
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է հայտնի իսրայելցի գիտնական, Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնին:
Հանդիպմանն արծարծվել են հայ ժողովրդի պատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն արժեւորել է հայոց ցեղասպանության պատմությանն առնչվող թեմաների շուրջ Յաիր Աուրոնի հետազոտությունները գիտակրթական եւ բարոյական տեսանկյուններից` ընդգծելով, որ պրոֆեսորի աշխատությունները լուրջ ներդրում են Մեծ եղեռնի ուսումնասիրության ու միջազգային ճանաչման, ինչպես նաեւ հայ եւ հրեա ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: