
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչներն այս հանգստյան օրերին նիստ են անցկացնելու Ծաղկաձորում: Նախատեսված է, որ Սերժ Սարգսյանը եւս ներկա կլինի այդ նիստերից որեւէ մեկին: Սակայն դեռեւս հստակեցված չէ, թե կոնկրետ որ օրը նա կմիանա ՀՀԿ տիկնանց` այսօր թե վաղը: Նշենք նաեւ, որ ՀՀԿ կանանց խորհրդի անդամների եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը վաղուց է պլանավորված եղել: Սակայն օրը նշանակվել է ՀՀԿ խորհրդի վերջին՝ փետրվարի 12-ի նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի հենց այդ նիստում Սերժ Սարգսյանը լուտանքներ թափեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխին եւ նրան «պատերազմ» հայտարարեց: Ուստի ի սկզբանե նախատեսված է եղել, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի տիկնանց եւս պետք է ինստրուկտաժ աներ եւ լծեր ԲՀԿ-ին ու նրա առաջնորդին անխնա «քլնգելու» գործին, որպեսզի ԲՀԿ մարզային կառույցների կանայք դուրս գան ԲՀԿ շարքերից ու միանան ՀՀԿ-ին: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ Գագիկ Ծառուկյանն ընդամենը հինգ օր դիմանալուց հետո հանձնվեց:
Ուստի կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ի տիկնայք հանգստյան օրերին Ծաղկաձորում մեծ հաշվով անելիք չեն ունենա եւ հիմնականում կհանգստանան:
Հիշեցնենք, որ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն է: