ԲԱԽՈՒՄ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերն իրենց հերթական բողոքի ակցիայի ժամանակ կրկին բախվեցին ոստիկանների հետ: Մայրերից բացի, այնտեղ էին նաեւ ՀՀ քաղաքացիներ՝ իրենց տարբեր խնդիրներով:
Նրանցից մեկը` Նազիկ Ղազինյանը, նկատելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին, անմիջապես մոտեցավ նրան՝ փորձելով ստանալ իրեն հուզող հարցի պատասխանը: Նրա երկու հարեւաններն առանց իր իմացության (նա հիմա ապրում է Երեւանում, բայց Նոյեմբերյանում տուն ունի, խոսքն այդ տան մասին է) իր տան տանիքի հեծանները կտրելու միջոցով տեղադրել են արբանյակային ալեհավաք, որի պատճառով բացված անցքից անձրեւաջրերը հոսել են նրա բնակարան եւ հասցրել 600 հազար դրամից ավելի վնաս: Տիկին Նազիկը պահանջում է հանել այդ ալեհավաքները: ԱԻՆ նախարարը մեծ պատրաստակամությամբ լսեց նրան ու խոստացավ զբաղվել այդ խնդրով. «Ես մարդ կուղարկեմ, միայն Դուք տեղյա՛կ պահեք ինձ»:
Այնուհետեւ կառավարության շենքին մոտեցավ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը եւ կանգնեց: Առիթից օգտվելով՝ նրան մոտեցավ քաղաքացիներից մեկը` Էմմա Սահակյանը, որն առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն ֆինանսի բացակայության պատճառով չի կարողանում բուժում ստանալ: Նորանշանակ նախարարը խոստացավ նրան ուղարկել անվճար բուժման:
Խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերից մեկը` Իրինա Ղազարյանը, բարձրաձայն հայտարարեց, որ իրեն երկու օր առաջ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից Արման Պողոսյան անունով մի քննիչ սպառնացել է՝ ասելով. «Տանից դուրս գալու ժամանակ զգո՛ւյշ եղեք»: Իսկ նախկինում ժամկետային զինծառայող, այժմ կալանավոր Սուրեն Կիրակոսյանի մայրը` տիկին Զվարթը, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ Սուրենն արդեն 18-րդ օրն է՝ հացադուլի մեջ է: Նաեւ ասաց, որ իր որդին օրեր առաջ Սերժ Սարգսյանին նամակ է ուղարկել` տեղեկացնելով, որ իր կյանքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վտանգված է: Սակայն դեռ ոչ մի արձագանք չկա:
Իսկ  մյուս մայրերից մեկը` տիկին Գոհարը, փորձեց բարձրանալ կառավարության մուտքի մոտ գտնվող աստիճանների վրա եւ նստել այնտեղ: Այդ ժամանակ մի քանի ոստիկաններ շրջափակելով հրեցին եւ թույլ չտվեցին անցնել առաջ: Տեղի ունեցավ քաշքշուկ, նրանք սկսեցին իրար հրմշտել: Արդյունքում՝ ոստիկաններից մեկի ձեռքը, պատին քսվելով, քերծվեց, իսկ տիկին Գոհարի ոտքը վնասվեց: Այնուամենայնիվ, կնոջը եւ մյուս մայրերին հաջողվեց նստել աստիճանների մոտ գտնվող քարե ծաղկամանին:
Նկատենք, որ սա էլ երրորդ դեպքն է, երբ խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերն ու ոստիկանները բախվում են: Իսկ մեր բարձրաստիճան այրերը՝ մի քանի բացառություններով, շարունակում են անտարբեր անցնել նրանց կողքով եւ անհաղորդ մնալ նրանց խնդիրներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս