“Կարծիք կա, թե հացը չի թանկացել, իրականում լավ էլ թանկացել է, քաշը ընդունված չափից նվազել է՝ 500 գրամից դարձել է 370 գրամ”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում դժգոհում է սպառող Ջեմմա Գեւորգյանը:
Մեր սննդակարգում առաջնային կարեւորություն ունեցող սննդամթերքի՝ հացի պահանջարկը մեծ է: Երեկ շրջայց կատարեցինք մայրաքաղաքի որոշ խանութներում՝ իմանալու, թե որքանով է սպառողն ամեն օր խաբվում հացի քաշի մեջ: Պարզեցինք, որ կա քաշի պակաս՝ հացը թերկշիռ է 150-200 գրամի սահմաններում։ Դրանից զատ, գրեթե բոլոր խանութներում վաճառվող հացի քիչ տեսականիներ են փաթեթավորված ու մակնշված:
Օրինակ՝ հաց արտադրող հայտնի “Էլիտ Շանթ” ընկերության “հրազդանյան” տեսակի հացի վրա, բացի արտադրանքի անունից, ուրիշ որեւէ մակնշում չկար: Այդ հացի բաղադրության, պահպանման ժամկետի մասին սպառողը պետք է ինքը գուշակություններ անի: Խանութի վաճառողուհուց պարզեցինք, որ արտադրողն այն իրենց տալիս է որպես 420-գրամանոց, մինչդեռ երբ տեղում կշռեցինք, այն հազիվ 370 գրամ էր, այսինքն՝ 50 գրամ պակաս: Իսկ գինը 130 դրամ է:
Ըստ գործարանի տնօրինության՝ գինը պահպանվել է՝ չնայած ալյուրի թանկացմանը: Կարող է թվալ, թե 50 գրամն էական նշանակություն չի ունենա սպառողի համար, սակայն նշենք, որ 100 հաց գնելու դեպքում սպառողը, փաստորեն, մոտ 30 հացի գին ավել է վճարում:
Նկատենք, որ հացամթերք արտադրող խոշոր ընկերություններն օրական մի քանի հազար հաց են արտադրում, ուստի ամենապարզ հաշվարկներով՝ յուրաքանչյուր հացի քաշից անգամ 20-30 գրամ պակաս լինելու դեպքում օրական արտադրանքի հաշվարկով ընկերությունները գերշահույթներ են ստանում: Արդարության համար նշենք, որ խանութներում կային նաեւ մակնշմանը համապատասխան քաշ ունեցող հացատեսակներ:
2008թ. ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որով հաց արտադրողներին պարտավորեցնում էր մակնշել հացը, այսինքն՝ պետք է նշվեին արտադրող ընկերության անունը, հացի քաշը, 1 կգ-ի արժեքը եւ այլն: Փաթեթավորված հացի իրացման վայրում պետք է լիներ նաեւ իրազեկման թերթիկ, որտեղ պետք է նշվեին հացի անվանումը, արտադրող կազմակերպության անվանումը, քաշը, փաստացի եւ թույլատրելի շեղումները…
Փորձեցինք Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունից պարզել՝ արդյոք վերջին շրջանում հացամթերքի շուկայում ստուգումներ իրականացվել են, թե ոչ: Ու ընդհանրապես, պիտակը պետք է լինի ընդհանո՞ւր հացի բաժնում, թե՞ պետք է տրվի յուրաքանչյուր գնորդի, արդյոք այն չպետք է պարունակի նաեւ հացի բաղադրության մասին տեղեկություններ, այսինքն` թե ինչ տեսակի ալյուրից է պատրաստված, եւ ով է դրա արտադրողը:
“Հացի քաշի եւ որակի հետ կապված ստուգումներ արտադրամասերում չեն կատարվել: Դրա փոխարեն կազմակերպվել է հանդիպում իրացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Վերջիններիս հանձնարարվել է հաց ստանալու դեպքում կատարել ապրանքի ընդհանուր կշռում եւ թերակշռման դեպքում ապրանքը չընդունել: Դրանից հետո նրանք պարտավոր են ահազանգել մեր տեսչությանը, որի արդյունքում մենք տվյալ տնտեսվարողի արտադրամասում կիրականացնենք ստուգումներ”,-“Ժողովուրդ”-ի հետ հեռախոսազրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչության լրատվության բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:
Անդրադառնալով գնի եւ քաշի անհամապատասխանության խնդրին, ինչպես նաեւ գնապիտակների մակնշման բացակայությանը` վերջինս կարծիք հայտնեց, որ դա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործառույթն է: Սակայն Պիպոյանը խոստովանեց, որ հացի սպասարկման ոլորտում կան լուրջ խնդիրներ, որոնց վերահսկողության ուղղությամբ տեսչության կողմից քայլեր են ձեռնարկվել. “Քանի որ հացի շուկայում ո՛չ հիգիենիկ, ո՛չ էլ որակի ու քաշի վերահսկողություն չի իրականացվում, հաճախ առաքիչները հացն արտադրամասից խանութ են տեղափոխում հակահիգիենիկ պայմաններում՝ ավտոմեքենաների թափքով, կեղտոտ ու բաց արկղերով, առանց ձեռնոցների”:
Հացի շուկայի վերահսկողության արդյունքում, ըստ Պիպոյանի, կասեցվել է “Վիպ մեսենջեր” ՍՊԸ-ի եւ “Արտավազդ Խաչատրյան” Ա/Ձ-ի արտադրական գործունեությունը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ