Քաղաքական բացահայտ բազար՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի քողի տակ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ պատասխանել է ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` իրեն ուղղված բաց նամակին: Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանը իր իսկ պնդմամբ` դեռեւս փետրվարի 12-ին գրված այս բաց նամակը հրապարակեց ճիշտ այն օրը` փետրվարի 17-ին, երբ հայտնի դարձավ, որ Ծառուկյան-Սարգսյան հակամարտության լուծումը գնում է դեպի առաջինի նահանջին, եւ իր քաղաքագիտական վերլուծությունն ու բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսությունը վերջնականապես ջախջախվում են: Ընդ որում, քաղաքական կուլիսներում համառ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ պատճառահետեւանքային կապը հակառակն է եղել, եւ Սերժ Սարգսյանի դուռը թակելու առաջին քայլը կատարվել է Տեր-Պետրոսյանի եւ ոչ թե Ծառուկյանի կողմից:

Ամեն դեպքում, բավականին հարցահարույց ձեւով եւ ուշագրավ պահի հրապարակված այս նամակում Տեր-Պետրոսյանը նախ` Սերժ Սարգսյանից Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հետ կապված մտահոգությունների շուրջ դեմ առ դեմ հանդիպում խնդրելու տեքստն էր հրապարակել, ապա` նշել, որ «ներկա պահին՝ Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ ընդհանրապես ընդդիմության դեմ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի ու վայրագ բռնությունների պայմաններում, բացառապես ազգի շահերից բխող իմ այս մտահղացումը հնարավոր չէ իրականացնել»: Սակայն հաջորդ իսկ նախադասությամբ ՀԱԿԿ առաջնորդը վերստին նշել էր իր առաջարկի իրագործման անհետաձգելիության մասին` այդպիսով ավելի ցցուն դարձնելով վերը ներկայացված միջանկյալ հատվածի սեթեւեթ բնույթը:

Եվ, ահա, ընդամենը երեք օր անց Սերժ Սարգսյանը պատասխանեց Լեւոն Տեր -Պետրոսյանին, ով այդ ընթացքում հասցրեց արդեն վերջնականապես հրաժեշտ տալ քաղաքագիտական վերլուծության իր հերոսին` Գագիկ Ծառուկյանին, նախօրեին հրապարակած «Սրտիս պարտքը» քաղաքական «մահախոսականով»:

Իր պատասխանում Սերժ Սարգսյանը բավականին կտրուկ կերպով մերժեց Տեր-Պետրոսյանի ներկայացրած մտահոգությունները` դրանք համարելով անհիմն եւ այդպիսով, ըստ էության, հասկացնելով, թե լավ հասկանում է, որ Տեր-Պետրոսյանի խնդիրը Ցեղասպանության Հռչակագիրը չէ, ուստի դրան պետք չէ կպնել: Սակայն չբավարարվելով դրանով՝ նա առաջարկեց Տեր-Պետրոսյանին եւս մեկ անգամ թակել իր դուռը հանդիպման խնդրանքով՝ այդպիսով լրացուցիչ նվաստացնելով վերջինիս, ով, ի դեպ, գրել էր, թե ինքը խնդիր չունի «հանուն ազգի» ցանկացած դուռ թակելու:

Սերժ Սարգսյանը, փաստորեն, ասաց` Հռչակագրի հետ գործ չունես, բայց եթե շատ ես ցանկանում ինձ հետ հանդիպել եւ լավ քաղաքական «ապրանք» ունես, դեմ չեմ այն գնել: Միով բանիվ` քաղաքական բացահայտ բազար` Ցեղասպանության հարյուրամյակի քողի տակ: Տեսնենք, թե իր հաջորդ հոդվածում կամ բաց նամակում Տեր-Պետրոսյանը ինչ նոր «լոտ» կհանի քաղաքական աճուրդի:




Լրահոս