Այն, որ Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծը խորհրդարանի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի հավանությանը չէր արժանանալու, ակնհայտ էր նաեւ հեղինակին՝ Նիկոլ Փաշինյանին:
Նա այդ անհրաժեշտությունն այսպես բացատրեց. «Մեզ համար Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախագիծը մեկնարկային գործոնի նշանակություն ունի, եւ վերջին օրերի քաղաքական շոկի ֆոնին «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը հարկ է համարում վերահաստատել, որ Հայաստանում հաստատված կոռումպացված իշխանության հեռացումը՝ Սերժ Սարգսյանին, նրա իշխանության առանցքային դերակատարներին, 2008 թ. Մարտի 1-ի ոճրագործության մյուս կազմակերպիչներին եւ կատարողներին իրավական եւ քաղաքական պատասխանատվության ենթարկելը, լինելու է ապագա քաղաքական գործունեության առանցքային խնդիրներից մեկը:
Այս նախագիծը պետք է քաղաքացիներին ուղղված հստակ ուղերձ դառնա, որ Հայստանում ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորման մեկնարկը տրված է, նոր ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորման ժամանակը հասունացել է, եւ որ մենք անշեղորեն ընթանալու ենք հենց այդ ուղղությամբ, ազատ եւ երջանիկ Հայաստան կառուցելու մեր հանձնառությանը հավատարիմ»:
Այն, որ իշխող ՀՀԿ-ն ինչ-որ կերպ փորձելու էր հակազդել նախագծին, դժվար չէր կռահել, սակայն սպորտային հետաքրքրությունը կայանում էր նրանում, թե ինչպես կամ ինչ գործիքի միջոցով պետք է դա անեին: Պարզվեց՝ գործիքը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանն էր: Ի դեպ, վերջինս, ինչպես հայտնի է, վերջերս է ՀՀԿ անդամ դարձել, մինչ այդ նա նախ՝ եղել է ԱԺՄ, այնուհետեւ՝ ՀԺԱՄ անդամ: Վահրամ Մկրտչյանին ընդունված է համարել «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի ներկայացուցիչը կամ, ինչպես լրագրողներն են ասում, «Ֆլեշի Բարսեղի ժուչոկը» խորհրդարանում:
Վերջինս հայտարարեց, թե նախագիծը սխալ է կազմված, քանի որ որոշման նախագիծը վերնագրված է «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին»: Մկրտչյանը հայտարարեց, որ Սահմանադրությունը նախագահի պաշտոնանկություն է նախատեսում, իսկ «նախագահի պաշտոն զբաղեցնողի» ձեւակերպում Սահմանադրությունում չկա: Սահմանադրությունում ոչինչ գրված չէ այն մասին, որ մարդը կարող է առանց ընտրվելու զբաղեցնել նախագահի պաշտոնը, ինչպես, որ ներկայումս է:
Ինչեւէ, եթե մինչեւ նախագծի քննարկումը որեւէ մեկն ասեր, որ Սերժ Սարգսյանի հաջորդ պաշտպանը լինելու է ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը եւ նա ավելի ագրեսիվ ու ինքնամոռաց ձեւով է փորձելու նախագծի դեմ պայքարել, դժվար թե որեւէ մեկի մտքով անցներ: Իհարկե, հաշվի առնելով Ջհանգիրյանի կենսագրությունը՝ հասկանալի է, որ նրանից ամեն ինչ սպասելի է, սակայն ոչ այդքան ինքնամոռաց եւ ինքնազոհաբար:
«Քանի որ ես իրավաբան եմ, իսկ անվստահության, իմպիչմենտի ինստիտուտը ճնշող մասով վերաբերում է իրավագիտությանը, հատկապես այստեղ խոսքը գնում է քրեական իրավունքի ոլորտի մասին, ուստի ես պետք է արձանագրեմ, որ որոշման նախագիծը իրավաբանորեն անգրագիտություն է, ուստի ես չեմ կարող կողմ քվեարկել այս որոշման նախագծին»,- հայտարարեց նախկին գլխավոր դատախազը:
Նա այսքանով եզրափակեց իր խոսքը, ոչ մի փաստարկ, ոչ մի պարզաբանում:«Պարո՛ն Ջհանգիրյան, ես հասկանում եմ, որ գլխավոր դատախազ դառնալու Ձեր երազանքի իրականացումն ընդամենը մեկ օր առաջ փլուզվել է: Այդ երազանքն իրականացնելու համար Դուք հիմա նոր սցենարներ եք կազմում, գծագրում եւ նոր տեղերում հայտնվելու անհրաժեշտություն ունեք ու այսօր արեցիք առաջին քայլը, ինչի կապակցությամբ Ձեզ շնորհավորում եմ»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: Այս պատասխանը լսելուց հետո Ջհանգիրյանը վեր կացավ եւ հեռացավ նիստերի դահլիճից:
«Էս բոլորը, այդ թվում՝ Ջհանգիրյանն ու իր կուսակիցները, սկսել են Սերժ Սարգսյանին ընդունել որպես հանրապետության նախագահ: Ես ասել եմ ու էլի կրկնում եմ, որ Սերժ Սարգսյան անունով Հայաստանի Հանրապետության Նախագահ չեմ ճանաչել եւ չեմ ճանաչելու` նույնիսկ նրան պաշտոնանկության ենթարկելու համար: Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահ չէ, այլ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ: Եթե Ջհանգիրյանը եւ «մեծարգո» Սերժ Սարգսյանին նամակ գրող նրա գործընկերները նրան ընդունում են որպես հանրապետության նախագահ, դա իրենց խնդիրն է: Թող գնան, բաց նամակներ գրեն, փակ նամակներ գրեն, խորհրդապահական խողովակներով շփվեն, ջան ասեն, ջան լսեն, հիշեն իրենց հին օրերը»,- շարունակելով խոսքն՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ի դեպ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ռեպլիկի կարգով Ջհանգիրյանի գնահատականը կարեւորելու համար հիշեցրեց, որ նա իրավական գիտությունների դոկտոր է: «Ասում են՝ Ջհանգիրյանը դոկտոր է, է, Լիսկան էլ դոկտոր-պրոֆեսոր է»,- նետեց Փաշինյանը:
Ի դեպ, ամենեւին էլ պատահական չէր, որ Գագիկ Ջհանգիրյանը չասաց, թե իմպիչմենտի նախագծում ինչն իր սրտով չէր:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ