Օգոստոսի 9-ի դրությամբ Վանաձորի ավագանու թեկնածուների թիվն ավելացել է 10-ով՝ կազմելով 45: Մեկով ավելացել է նաեւ քաղաքապետի թեկնածուների թիվը: Ինքնաառաջադրվել է ՄԻԱԿ Վանաձորի ստորաբաժանման խորհրդի նախագահ Տարոն Ապրեսյանը:
-Ճի՞շտ են տարածված լուրերն այն մասին, որ Դուք Ազգային Ժողովի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի եղբոր փեսան եք, եւ որ նա է կանգնած Ձեր թիկունքում:
-Վահրամ Բաղդասարյանի հետ մենք բարեկամներ ենք, եւ ինքն իմ աներոջ եղբայրն է, բայց նա իմ առաջադրման հետ ոչ մի կապ չունի… Քանի որ քաղաքապետի պաշտոնը քաղաքական պաշտոն չէ: Դա տնտեսական կառավարչի, ղեկավարի պաշտոն է, ես կարծում եմ, որ անպայման չէ, որ որեւէ կուսակցություն առաջադրի, եւ պետք է վանաձորցին որոշի իր քաղաքապետին: Որեւէ կուսակցություն ինձ չի առաջադրում եւ չի սատարում:
-Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել որպես Վանաձորի քաղաքապետի թեկնածու, ի՞նչ ծրագրեր ունեք:
-Իմ կարծիքով՝ Վանաձորում փոփոխությունների կարիք կա, եւ ես ցանկանում եմ ընտրվել, որ իմ թիմով այդ փոփոխություններն իրականացնեմ:
-Քաղաքապետի պաշտոնին հավակնում են ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական եւ անկուսակցական թեկնածուներ: Նրանցից ո՞ւմ եք համարում ուժեղ մրցակից:
-Ես բոլոր թեկնածուներին հարգանքով եմ վերաբերվում, եւ վանաձորցին կորոշի, թե ով ում մրցակիցը կլինի… Դա իրենց խնդիրն է, թե ով որ կուսակցության կողմից է առաջադրվում: Ինձ դա ամենեւին չի անհանգստացնում, բացարձակ:
Վանաձոր