Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 20-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) Կիպրոսի Հանրապետության պատվիրակության հետ:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են խորհրդարանական դիվանագիտության, մասնավորապես պատգամավորական բարեկամության խմբերի դերը, ինչպես նաև փոխայցերի անհրաժեշտությունը երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն էլ ավելի առաջ մղելու գործում:
ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է որակել Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան, ինչպես նաև Հայաստանի ապօրինի շրջափակումը Թուրքիայի կողմից: Նա ընդգծել է, որ հարկավոր է միասնաբար պայքարել թուրքական ժխտողականության դեմ:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են Կիպրոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդես անցկացնելու մանրամասները:
Նշենք, որ Էդուարդ Շարմազանովը` որպես ՀԱՊԿ ԽՎ-ի պատվիրակության ղեկավար, Վիեննայում մասնակցում էր ԵԱՀԿ ԽՎ-ի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: