ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՎՏԱՆԳ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ թեեւ այս կյանքում ոչինչ բացառել պետք չէ, սակայն ինքը չի պատրաստվում լքել ԱԺ ԲՀԿ խմբակցության շարքերը: Պատգամավորը որեւէ կերպ չցանկացավ մեկնաբանել Սերժ Սարգսյանի խոսքերը՝ ուղղված ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին` հայտարարելով, թե դա իր իրավունքն է:

-Պարո՛ն Մարգարյան, նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե. «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք»: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր խմբակցության ղեկավարին տրված նման բնորոշումը:
-Ես չեմ ցանկանում մեկնաբանել երկրի նախագահի խոսքերն ու հայտարարությունները:
-Գագիկ Ծառուկյան քաղաքական «չարիքը» հեռացնելու մասին Սերժ Սարգյանի աննախադեպ կոշտ հայտարարությունից հետո տեղեկություններ կան, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության գործարար-պատգամավորները որոշել են լքել ԲՀԿ-ի շարքերը` չհայտնվելու համար Գ. Ծառուկյանի կարգավիճակում: Նրանց թվում նշվում է նաեւ Ձեր անունը, իսկապե՞ս որոշել եք ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալ:
-Ոչ նման բան չկա, բոլորից կսպասեք, բայց ինձանից՝ չէ, ովքեր են նման բաներ տարածում: Ընդամենը լրագրողը հարց է ուղղել, թե արդյո՞ք ես բացառում եմ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու հարցը, ես էլ պատասխանել եմ, որ այս կյանքում ոչինչ պետք չի բացառել, այդքան բան եմ ասել, դա հիվանդ երեւակայության արդյունք է: Իսկ եթե այսքանից իրենք հետեւություններ են անում, արդեն դա իրենց խնդիրն է: Դուրս գալու հարց չի քննարկվել ու չի էլ քննարկվելու:
-Իսկ ինչո՞վ եք բացատրում այն, որ Սերժ Սարգսյանը հենց այս պահին որոշեց հիշել Գագիկ Ծառուկյանի բոլոր «մեղքերը», այդ թվում եւ` հարկերից խուսափելու, Աժ նիստերից եւ ԱԱԽ նիստերից բացակայելու փաստերը:
-Գիտեք ինչ, ես մի բան կարող եմ ասել. այդ ամենի ճիշտն ու սխալ համարողը ես չեմ, ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Ես չեմ կարծում, որ ես այսօր պետք է մեկնաբանեմ նմանատիպ հայտարարությունները կամ դրանցից հետեւող մնացած հարցերը:
-Մտավախություն չունե՞ք, որ ՀՀ իշխանությունները հերթով «բացահայտելու» են ԱԺ ԲՀԿ-ական գործարար-պատգամավորների ունեցվածքի «աղբյուրները»՝ դրանով իսկ «հորդորելով» լքել ԲՀԿ շարքերը:
-Ես բացարձակ որեւիցե վտանգ չեմ տեսնում թե՛ իմ առումով, թե՛ այլ գործարարների առումով ու կարծում եմ, որ այդ հայտարարությունից պետք է հետեւություն անեն այն կառույցները, որոնք զբաղվում են դրանով: Կարող եք Դուք օրինակ բերել՝ արդյոք վերջին 10-12 տարիների ընթացքում կա քաղաքական դաշտում մի գործարար, որին ինչ-որ վնաս են տվել, ինչ-որ մեկին կարո՞ղ եք հիշել: Չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ բաներ լինեն:
-Բոլորի համար անհասկանալի է նաեւ, թե իրականում ի՞նչ տեղի ունեցավ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի փոխհարաբերություններում, ի վերջո, տարիներ շարունակ այդ երկու կուսակցությունները կոալիցիա էին կազմել ու բոլոր հարցերը միասին էին լուծում: Ինչո՞ւ է այժմ ՀՀԿ-ն որոշել «դասեր» տալ ԲՀԿ առաջնորդին:
-Ես ճիշտն ասած` չեմ պատկերացնում, չեմ հասկանում, թե ինչ տեղի ունեցավ, դրա համար եմ ասում, որ ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Ես որեւիցե մի բանի հետ չեմ կարողանում կապել:
-Ս. Սարգսյանի հայտարարությունից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել ու քննարկել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցը: Ինչպե՞ս է այդ առաջարկությանը վերաբերում ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, արդյո՞ք Դուք միանալու եք այդ նախաձեռնությանը:
-Ես Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը չեմ միանում, Նիկոլ Փաշինյանը միշտ առաջարկներ անում է: Այդ հարցի հետ կապված առաջին առաջարկը չի, որ նա արել է, ու չեմ կարծում, որ դա ինչ-որ նորություն է:
-Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարեց. «2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին եւ Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»: Դուք ե՞ւս այն կարծիքին եք, որ պետք է Գ. Ծառուկյանին մանդատից «զրկել»:
-Ես չեմ պատկերացնում նմանատիպ քվեարկություն, որովհետեւ նմանատիպ հարցերով զբաղվում են էթիկայի ու մնացած հանձնաժողովները, գոյություն ունի ԱԺ կանոնակարգ օրենք, որի հիման վրա պետք է լինեն քննարկումներ, իսկ եթե պետք է լինեն նման քննարկումներ, ապա կլինեն, ես որեւէ բան չեմ կարող ասել: Ես արդեն մի քանի անգամ ասեցի, որ ես չեմ ցանկանում մեկնաբանել երկրի նախագահի ասածները:
-Բայց ինչո՞վ է պայմանավորված դա, մի՞թե Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ձեր «սրտով» է:
-Դա պարզապես իմ իրավունքն է՝ չմեկնաբանել այն, ինչը ես չեմ ցանկանում:
Հ. Գ. 168.am-ի տեղեկություններով՝ երեկ ԲՀԿ քաղխորհրդի նիստից անմիջապես հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության գործարար-պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը խմբակցությունից դուրս գալու (հետեւաբար նաեւ՝ կուսակցությունից) դիմում է գրել ու լքել ԲՀԿ կենտրոնական գրասենյակի շենքը: Ի դեպ, նշվում է, որ արդեն իսկ ավելի քան 8 պատգամավոր պատրաստվում է լքել խմբակցությունը, այդ թվում՝ Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Վահան Կարապետյանը, Աբրահամ Մանուկյանը, Արշակ Մխիթարյանը եւ այլք:

 

 

 

 

 

ԵԹԵ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԵՄ ԵՍ, ՈՒՐԵՄՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՂԻՐ ԱՄԵՆ ԻՆՉԻ

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին:

-Պարո՛ն Կարապետյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հենց հիմա որոշեց «պատժամիջոցներ» կիրառել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ:
-Կարծում եմ` մի քանի հանգամանք կա՝ առաջինը այն, որ Գ. Ծառուկյանը սկսել է ինքնուրույն խաղ խաղալ: Եթե գործընթացը մինչեւ վերջ գնա, իսկ ես տեսնում եմ, որ մինչեւ վերջ է գնալու, ու իմ տեսակետից հիմա որեւէ խաղ կամ ինչ-որ պայմանավորվածություն չկա, ապա իմ կարծիքով՝ կիրառվելու է նոր մեթոդոլոգիա: Եթե ճիշտն ասեմ` ես ընդհանրապես կողմնակից չեմ նմանատիպ գործընթացներին, ես կողմնակից եմ, որ նմանատիպ մարդկանց ընդհանրապես չթողնեն քաղաքականություն: Բայց ես կողմնակից չեմ նաեւ, որ պատիժները կապված լինեն քաղաքական գործընթացների հետ: Կարծում եմ, որ գործընթացն ավելի կսրվի: Նաեւ ավելացնեմ, որ եկար տարիներ մեր երկրի առաջին դեմք անվանվող մարդը, իր իսկ ասելով, ուղղակի թքած է ունեցել ՀՀ Սահմանադրության վրա, որովհետեւ եթե երկրի անվտանգության խորհրդի անդամը չի գալիս 6 ամսից ավել, եթե կասկածներ կան, որ պետական հարկերը չի վճարում ու քրեական հանցագործություններ է կատարում, ապա դա այլ կերպ դժվար է հասկանալ, այսինքն՝ ինչու հիմա բացահայտվեց, սպասելու իմաստը ո՞րն էր: Ո՞րն էր այդ դեպքում 2007 թվականին այդ մարդու հետ կոալիցիա կազմելու նպատակը: Ի դեպ, սա ինչ-որ տեղ դեգրադացնում է քաղաքական դաշտը, ինչպես եղավ Խաչատուր Սուքիասյանի պարագայում, ոչ թե մարդկանց եմ համեմատում, այլ իրավիճակները: Այսինքն՝ ստացվում է, որ եթե մարդը իշխանությունների հետ է, ուրեմն ամեն ինչ լավ է, ամեն ինչ հրաշալի է, բայց երբ մարդը դուրս է գալիս, դառնում է ամենավերջին հանցագործը:
-Բայց կարծես թե Գ. Ծառուկյանը չի պատրաստվում նահանջել, քանի որ պատասխանելով Սերժ Սարգսյանի ելույթին՝ նշել է, որ ինքը մարտահրավերն ընդունում է ու կոչ է արել պատրաստվել պայքարի: Ըստ Ձեզ՝ այս պայքարի ավարտն ինչպիսի՞ն կլինի:
-Ես չգիտեմ, ամեն մարդ ինքն է որոշում իր անելիքները, բայց մի բան հստակ է. ես միշտ ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, եթե մարդն աճել է համակարգի ներսում ու ինչ-որ մի մասով համակարգին դեմ է գնում, ապա համակարգն իրեն իրավունք է վերապահում այդ մարդու հետ անել ամեն ինչ: Իսկ համակարգը ինտերնացիոնալ է: Եթե այդպես է, ուրեմն պատրաստ եղի՛ր, եթե ինչ-որ չափով հնազանդ չես լինի, քո նկատմամբ կկիրառեն ամենավերջին հնարավոր մեթոդոլոգիան: Համակարգն անմարդկային է, տմարդի: Դուք պատկերացնում եք՝ Հայաստանում խնամուն բերեն, նստացնեն, մյուս խնամու մասին ամեն ինչ ասեն ու վերջում էլ առաջադրանք տան, որ խնամուն սնանկացնի: Ինչ եք կարծում՝ սա մարդկայի՞ն համակարգ է:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՊԵՏԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ
ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նախօրեին կայացած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, թե «շարունակում են նաեւ օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը»: Այս առիթով երեկ Սերժ Սարգսյանը հրավիրեց խոստացած անվանգության խորհրդի նիստը:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավար Անդրանիկ Միրզոյանից տեղեկանալ, թե ի՞նչ է հայտնի նրան բազմաթիվ քրեական հանցագործությունները պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մասին: «Ես հայկական ոչինչ չեմ նայում, տեղյակ չեմ, թե նախագահն ինչ է ասել»: Երբ Միրզոյանի հետ զրույցի ժամանակ մեկ անգամ եւս ընդգծեցինք Սերժ Սարգսյանի խոսքերի լրջությունը, որ հնարավոր է՝ նաեւ իր պաշտոնավարման շրջանում է քրեական հանցագործություն քողարկվել, որն առնչվել է Ծառուկյանին, նա այսպիսի պատասխան տվեց. «Ինձանից վերեւներում էլի մարդիկ կան, իրենցից գնացե՛ք, հարցրե՛ք»:

 

17 ՄԼՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ ԱԱԾ-ի պետական պահպանության ծառայությունը, որը, ինչպես հայտնի է, զբաղվում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելով, 17 միլիոն դրամ կվճարի «Ավանգարդ մոթորս» ընկերությանը: Նշված ընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն՝ «Ավանգարդ մոթորս»-ը «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ծառայություններ պետք է մատուցի: Պայմանագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով, այսինքն՝ նախատեսվում է, որ ծառայությունը պետք է մատուցվի ողջ 2015 թվականի ընթացքում: Իսկ այդ ի՞նչ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա է, որի սպասարկման ծառայությունն այդքան թանկ արժի: Թերեւս խոսքը գնում է Սերժ Սարգսյանին սպասարկող զրահապատ «Մերսեդես-Բենցի» մասին, որը, ինչպես հայտնի է, գտնվում է հենց ՀՀ ԱԱԾ-ի պետական պահպանության ծառայության հաշվեկշռում, եւ վերջինիս անսարքության համար հենց այդ կառույցն է պատասխանատու:

 

ՁՈՒԿՆ ԷԺԱՆԱՑԵԼ Է
Հայաստանյան սպառման շուկայում առկա թանկացումների պայմաններում էժանացումներ նույնպես լինում են: Մասնավորապես, որոշակի էժանացել է խանութներում վաճառվող կենդանի ձուկը: «Ձկնաբույծների միավորում ասոցացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Բունիաթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ձկան գնանկման պատճառն արտահանման հետ կապված դժվարություններն են: Նրա խոսքերով՝ վերջին շրջանում կտրուկ նվազել են Հայաստանից արտահանվող ձկան ծավալները: Ինչի արդյունքում տեղական շուկայում կենդանի ձկան լճացում է առաջացել, հետեւաբար եւ գինն է ընկել: Բունիաթյանի պնդմամբ՝ կենդանի ձուկն էժանացել էր անգամ Ամանորի նախաշեմին:




Լրահոս