«Չեմ բացառում, որ սպառնացել են Ծառուկյանի ընտանիքին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատություն հրապարակում հանրահավաք-ասուլիսի ժամանակ որևէ կոնկրետ հայտարարություն չհնչեցրեց: Ր. Հովհաննիսյանն այդպես էլ չբացատրեց, թե որոնք են լինելու պայքարի հետագա ուղիները, եւ ինչո՞ւ պետք է ժողովուրդը կրկին Ազատության հրապարկ գա:

Անդրադառնալով եռյակի հետագա ճակատագրին` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ես չեմ դուրս եկել եռյակից, այդ նրանք են դուրս եկել: Եվ եռյակ այլեւս գոյություն չունի»:
«ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ՝ պարզելու համար, թե, ի վերջո, ինչ է պատրաստվում անել «Ժառանգություն» կուսակցությունը:

-Պարո՛ն Հակոբյան, «Ժառանգություն» կուսակցության համար հասկանալի է, թե ինչո՞ւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պայքարի կեսից հետ կանգնեց: Դուք այդ քայլից հետո հանդիպում ունեցե՞լ եք նրա հետ, զրուցել, պարզե՞լ եք, թե ո՞րն է Գ. Ծառուկյանի որոշման պատճառը:

-Ես չեմ ուզում այս պահին գնահատական տալ, բայց կարծում եմ՝ ամբողջ ժողովուրդը հասկացավ, թե իրականում ինչ կատարվեց: Ես ասել եմ, որ դա քաղաքական գործընթաց չէր, այդ ամենը քաղաքականության հետ կապ չուներ, առավել եւս այդ հաշտեցումը, որ տեղի ունեցավ, դա ընդհանրապես զուրկ է քաղաքական լեգիտիմությունից, որովհետեւ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ է իշխանությանը: Իսկ իշխանությունն էլ այս հակադրությունը ներկայացրեց որպես երկու անձերի կռիվ, ու փակ սենյակներում ինչ-որ համաձայնության եկան: Բայց հստակ է, որ մեկ-երկու օրվա ընթացքում արդեն 400-ից ավելի ԲՀԿ անդամներ էին ձերբակալվել: Ու ինչքան հասկանում եմ՝ այդ անդամներին արդեն բաց են թողել: Խնդիրն այն չէ` ձերբակալել հնարավոր էր, թե ոչ, ուղղակի հստակ է, որ դա քաղաքական հետապնդում էր: Չեմ բացառում նաեւ, որ առանձին հանդիպման ժամանակ շատ արմատական կեցվածք որդեգրած լինի իշխանությունը` սպառնալով, որ կարող է վնասներ տալ նրա (Ծառուկյանի Ս. Գ.) ընտանիքին, ազգին, բարեկամությանը, ամեն ինչին:

-Բայց Գագիկ Ծառուկյանը գիտակցում էր, որ ինքn առճակատման է գնալու ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ ու պետք է սպասեր, որ իր ու իր մտերիմների հետ այդպես էին վարվելու: Ի վերջո, Գ. Ծառուկյանն ընդունել էր այն մարտահրավերը, որը նրան նետեց Սերժ Սարգսյանը:

-Այդ հարցն ուղղեք պարոն Ծառուկյանին, ես միշտ էլ իմ ելույթներում նշել եմ, որ մենք պետք է դասեր քաղենք մեր սխալներից ու պետք է ունենանք բոլոր տարբերակների հնարավոր զարգացման հակաքայլը: Թե՛ 1996 թվականին, թե՛ 2008 թվականին, թե՛ 2013 թվականին, երբ իշխանությունն ասում է` մենք ձեզ կջնջենք եւ զորք, զենք է հանում, իսկապես, շատ մարդկային է` մտածենք՝ գնա՞լ, թե՞ չէ: Բայց այսքանից հետո պետք է նաեւ հասկանանք, որ եթե քաղաքական գործիչն ասում է` պետք է գնամ վերջնական, արմատական փոփոխությունների եւ ռեժիմի տապալման, պետք է նկատի ունենա, որ հնարավոր են նաեւ նման տարբերակներ, ու ինքը պետք է դրան պատրաստ լինի: Կամ եթե անգամ պատրաստ չի դրան, պետք է որոշակիորեն խմբագրի իր խոսքը:

-Իսկ ինչո՞ւ պայքարի կեսից հետ կանգնեց նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ձեր կուսակցության համար հասկանալի՞ է, թե ինչու նա Ր. Հովհաննիսյանի հետ Ազատության հրապարակում չէր:

-Երբ պարզվեց, որ մի կողմից արմատական փոփոխություն, իշխանափոխություն են պահանջում, բայց մյուս կողմից՝ արդեն պատրաստի նամակը…այդպես քաղաքականության մեջ չի լինում: Մենք եռյակում ենք, տեղից չենք շարժվել, բայց երբեք չենք պատկերացրել, որ իշխանությունների նկատմամբ շատ արմատական կեցվածք ես որդեգրում, իսկ մյուս գրպանում ունես նամակ, որ գալիս եմ քեզ հետ շատ բարեկամաբար՝ որպես հանձնաժողովի անդամ, քննակել ապրիլի 24-ի դեպքերը: Ես կարծում եմ, որ առաջիկայում այս թվացյալ, բայց աղմկոտ հանգիստը… թվում է՝ լուռ է, բայց պայքար կա: Անձերով ոչինչ չի ավարտվում:

-Բայց անհասկանալի է նաեւ Ր. Հովհաննիսյանի օրակարգը…

-Հիմա, որ փորձենք միանգամից հայեցակետ ներկայացնել, ռազմավարություն, մարտավարություն, կարծում եմ՝ ճիշտ չի լինի, պետք է ամբողջական հասկանալ, թե ինչ կատարվեց, ու ով որտեղ է կանգնած:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս