ԲՀԿ-Ի ԴԵՄ ԱՐՇԱՎԸ ՍԿՍՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության խորհրդի նիստի ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հասցեագրելով նաեւ քրեական հանցագործության մեղադրանքներ:

Ըստ Սերժ Սարգսյանի. «Շարունակում են օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործությունները պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: Ես հրավիրելու եմ անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի՝ ինչպես վարվել նման լուրերի հետ: Վերջում ասեմ, որ խոսքս ամբողջությամբ Գագիկ Ծառուկյան քաղաքական կամ կեղծ քաղաքական երեւույթի մասին էր»:
Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի քրեական հանցագործությունները պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմի մասին խոսում հիմա, ինչ նկատի ունի նա: «Ժողովուրդ»-ը փորփրեց անցյալում Ծառուկյանի անվանն առնչվող քրեածին երեւույթների մասին եղած հրապարակումները՝ հասկանալու համար, թե ինչի մասին էր ակնարկում Սարգսյանը:

Գաղտնալսումների վաճառք
Դեռեւս 2010թ. հրապարակվեց, որ ԱԱԾ պետի առաջին տեղակալ Հրաչյա Հարությունյանին (Կրակեմ Հրաչ) համակարգից հեռացնելուց հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել: ԱԱԾ-ի ներսի խառնաշփոթը սկսվել էր նրանից, երբ Սերժ Սարգսյանը Ռոստովում ինչ-որ մարդկանց էր հանդիպել, որտեղ նրան ասել էին, որ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները եւ մյուս ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ հեռախոսային վերծանումներ են վաճառել ինչ-որ օլիգարխների կամ այլ՝ «փող տվող» մարդկանց: Դեռ 3 տարի առաջ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն օպերատիվ գործողությունների անվան տակ գաղտնալսել էին նաեւ այնպիսի մարդկանց հեռախոսահամարներ, որոնց տեղաշարժերն ու խոսակցությունները հետաքրքրել էին կոնկրետ մարդկանց: Այսինքն՝ փողատերերը գումար էին վճարել եւ գնել իրենց հետաքրքրող մարդկանց մասին տեղեկություններ, այդ թվում եւ՝ գաղտնալսումների տեսքով: Ու այս ֆոնին ամենեւին էլ պատահական չէր, որ 2008թ. մարտի 1-ին ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը հրապարակավ հայտարարեց, որ իրենք լսել են Ալիկ Արզումանյանի եւ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցները: Հիշեցնենք, որ 2007թ. «Մարկո պոլո» սրճարանում գաղտնալսվեց ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, երբ իր «սիրտը բացել էր» Մեծ Բրիտանիայի Թագավորության դեսպանության ներկայացուցչի առջեւ՝ բողոքելով Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից:

Օլիգարխն ու «ԿԳԲ-ի» նկուղը
Այս պատմությունից երեք տարի անց «Հայկական ժամանակը» գրել էր, որ 2013թ. տեղեկություններ տարածվեցին, որ ԱԱԾ-ից դուրս գործող գաղտնալսումներ իրականացնող մարմին է հայտնաբերվել, որի հետեւում կանգնած է մի այլընտրանքային խոշոր օլիգարխ: Նույն աղբյուրները հայտնում էին, որ այս գործի շրջանակներում նույնիսկ երեք հոգի պահվում էին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԿԳԲ-ի պադվալում): Նրանցից ցուցմունքներ էին վերցված, սակայն քրեական գործ պաշտոնապես հարուցված չէր եւ որեւէ ձեւով արձանագրված չէր, որ վերոնշյալ երեք հոգին գտնվում են ԱԱԾ-ում:
Ավելի ուշ՝ 2013թ. սեպտեմբերի 7-ին, «Հայկական ժամանակը» գրել էր, որ ԱԱԾ-ից դուրս գործող գաղտնալսումներ իրականացնող մարմնի հետեւում կանգնած է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ավելին՝ նախագահական ընտրություններից առաջ էլ տեղեկություններ հրապարակվեցին, որ Գ. Ծառուկյանն իր խնամի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ նման մի հզոր համակարգ է ստեղծել՝ գաղտնալսելու քաղաքական դաշտի հեռախոսային ու ինտերնետային հաղորդակցությունները:

Ակնարկն ու հետեւանքները
Արդյո՞ք փետրվարի 12-ի ելույթում Սերժ Սարգսյանը գաղտնալսող սարքերի այս պատմությունները նկատի ուներ, երբ խոսում էր Գագիկ Ծառուկյանի քրեական հանցագործությունների մասին, դժվար է ասել: Բայց փաստ է, որ Ծառուկյանի թիմակիցների մեջ այս օրերին քրեական հանցագործներ գտնելու մեծ օպերացիա է իրականացվում:

Օպերացիա 1
Ամեն ինչ կարծես թե սկսվեց փետրվարի 7-ին ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծի գործով: Բանն այն է, որ ակտիվիստին ծեծելուց հետո կատարվածը փորձում են կոտրել ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի գլխին: Դեպքից մեկ շաբաթ անց Երեւան քաղաքի քրեական հետախուզությունը զննություն իրականացրեց «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ում, որը պատկանում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանին: Երեկ էլ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին` Արթուր Մանուկյանը (Մարաշցի Արթուր), նույն՝ Արտակ Խաչատրյանի ծեծի գործով հրավիրվել է ոստիկանության Կենտրոնի բաժին` հարցաքննության: Երեկ նա մեկնեց Հայաստանից Մոսկվա, թերեւս մինչ վտանգն անցնի:

Օպերացիա 2
Տեղեկություններ էին տարածվել, որ Գագիկ Ծառուկյանն իր տարածքները հսկող ՊՊՎ աշխատակիցների շարքը համալրել է յուրայիններով, որոնց լրացուցիչ խրախուսում է: Ուստի ոստիկանությունը բարեփոխումների անվան տակ փետրվարի 14-ին ստուգել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ու նրա օբյեկտները հսկող թիկնազորին եւ մոտ 200 հոգի ազատել աշխատանքից: Չի բացառվում, որ ոստիկանությունը թարմացնելով ԲՀԿ առաջնորդի օբյեկտները պահպանող ոստիկանների պայմանագրերը՝ ցանկանում է նոր եւ իրեն ցանկալի մարդկանց ուղարկել այնտեղ: Իհարկե, Գագիկ Ծառուկյանը կարող է հրաժարվել ոստիկանության պահպանությունից՝ պայմանագիր կնքելով մասնավոր որեւէ ընկերության հետ, սակայն այստեղ կա մեկ խնդիր: Եթե ոստիկանությունը հսկի ԲՀԿ առաջնորդի օբյեկտները, ապա ոստիկանները պահպանությունը կարող են իրականացնել՝ մարտական զենք կրելով, ինչը մասնավոր ընկերությունների կողմից պահպանության դեպքում անթույլատրելի է:

Օպերացիա 3
Երեկ հերթը հասավ նաեւ Վարդան Օսկանյանի որդուն: Ճանապարհային ոստիկանները «Շանգրի Լա» խաղատան մոտից տուգանային հրապարակ են տեղափոխել ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի որդու` Արա Օսկանյանի Toyota Camry մակնիշի 17 ՕՏ 007 համարանիշի ավտոմեքենան: Նշանակում է՝ թիրախի տակ են պահում նրան, որը նախկինում էլ թմրանյութ պահելու կասկածանքով էր ոստիկանություն տարվել:

Օպերացիա 4
Երեկ խոսվում էր, որ Գագիկ Ծառուկյանի ամենահավատարիմ ու ամենամտերիմ մարդուն՝ թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին՝ Էդոյին, կձերբակալեն: Թե ինչ մեղադրանքով, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Բայց փաստ է, որ ՀՀԿ-ն ամեն կերպ փորձում է Ծառուկյանի «թեւերը կտրել»: Իսկ Էդոն Գագիկ Ծառուկյանի ամենաինֆորմացված եւ հավատարիմ մարդկանցից մեկն է, ասել է թե՝ հիմնական հենարանը:

Օպերացիա 5
Երեկ՝ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները շրջափակել եւ մտել են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տուն, խուզարկություն անցկացրել եւ պահանջել Գասպարյանից, որ որդին ներկայանա Երեւանի քննչական վարչություն: Հիշեցնենք, որ Գասպարյանի որդին մարդ առեւանգելու համար ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել:
Թե ինչ ավարտ կունենա այս արշավը, դժվար է ասել: Բայց որ տհաճ ու իրավականի անվան տակ քաղաքական ճնշումներ են իրականացվում, դա փաստ է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՍՊԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանին: ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանը կալանավորվել է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:
Դասակի հրամանատարի կալանավորումը կապված է հունվարի 29-ին տեղի ունեցած սպանության հետ, երբ ինստիտուտի 4 կուրսանտները դաժանորեն սպանել էին ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ավետիսյանը, ականատես լինելով իր ենթակա անձնակազմի կուրսանտներ Հայկազ Բարսեղյանի եւ Ա. Մարտիրոսյանի վիճաբանությանը, փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումներին, միջոցներ չի ձեռնարկել` վիճաբանությունը կանխելու ուղղությամբ, չի պարզել դրդապատճառները եւ չի զեկուցել ըստ ենթակայության, որով էական վնաս է հասցրել զինվորական ծառայության շահերին:

 

 

ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԽԼԵՑ ԿՅԱՆՔԸ
Երեկ գործարար, շինարար Համլետ Ամիրխանյանն ինքնասպան է եղել: Չնայած դեռ հայտնի չէ, թե ինչու է նա այդ քայլին գնացել, այնուամենայնիվ, հավանական է, որ պատճառը միլիոնների հասնող կուտակած պարտքերն են:
Տեղեկացնենք, որ Համլետ Ամիրխանյանն ինքնասպան է եղել փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը, հրազենի միջոցով, իր ամառանոցում:
Ո՞վ է Համլետ Ամիրխանյանը: Նա մայրաքաղաք Երեւանի «ամենայուղոտ» հատվածներում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում: Այնքան էր խորացել այդ բիզնեսի մեջ, որ մի շենքը չավարտած, մյուս տարածքն էր վեցնում՝ Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենցի, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց, շքեղ հյուրանոցային համալիրը եւ այլ շինություններ նրան են պատկանում: Սակայն վերջին շրջանում Ամիրխանյանի ագահությունը բերեց սնանկության:
Մարդիկ բնակարաններ են գնել Ամիրխանյանից, որոնց գումարները նա ոչ թե ներդրել է նորակառույց շենքն ավարտելու համար, այլ նոր շենքերի հիմքեր է գցել, իսկ մարդիկ տարիներ շարունակ չունեն իրենց գնած տան վկայականները: Նույնիսկ շատերի բնակարաններն էր գրավադրել բանկում, գումար վերցրել:
Ու քանի որ էլիտար շենքերում բնակարան գնելու հնարավորություն բոլորը չէ, որ ունեն, ուստի կարելի է պատկերացնել, թե ինչ կալիբրի գնորդներ ուներ Ամիրխանյանը: «Ժողովուրդ»-ը դեռեւս 2014թ. օգոստոսի 19-ին գրել էր, որ Սայաթ-Նովա 40 հասցեում բնակարաններ են գնել, օրինակ, Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ ու պատգամավորներ:
Դեռ նախորդ տարվա օգոստոսին «Ժողովուրդ»-ը զրուցել էր Ամիրխանյանի հետ՝ պարզելու, թե երբ է պատրաստվում մարդկանց բնակարանները հանել արգելանքից, նա պատասխանել էր. «15 օրվա ընթացքում: Ժամանակավոր խնդիր է: Հեսա իրենց վկայականները տալիս ենք: Այդ հողը, որի վրա շինարարությունը սկսել ենք, բանկի տակ էր, պետք է հանենք»:
Սակայն ո՛չ հողը արգելանքից հանեց, ո՛չ էլ մարդկանց բնակարանները: Ու այսօր շատ քաղաքացիներ կանգնած են իրենց տունը կորցնելու վտանգի առջեւ: Կարգավիճակ չունեն անգամ էլիտարի առաջին հարկում գտնվող խանութները, ընկերությունները:
Եւ, ահա, թերեւս պարտքատերերից գլուխն ազատելու համար նա որոշեց ինքնասպան լինել: Իսկ թե ով պետք է պատասխան տա Ամիրխանյանի ընկերության կողմից, արդեն իսկ կարելի է ասել, խաբված քաղաքացիներին, դժվար է ասել: Տուժածներից շատերը պատրաստվում են դիմել ՀՀ Կառավարությանը՝ խնդրին լուծում տալու ակնկալիքով:
Ի դեպ, «Ամիրխանյան» ՍՊԸ-ին Սայաթ-Նովա 40 շենքն ավարտելու համար ՀՀ Կառավարությունը ժամանակին երաշխավոր է կանգնել եւ տրամադրել 2.5 մլն դոլար: Սակայն նա գումարը նպատակին չի ծառայեցրել՝ փաստի առաջ կանգնեցնելով տուն գնած մարդկանց:




Լրահոս