Այլեւս ակնհայտ է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Աժ պատգամավորի մանդատից զրկելու խնդիրը հաշված օրերի հարց է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշել է վերանայել ԱԺ նիստերից ԲՀԿ առաջնորդի բացակայությունները հարգելի ճանաչելու մասին նախկինում կայացրած իր որոշումը, եւ այս ծրագիրն իրագործելու համար նրան պակասում է ԲՀԿ-ի պատասխանն իր գրությանը: Կիրակի օրը ոչ իշխանական եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» առաջնորդները որոշեցին փետրվարի 20-ին հանրահավաք հրավիրել: Ի դեպ, նրանց կիրակնօրյա հանդիպումն այս անգամ տեղի էր ունեցել Գագիկ Ծառուկյանի դղյակում: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ծառուկյանից պահանջել է հստակ հայտարարություն անել եւ երաշխիքներ տալ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ առնչություն չունի՝ խոստանալով, որ միայն այդ դեպքում նա լիարժեք կերպով կսատարի ԲՀԿ առաջնորդին: Սակայն նման հայտարարությունը դեռ չի եղել: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ծառուկյանը վերջին օրերին Առինջի բարձունքում գտնվող իր դղյակը չի լքում, իսկ տան անվտանգությունն էլ մի քանի անգամ ուժեղացվել է: Ծառուկյանը եւ նրա շրջապատը լուրջ մտավախություն ունեն, որ տանից դուրս գալու դեպքում Սերժ Սարգսյանն ինչ-որ պատրվակով կիրագործի իր սպառնալիքը եւ կկալանավորի ԲՀԿ առաջնորդին: Չի բացառվում նաեւ, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ծառուկյանը կմեկնի արտերկիր եւ կվերադառնա փետրվարի 20-ի հանրահավաքի մեկնարկից անմիջապես առաջ:
Երբ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանն անակնկալ քննադատություններով վիրավորեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, գրեթե բոլոր շրջանակներում փորձում են հասկանալ, թե ինչն էր դրա պատճառը: Ինչի՞ց հետո նա որոշեց Գագիկ Ծառուկյանին այլեւս չհանդուրժել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդը փետրվարի 9-ից 10-ը Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ պաշտոնյաների հետ զրուցելիս իրեն թույլ է տվել Սերժ Սարգսյանի հասցեին շատ կոպիտ, ընդհուպ հայհոյանքի հասնող արտահայտություններ անել, ասել է նաեւ, որ նա թուլամորթ ղեկավար է: Այս ամենի մասին անմիջապես հայտնել են Սերժ Սարգսյանին, ով կտրուկ որոշել է, որ այլեւս չի կարելի հանդուրժել Ծառուկյանին՝ որպես քաղաքական գործիչ: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, սակայն, հերքեց այս լուրերը: Բայց «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ վերջին օրերին անգամ Ծառուկյանի արտերկրյա գործընկերները եւ ռուսաստանաբնակ հայ օլիգարխներն են փորձել համոզել Սարգսյանին, որպեսզի ների ԲՀԿ առաջնորդին եւ դադարեցնի սկսված ճնշումները: Սակայն նա առայժմ չի նահանջում:
Երեկ՝ ուշ երեկոյան, ԲՀԿ-ի կողմից ֆինանսավորվող կայքերը սկսեցին հաղորդել կուսակցության տարածքային կառույցների ղեկավարների եւ ակտիվիստների մասսայական ձերբակալությունների մասին: Նշվում էր, որ ԲՀԿ-ի տարածքային կառույցների ղեկավարներին ոստիկանները մասսայաբար բերման են ենթարկում ոստիկանության բաժիններ: Մասնավորապես, ըստ լրահոսի, երեկ նման ահազանգեր են եղել Արմավիրից, Արաբկիրից, Ապարանից, Թալինից եւ Շենգավիթից: Իհարկե, այս ցանկն ամբողջական չէ, քանի որ ԲՀԿ-ական պատգամավորները լրագրողներին ասել են, որ ամեն քսան րոպեն մեկ տարածքային կառույցներից ահազանգ են ստանում կառույցի ղեկավարին կամ ակտիվիստներին բերման ենթարկելու մասին: Իսկ ավելի ուշ էլ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շրջափակել են Կոտայքի մարզի Առինջ գյուղի մուտքերը եւ հիմնականում ստուգում են 8-երով համարանիշներով ծառուկյանական ավտոմեքենաները:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը 2015 թվականի անցած մեկուկես ամսվա կտրվածքով հրապարակած վճարումների համաձայն՝ միայն կոմունալ վճարների համար հատկացրել է 153 միլիոն 792 հազար 800 դրամ գումար: Մասնավորապես, գազի դիմաց վճարման մի պարտավորության չափը կազմում է 52 միլիոն 87 հազար դրամ, իսկ էլեկտրաէներգիայի վճարման պարտավորություններից մեկի գումարը 36 միլիոն 348 հազար դրամ է: Իսկ ֆիքսված հեռախոսակապի դիմաց վճարումների երկու պարտավորագրերով դատախազությունը «ԱրմենՏել» ընկերությանը պետք է վճարի ավելի քան 58 միլիոն դրամ գումար: Ի դեպ, ՀՀ դատախազությունն իր ծառայողական ավտոմեքենաների ապահովագրության համար 3 միլիոն 283 հազար դրամ կվճարի «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությանը: Նշված գումարով պետք է ապահովագրվեն դատախազության թվով 92 ծառայողական ավտոմեքենաները:
ՊԱՀԻ ԹԵ ՀԱՇՎԱՐԿԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ
Սերժ Սարգսյանը շատերի համար անսպասելիորեն երեկ դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին` տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:
Այն, որ նա պատրաստվում էր ապրիլի 24-ից առաջ նման քայլ կատարել, ենթադրելի էր, առավել եւս, որ ինչպես Գ. Սահակյանին ուղղված նամակում հենց ինքն է հիշեցնում` Սերժ Սարգսյանը խոսել էր թուրքերին տրված ժամանակի անսպառ չլինելու մասին դեռեւս անցած սեպտեմբերի վերջին` ՄԱԿ-ի գագաթաժողովում: Սակայն նա արձանագրությունները հետ կանչելու որոշումը չկայացրեց ոչ Էրդողանի` Գալիպոլիի հարյուրամյակի ցինիկ հրավերքից, ո՛չ դրան հետեւած պատասխանից, ո՛չ էլ անգամ Ցեղասպանության մասին համահայկական հռչակագրի ընդունումից հետո: Ասել է թե` այդ կարեւոր քաղաքական որոշումը կայացնելու համար վերջին շրջանի բոլոր ինֆորմացիոն առիթները թողած` Ս. Սարգսյանը որոշեց արձանագրությունները հետ կանչել հենց երեկ` ներքաղաքական բարդագույն այս իրավիճակում:
Հարց է առաջանում` ինչո՞ւ: Իհարկե, առաջին պատասխանը, որը կարող է հնչել, ՀՅԴ-ի համակրանքը հենց այս լարված փուլում ստանալու մղումն է: Ի վերջո, չմոռանանք, որ Դաշնակցությունը տեւական ժամանակ է, ինչ պահանջում է ոչ միայն արձանագրությունները հետ կանչել Աժ-ից, այլեւ, առհասարակ, հետ վերցնել ՀՀ ստորագրությունն այդ փաստաթղթերի տակից: Սա, ի դեպ, սահմանադրական բարեփոխումների հետ միասին հանդիսանում է ՀՅԴ-ի առաջարկած հայտնի 7 կետերից թերեւս ամենասկզբունքայինը Դաշնակցության համար: Ի վերջո, չմոռանանք, որ ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս եկավ հենց հայ-թուրքական այս գործընթացի պատճառով, ուստի դադարեցնելով այն` Սերժ Սարգսյանը, փաստորեն, վերացնում է նաեւ ՀՅԴ-ի հետ կրկին կոալիցիա կազմելու արգելքը:
Սակայն արձանագրությունները հենց հիմա Աժ-ից հետ կանչելու Սարգսյանի որոշումը, բացի ներքաղաքականից, կարող է եւ, ըստ ամենայնի, ունի նաեւ արտաքին քաղաքական դրդապատճառ, որը, ինչպես եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ինքնին, հանգում է Ղարաբաղի ճակատագրի շուրջ ընթացող առայժմ ոչ այնքան տեսանելի, սակայն խիստ վտանգավոր աշխարհաքաղաքական զարգացումներին:
Ու թեեւ Գագիկ Ծառուկյանի մականվան հրապարակային հիշեցումից հետո հայ հանրությունը կարծես թե իսպառ մոռացել է, որ գոյություն ունի պատերազմի վտանգ, դրանից Ղարաբաղի շուրջ մտահոգիչ զարգացումները ոչ միայն չեն նվազում, այլեւ էլ ավելի ինտենսիվ բնույթ են ստանում: Համենայն դեպս, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի` Բաքու կատարելիք այցի նախօրեին երեք շրջանների վերադարձի մասին խոսակցություններն ու Թուրքիայի հետ ՀՀ հարաբերությունների վերջնական հստակեցումը հենց դրա մասին են խոսում: