Ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը ձայն չտվեց Արամ Հարությունյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը փետրվարի 20-ին Ազատության հրապարակ էր եկել՝ մասնակցելու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անցկացրած հանրահավաքին:

Ար. Հարությունյանը, մոտենալով Ր. Հովհաննիսյանին, ասաց, որ ինքը ցանկանում է ելույթ ունենալ: Սակայն Ր. Հովհաննիսյանը նրան ձայն չտվեց՝ հորդորելով հաջորդ ուրբաթ գալ Ազատության հրապարակ: Ար. Հարությունյանը Հովհաննիսյանի խոսքերից վրդովվեց ու անմիջապես հեռացավ Ազատության հրապարակից:

«Ժողովուրդ»-ը փորձեց Արամ Հարությունյանից պարզել, թե ինչ էր ցանկանում ասել, որի հնարավորությունը, սակայն, Ր. Հովհաննիսյանը չտվեց:

-Սա համաժողովրդական շարժման հրավիրած հանրահավքն էր, ու ես եկել էի որպես հասարակ քաղաքացի, որը մտահոգված է այն իրավիճակով, որը ստեղծվել է այսօր: Ըստ էության, իշխանությունը քաղաքական տեռոր է իրականացնում, Սերժ Սարգսյանը քաղաքական տեռորիստ է, Գագիկ Ծառուկյանն էլ պատանդ է, նաեւ՝ մեր հայ ժողովուրդը: Այսօր պետք է, որ լինի իսկապես համաժողովրդական շարժում, իսկ այսօր ձայն չեն տալիս խոսելու: Ես պետք է իմ ելույթում նշեի, որ Սերժ Սարգսյանը քաղաքական տեռորիստ է, ես բազմիցս ասել եմ, որ Սերժ Սարգսյանին չի կարող հաղթել որեւէ օլիգարխ, քանի որ Ս. Սարգսյանն ամենամեծ օլիգարխն է: Չի կարող հաղթել որեւէ կուսակցություն, քանի որ ինքը շատ արագ կդառնա այդ կուսակցության նախագահը, ու այս իրավիճակները բերելու են Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգմանը: Մենք չգիտենք, թե այսօր ինչ կարգավիճակում է Գագիկ Ծառուկյանը, որովհետեւ, կրկնում եմ, այս իշխանությունը պատրաստ է ամեն ինչի՝ իշխանությունը պահելու համար:

-Իսկ Ձեզ համար հասկանալի՞ էր, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը Ձեզ ձայն չտվեց:

-Ես չգիտեմ, մենք այնտեղ հավաքվել էինք՝ ժողովրդին խոսք ասելու համար, եթե այնտեղ պետք է պահանջենք Պուտինի հրաժարականը, ԵՏՄ-ի անդամակցության դադարեցումը եւ այլն, ապա դա նշանակում է, որ կրկին պետք է խաբենք ժողովրդին: Ես ընդամենը ուզում էի ասել, որ մենք իսկապես պետք է համախմբվենք, կապ չունի կուսակցական պատկանելիությունը, մենք պետք է ժողովրդին կոչ անենք միավորվելու մեկ գաղափարի շուրջ: Խոսք ասելու խնդիր կա, իսկ դրա տեղն էլ Ազատության հրապարակն է: Ես որպես կուսակցության նախագահ չէի եկել Ազատության հրապարակ, եկել էի որպես մարդ, որը Հայաստանի քաղաքացիներից մեկն է:

-Դուք այն տեսակետին եք, որ պետք է ժողովուրդը համախմբվի Ր. Հովհաննիսյանի շուրջ, արդյո՞ք ժողովուրդը կրկին կհավատա նրան:

-Եթե մենք հավաքվենք մեկի շուրջ, կարող է այդ մեկը գնալ տուն, շուրջ չպետք է լինի, պետք է համախմբվել: Ի՞նչ է նշանակում մյուս ուրբաթ, ես չեմ ուզում վիրավորել, բայց իրականությունը դա է, ես ուզում էի անգամ Ազատության հրապարակ իմ ընտանիքով գալ: Ես գտնում եմ, որ Սերժ Սարգսյանն իսկապես չարիք է մեր երկրի համար, որքան շուտ մենք այդ չարիքից ազատվենք, այնքան լավ կլինի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս