
Եթե Երևանում ութ բալանոց երկրաշարժ լինի, ապա Աջափնյակի վթարային շենքերը կունենան ճաքեր, իսկ 8 բալից ավելի ուժգնությամբ երկրաշարժերի դեպքում կլինեն մասնակի և ամբողջովին փլուզումներ, այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը:
“Մինչև Սպիտակի երկրաշարժը Հայաստանում կառուցված ոչ մի շենք-շինություն չի համապատասխանում 9 բալանոց երկրաշարժերի սեյսմակայունությանը: Երևանում կան 4850 բազմաբնակարան շենքեր, որոնք սեյսմակայուն չեն”,- ասաց նա։ Զավեն Խլղաթյանը նաև նշեց, որ վերջին տարիներին կառուցվող էլիտար շենքերը սեյսմակայուն են և ավելի ապահով են, քան խորհրդային տարիներին կառուցված շենք-շինությունները: “Հյուսիսային պողոտայի, և այլ վայրերում կառուցված բոլոր բազմաբնակարան շենքերը մի քանի անգամ ավելի սեյսմակայուն են”,- եզրափակեց Զավեն Խլղաթյանը: