ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ parliament.am-ի

Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ են հյուրընկալվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանները: Գալուստ Սահակյանը նշել էր, որ այսօր ոլորտի խնդիրները մշտապես գտնվում են խորհրդարանի ուշադրության կենտրոնում: Հանդիպման ժամանակ Գալուստ Սահակյանն արվեստի բնագավառում ունեցած վաստակի եւ երկարամյա մասնագիտական գործունեության համար ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանին եւ թատրոնի դերասան Արթուր Կարապետյանին: Հիշեցնենք, որ Ա. Դեղտրիկյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի ամուսինն է:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ցանկանում եմ բանկում ավանդ ներդնել, սակայն որոշ բանկեր ինչ-ինչ պահանջներ են առաջ քաշում: Կոնկրետ «Անելիք» բանկը ավանդ ներդնելու համար ինձանից ԱՄՆ-ի հետ կապ չունենալու հավաստումներ է պահանջում: ԱՄՆ-ի հետ կապված գրին քարտ, ԱՄՆ քաղաքացիություն, կացության կարգավիճակ չունեմ: Կխնդրեի պարզաբանել՝ եթե ես ցանկանում եմ ավանդ ներդնել, արդյո՞ք բանկն իրավունք ունի նման պահանջներ դնելու:

Մարինա Հակոբյան (45 տարեկան, լեզվաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու կողմից բանկում ավանդի ներգրավման մասին պայմանագիրն իր բնույթով հրապարակային պայմանագիր է: Ի՞նչ է դա նշանակում: Հրապարակային պայմանագրերը առեւտրային կազմակերպության կնքած պայմանագրերն են, որոնք այդ կազմակերպությունն իր գործունեության բնույթով պետք է իրականացնի յուրաքանչյուրի նկատմամբ, ով կդիմի իրեն: Տվյալ դեպքում կարեւոր է, որ պայմանագրի բոլոր պայմանները պետք է լինեն միատեսակ բոլոր հաճախորդների համար: Իսկ ավանդների ներգրավման բոլոր պայմանների վերաբերյալ յուրաքանչյուր բանկ պարտավոր է հաստատել տեղեկատվական ամփոփագիր եւ հրապարակել դա իր պաշտոնական ինտերնետային կայքում կամ տրամադրել դա պահանջողներին: Այսինքն՝ եթե Ձեզ առաջադրված պահանջները սահմանված չեն պարտադիր բոլոր հաճախորդների համար եւ հրապարակված չեն, ապա դրանք անհիմն են, իսկ եթե այդպիսի պայմանները հաստատված են որպես ավանդային պայմանագրի կնքման նախապայման, ապա Հաշտարարը դրանց գնահատական կարող է տալ միայն քննվող պահանջի շրջանակներում: (Իրավական հիմք՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 902-րդ հոդված, 442-րդ հոդված, «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի 4-րդ եւ 5-րդ հոդվածներ, ՀՀ ԿԲ հաստատած «Բանկի եւ ավանդատուի, կրեդիտավորողի եւ սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձեւերը եւ նվազագույն պահանջների մասին» Կանոնակարգ 8/05):

Ֆինանսական հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թե ինչ նպատակ է հետապնդում բանկային նման քաղաքականությունը` պարզ չէ: Սակայն փաստը է, որ քաղաքացիներին մատուցվող բանկային ծառայությունները, այդ թվում եւ վարկերի կամ ավանդների տեսքով, տարեցտարի ավելի դյուրանալու փոխարեն, հակառակ միտումն ունեն:

 

 

 

 
ՀԱՐՑ. Թոշակառու եմ: Ստանում եմ 40.000 դրամ աշխատավարձ: Թոշակի անցնելուց մի քանի տարի հետո 3-րդ կարգի հաշմանդամ եմ դարձել: Կխնդրեի պարզաբանել՝ արդյոք հաշմանդամության կարգ ձեռք բերելուց հետո թոշակը չպե՞տք է ավելանա, եւ եթե այո, ապա որքանո՞վ:

Հովհաննես Սահակյան (35 տարեկան, երկրաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է: Կենսաթոշակի աշխատանքային մասն աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի եւ կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի հաշվարկում հիմնական կենսաթոշակը ներառվում էր 1-ին, 2-րդ եւ 3-րդ խմբերի համար համապատասխանաբար` 140%-ով, 120%-ով, 100%-ով:
Ելնելով վերոգրյալից` 3-րդ խմբի հաշմանդամություն ստանալուց հետո Ձեր կենսաթոշակի չափը չէր փոփոխվի:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2015թ. ծերության, հաշմանդամության նպաստառուների թիվը 62.760 է: Կանխատեսվում էր 2015թ. հաշմանդամության եւ ծերության միջին կենսաթոշակի չափը հասցնել 17.760: Սակայն արդյո՞ք տվյալ գումարով հնարավոր է հոգալ ծերության կամ հաշմանդամության կարիքները, այն էլ մի երկրում, որտեղ օրեցօր թանկացումներ են գրանցվում թե՛ դեղերի շուկայում, թե՛ սննդամթերքի, ինչն, իհարկե, հասարակության տվյալ շերտին սովի է մատնում:




Լրահոս