«ՉԵՆՔ ԹՈՂՆՈՒՄ՝ ՆԵՐԽՈՒԺԵՆ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անահիտ Սիմոնյանի երկրպագուներն անհանգստացած են. նա արդեն տեւական ժամանակ է՝ ոչ մի նոր գործ չի մատուցել հանդիսատեսին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգչուհին նշել է, որ այժմ զբաղված է իր ատելյե-խանութի ընդլայնման աշխատանքներով, ինչը բավական ժամանակ է խլում: Նա մեզ պատմել է իր երաժշտական եւ նորաձեւության ոլորտի պլանների մասին, խոսել է նաեւ աստղային զույգի` մշտական ուշադրությունից «պաշտպանվելու» արդյունավետ միջոցից:

-Արդեն երկու տարի է՝ երկրպագուներին նոր տեսահոլովակ եք խոստանում, այնինչ արդյունքը դեռեւս չի երեւում, ի՞նչն է պատճառը:
-Քանի որ այժմ զբաղված եմ իմ ատելյե-խանութի ընդլայնման աշխատանքներով եւ պատրաստվում եմ տեղափոխվել ավելի մեծ բուտիկ, ինձ նվիրել եմ դիզայնի ոլորտի աշխատանքներին, ուստի երգարվեստը տուժում է: Ուզում եմ այս տարի երկրպագուներիս ոչինչ չխոստանալ, բայց աշատանք անել, տեսնենք՝ ինչ կստացվի արդյունքում: Մտադիր եմ Հայկոյի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Բացի այդ՝ օրերս Հայկոն սկսել է նաեւ ռուսական շոու-բիզնեսի մի շարք աստղերի հետ համագործակցած Իրադա Հաիթի (Irada Hait) հեղինակած երգի գործիքավորման աշխատանքները: Ռուսերեն այս երգի պարագայում սպասվում են ոճային փոփոխություններ: Սա վոկալային առումով ուժեղ գործ է, ոչ կոմերցիոն բնույթի:
-Դուք չեք թաքցնում, որ երգելը Ձեզ համար հոբբի է, եւ այս մասին հայտնեցիք, երբ արդեն ծնվել էր Ձեր որդին: Մի հանգամանքը մյուսի հետ կապ ունի՞:
-Այո՛, ես դա չեմ թաքցնում, միեւնույն ժամանակ չեմ պատրաստվում թողնել երգարվեստը: Պարզապես յուրաքանչյուր բիզնես, տվյալ դեպքում՝ նորաձեւության ատելյե ունենալը, մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջում: Օրվա մեծ մասը նվիրում ես այդ գործին: Իսկ երեխաս երբեք չի խանգարել իմ կարիերային: Ծնված օրվանից նա ունեցել է դայակներ, ուստի ես այդ առումով ժամանակի պակասության խնդիր չեմ ունեցել:
-Իսկ ե՞րբ կլսենք Ձեր եւ Հայկոյի այդքան սպասված դուետը:
-Մենք չենք ուզում, այսպես ասած՝ «դուետային զույգ» լինել. ամեն մեկս ունենք մեր ոճը, մեր հանդիսատեսը: Բացի այդ՝ Հայկոն վերջին շրջանում զբաղվածություն ունի, աշխատում է նախագծերի վրա, իմ գրաֆիկը եւս ծանրաբեռնված է:
-Անդրադառնանք նորաձեւության ատելյեին. արդեն գարուն-ամառ տեսականու հավաքածուն կազմե՞լ եք:
-Այո՛, բնականաբար, տաք զգեստներից անցում կկատարանեք թեթեւ հագուստներին. եղանակն էլ դա է պարտադրում: Կցուցադրվեն նաեւ աքսեսուարներ: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու իմ դիզայներական մտքերին: Առհասարակ, ես ստեղծում եմ այնպիսի հագուստներ, որոնք սիրով կկրեի նաեւ ինքս, կամ, օրինակ, միջին տարիքայինների համար ստեղծագործելիս մտածում եմ՝ ինչ կցանկանայի տեսնել մայրիկիս հագին:
-Դուք պետք է մասնակցեիք Ղրիմի նորաձեւության շաբաթին, սակայն այցն այդպես էլ չկայացավ. ինչ-որ անհամաձայնություններ ծագեցի՞ն:
-Այնտեղ որոշ խոչընդոտներ եղան, պայմանագրի հետ կապված հարցեր ծագեցին, որոնց հետ ես չհամաձայնվեցի, եւ, ի վերջո, չմասնակցեցի շաբաթվան: Կարծում եմ՝ արտերկրից էլի հրավերներ կլինեն, տարին դեռ առջեւում է:
-Անահի՛տ, կցանկանայի անդրադառնալ նաեւ Ձեր եւ Ձեր ամուսնու՝ Հայկոյի համատեղ կյանքին: Դժվար չէ՞ մշտական ուշադրության կենտրոնում լինելը, աստղային զույգի կյանքով ապրելը, քննարկվող հարաբերություններ պահպանելը:
-Չէի ասի, թե դժվար է. երբ մենք ընտրում էինք մեր մասնագիտությունը, մեր ուղին, պատրաստ էինք այդ քննարկումներին, լավ ու վատ արձագանքներին: Ամեն դեպքում, չենք թողնում, որ մարդիկ ներխուժեն մեր ընտանիք, փորձում ենք հասարակությանը հնարավորինս հեռու պահել մեր անձնական ընտանեկան կյանքից:

 

 

 

 
ԱՌՑԱՆՑ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ՝ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ

Արդեն չորրորդ տարին է՝ հայ ռեժիսորներն ունեն համացանցի միջոցով աշխարհին ներկայանալու հնարավորություն: «WEB Ծիրան» համահայկական առցանց կինոփառատոնը մինչեւ փետրվարի 20-ը ընդունում է մեծ թվով ֆիլմեր: Փառատոնի կազմակերպիչներից Webtv.am ինտերնետային հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ օնլայն կինոփառատոնի նախադեպը Հայաստանում չի եղել: Նրա խոսքով՝ եթե տարբեր այլ փառատոններ ունեն ժանրային առումով որոշակի սահմանափակումներ, ապա «WEB Ծիրան»-ի դեպքում դրանք չկան. միակ սահմանափակումն առնչվում է ֆիլմի տեւողությանը՝ 30 րոպե:

«Ժամանակները փոխվել են, եւ այժմ պարտադիր չէ, որ ֆիլմերը նկարահանվեն հսկայական բյուջեով, ներկայացվեն մեծ դահլիճներում: Կարեւորը գաղափար ունենալն է, եւ այն, թե ինչ արտահայտչամիջոցով է այն ներկայացվում»,-մեզ հետ զրույցում ընդգծեց Ա. Մանուկյանը:
Նրա համոզմամբ՝ այս փառատոնը ֆինանսական տեսանկյունից եւս ձեռնտու է մասնակցի համար. «Փառատոնն այս տարի 2-րդ անգամ կներկայացնի նաեւ «Web Ծիրան». ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ» ծրագիրը, որին կարող են ներկայացվել միայն բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարթֆոններով նկարահանված ֆիլմեր»,-մանրամասնեց նա:
Կինոփառատոնի մասնակիցները հնարավորություն կստանան մեծ թվով դիտումներ հավաքել օնլայն տիրույթում:
Այս 4 տարիների ընթացքում փառատոնն ունեցել է մասնակիցներ Շվեդիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից: Մեր այն հարցին, թե արդյոք ՀՀ մշակույթի նախարարությունը որեւէ կերպ աջակցում է առցանց կինոփառատոնի կայացմանը, Ա. Մանուկյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ անգամ տեղյակ չէ դրա մասին»:
Հիշեցնենք, որ փառատոնի կազմակերպիչներն են webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Հաղթողի համար սահմանվել է 400.000 ՀՀ դրամ մրցանակ, երկու մասնակից էլ կստանան խրախուսական մրցանակներ: Նրանք կստանան նաեւ 10 օր պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից անվճար օգտվելու հնարավորություն:
Կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2015թ. մարտի վերջին տասնօրյակում, հատուկ մրցանակաբաշխության ժամանակ: Փառատոնի արդյունքներն ամփոփելու է պրոֆեսիոնալ ժյուրին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՊԵՂՈՒՄՆԵՐ ԿՍԿՍՎԵՆ
Գարնանը կմեկնարկեն Կարմիր բլուրի դամբարանադաշտի պեղումների լայնածավալ աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման ընթացքում Կարմիր բլուր պատմամշակութային հնավայրում հայտնաբերված դամբարանադաշտի պեղման աշխատանքները նախատեսված է ամբողջությամբ իրականացնել ընթացիկ տարում, որից հետո կշարունակվեն այդ հատվածով անցնող ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: «Կարմիր բլուրի դամբարանադաշտը երկար տարիներ գտնվում էր շինարարական աղբի տակ, եւ երկու տարի առաջ մենք հայտնաբերեցինք այն: Պատկերացում չունեինք, որ այնտեղ կարող են գտնվել մի քանի հարյուր դամբարաններ»,-ասել է «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Կարմիր բլուր հնավայրում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը:

 

ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՖԻԼՄԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Մոխրագույնի 50 երանգները» սկանդալային ֆիլմն արդեն հայկական կինոթատրոնների էկրաններին է: Փետրվարի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորը Սեմ Թեյլոր Ջոնսոնն է: Է.Լ.Ջեյմսի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմում հանդես են գալիս դերասաններ Ջեյմի Դորնանը եւ Դակոտա Ջոնսոնը: Որոշ վայրերում անչափահասներին չի թույլատրվելու դիտել ֆիլմը, քանի որ այն պարունակում է էրոտիկ բնույթի տեսարաններ: Մի քանի երկրներում այն արդեն սկանդալների առիթ է տվել, եւ արգելվել է դրա ցուցադրությունը: Նշենք, որ «Մոխրագույնի 50 երանգները» պատմում է մեծահարուստ Քրիստիան Գրեյի եւ ուսանողուհի Անաստասիա Սթիլի հարաբերությունների մասին:

 

ՋՈԼԻՆ ԱՊՇԵՑՐԵԼ Է
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին օրերս երկրպագուներին լուրջ անհանգստության առիթ է տվել: Վերջիններս շոկի են ենթարկվել աստղի անառողջ արտաքինից: Այս խոսակցությունները տարածում են գտել Ջոլիի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հանդիպումից հետո: Դերասանուհու քաշի կտրուկ անկումն ու հյուծված տեսքը նկատել են ոչ միայն երկրպագուներն ու լրագրողները, այլեւ նրա մտերիմները: Նրա ամուսինը՝ դերասան Բրեդ Փիթը, կնոջ տեսքը պայմանավորել է վերջինիս լարված գրաֆիկով:




Լրահոս