուրը թանկանում է, հետեւաբար, նաեւ հացը՝ այսպես խաբելով ու մեծ հարված հասցնելով քաղաքացու գրպանին: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հացամթերքի ապրանքախմբում 2014 թվականի դեկտեմբերին, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 5.9 տոկոս գնաճ:

Սակայն պարզվում է, որ ՏՄՄՊՀ-ն այս իրավիճակում արդարանում է, թե չի կարող ուսումնասիրություններ իրականացնել հացամթերքի շուկայում, քանի որ գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություն չկա: Միաժամանակ անտեսելով այն ցավալի փաստը, որ այսպես հացամթերքի շուկան դառնում է էլ ավելի անվերահսկելի, ինչի արդյունքում տուժում է միայն ու միայն սպառողը: Հացամթերքի շուկան այնքան անվերահսկելի է դարձել, որ շատերի մոտ կասկած է առաջանում՝ որքանո՞վ է այսօր շուկայում հայտնված հացը որակապես համապատասխան:

Այնուամենայնիվ, նկատենք, որ հացի շուկան կանոնակարգելու համար ՀՀ Կառավարությունն իր կողմից ընդունված հացի արտադրությունը բաց ընթացակարգով կազմակերպելու կանոնակարգը կխստացնի: Իսկ առայժմ յուրաքանչյուրը վճարում է 25 հազար դրամ եւ իրավունք ստանում հաց արտադրել:

Ի դեպ, ԱՎԾ-ի վերջերս հրապարակած տվյալների համաձայն՝ հացի արտադրության ծավալները 2014 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 1.5 տոկոսով նվազել են, իսկ ալյուրի արտադրությունը՝ հակառակը, աճել է՝ կազմելով 29.6 տոկոս: Սա, թերեւս, կապված է այն բանի հետ, որ հասարակության մեծ մասը սկսել է տնային պայմաններում հաց թխել, քանի որ այդպես ավելի ձեռնտու է, քան հաց գնելը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս