«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում շարունակում է անորոշ վիճակ տիրել: ԲՀԿ-ականները չգիտեն, թե Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հաշտությունից հետո ինչ է լինելու իրենց և կուսակցության հետ:
Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ վերջերս ստեղծված համաժողովրդական շտաբներն այժմ պարալիզացված վիճակում են: Շտաբների ղեկավարները չգիտեն ինչ անել, նրանք մի քանի ժամով բացում են շտաբները, մնում այնտեղ, ապա՝ փակում և տուն գնում:
ԲՀԿ տարածքային կառույցներում ևս անորոշություն է տիրում. մարդիկ գնում, անդամատոմսերը նետում են ԲՀԿ գրասենյակների դիմաց ու հեռանում: Մեզ տեղեկություններ հասան, որ Մարալիկում նույնիսկ դեպք է եղել, երբ անդամատոմսերի մեջ թքել են, նոր՝ նետել:
Անորոշ վիճակում է գտնվում նաև Գագիկ Ծառուկյանը: Նա ևս դեռ չի որոշել ինչ անել, ում տալ կուսակցությունը, այդ պատճառով էլ իր կուսակիցներին ոչինչ չի ասում: Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից դուրս մղելուց հետո նրա առջև, ի թիվս այլ պայմանների, դրված է նաև «Կենտրոն» հեռուստաընկերության հարցը: Ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին ասել է, որ շատ կարճ ժամանակում պետք է վաճառի իր խնամի, ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի անունով գնված «Կենտրոն» հեռուստաընկերությունը: Ընդ որում, պետք է վաճառի այն մարդուն, ում անունը կտա ինքը՝ Սերժ Սարգսյանը:
Երեկ Armlur.am-ն արդեն ներկայացրել էր, որ ԲՀԿ-ականներն անհետացել են նույնիսկ խորհրդարանում: Երեկ նրանց գրեթե բոլոր սենյակները դատարկ էին: