ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե առողջական ապահովագրությունն ինչու է միայն դպրոցի ուսուցիչներին վերաբերվում: Չէ՞ որ մանկապարտեզի դաստիարակները, երաժշտական դպրոցի դասատուները նույնպես մանկավարժներ են: Ինչո՞ւ դա նրանց վրա չի ազդում:

Ալվարդ Պետրոսյան, 60 տարեկան, մանկավարժ  

ՊԱՏԱՍԽԱՆ. Բժշկական կամ առողջության ապահովագրությունը ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի N 1923-Ն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի չորս ծառայություններից մեկն է: ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի N 1917-Ն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շահառուներ են ոչ միայն ուսուցիչները, այլեւ պետական ծառայության եւ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, ինչպես նաեւ ՀՀ կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնող անձինք: Սոցիալական փաթեթով նախատեսված է ապահովել շուրջ 120.000 պետական աշխատողի` քաղծառայողի, դիվանագետի, փրկարարի, ուսուցչի, գիտական քարտուղարի, ֆոնդապահի, գրադարանավարի, գիտաշխատողի, էքսկուրսավարի, արխիվավարի, խմբագրի եւ այլն: Սոցփաթեթի ամբողջական ցանկը հրապարակված է ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի N 1917-Ն որոշման մեջ, սակայն այն չի ներառում բոլոր պետական պաշտոնները, քանի որ սոցփաթեթի ապահովման նպատակով ՀՀ 2012թ. պետական բյուջեում ներդրված միջոցները սահմանափակ են:

շարունակելի
ՀՀ ֆինանսների նախարարության
հասարակայնության հետ կապերի
եւ տեղեկատվության բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշուշտ ուրախալի է, որ հասարակության շրջանում սոցիալական փաթեթների հանդեպ հետաքրքրությունը հետզհետե աճում է, եւ մարդիկ ձգտում են լիարժեքորեն օգտվել իրենց իրավունքներից: Էլ ավելի ուրախալի կլինի, եթե այդ փաթեթներով նախատեսված ծառայությունների, ինչպես նաեւ դրանց հասցեատերերի ցանկն ընդլայնվի:




Լրահոս